Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը քաղաքական հայտ է ներկայացնում

Մայիս 27,2003 00:00

Ռուսաստանը քաղաքական հայտ է ներկայացնում Եվ ձգտում է նորից դառնալ գերտերություն Դաշնային ժողովին (խորհրդարանին) ներկայացված ուղերձում, իր իսկ արտահայտությամբ, նախագահ Պուտինը «բավականին ամբիցիոզ» նպատակներ նշեց՝ առաջիկա տասը տարվա ընթացքում կրկնապատկել համախառը ներքին արդյունքը, ուժեղացնել պետությունը եւ բանակը, վերջինս դարձնելով պրոֆեսիոնալ, Ռուսաստանը վերադարձնել զարգացած երկրների առաջին շարք։ Կարճ ասած, Ռուսաստանը նորից ձգտում է գերտերություն դառնալ, ինչին, թվում է՝ սատարում է ռուս ժողովրդի ճնշող մեծամասնությունը։ Նույն օրերին Ռուսաստանը Հնդկաստանի հետ համատեղ ծովային զինավարժություններ անցկացրեց Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսներում։ Զինավարժություններին մասնակցեց նաեւ Ռուսաստանի ռազմավարական ավիացիան, որն իրեն փայլուն դրսեւորեց։ Նշված զորավարժություններն աննախադեպ էին իրենց մասշտաբներով՝ ետխորհրդային Ռուսաստանի համար։ Միաժամանակ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում՝ ԱՄՆ-ի հետ փոքր-ինչ խաթարված հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Հինգշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարար Իվանովը Բուշին հանձնեց Վլադիմիր Պուտինի նամակը, որում վերջինս փաստում է, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը զգալիորեն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան հակասություններ, եւ որ երկու երկրների հարաբերությունները մոտակա ժամանակներում պետք է ակտիվորեն զարգանան։ Ի պատասխան նամակի, Բուշն ասաց, որ անհամբերությամբ սպասում է «իր ընկեր» Պուտինի հետ հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի (ինչպես եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի) կռվախնձորը ԱՄՆ-ի հետ Իրաքյան պատերազմն էր։ Սակայն հիմա այդ հակասությունները կարծես հարթվում են։ Նույն հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քվեարկվեց ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձեւը՝ Իրաքի հարցով։ Այդ փաստաթղթում ԱՄՆ-ը զգալի զիջումներ է անում Ռուսաստանին, Ֆրանսիային եւ Գերմանիային։ Ըստ բանաձեւի՝ Իրաքի վերաբերյալ սանկցիաները պետք է վերացվեն, բայց «Նավթ՝ մթերքի փոխարեն» ծրագիրը դեռ որոշ ժամանակ գործելու է, Իրաք կվերադառնան եւ կշարունակեն իրենց աշխատանքը միջազգային տեսուչները։ Նավթի արտահանումը ղեկավարվելու է ամերիկացիների եւ բրիտանացիների կողմից, սակայն վաճառքից ստացված գումարները կտրվեն Իրաքին, ինչը կվերահսկվի ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի կողմից։ ՌԴ-ն, Ֆրանսիան եւ Գերմանիան դեռ քվեարկությունից առաջ արտահայտվեցին, որ բանաձեւը միանգամայն ընդունելի է եւ կլուծի բազում առաջացած խնդիրներ։ Թվում է, որ վերջապես աշխարհի մեծ պետությունները հաղթահարեցին առաջացած ճգնաժամը, եւ հակաահաբեկչական կոալիցիան նորից միահամուռ է։ Սակայն չարժե հապճեպ վերջնական եզրակացություններ անել։ Հիշենք մի հայտնի անեկդոտ. տանտերը զանգահարում է ընկերոջը եւ ասում. «Սրիկա, երեկ քո գնալուց հետո կնոջս թանկարժեք մատանին անհետացավ»։ «Բայց ես չեմ վերցրել»,- պատասխանում է ընկերը։ «Գիտեմ, որ չես վերցրել,- ասում է տանտերը,- մատանին մենք գտանք, բայց հոգենստվածքը մնացել է»։ Այդպես էլ Իրաքի պատերազմի հարցում՝ կոնֆլիկտը կարծես հարթվել է, բայց հոգենստվածքը կմնա դեռ երկար ժամանակ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել