ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԲԱՑՎԻ Անցած տարվա նոյեմբերից արդեն ավարտվել են Լինսի հիմնադրամի միջոցներով Չարենցի թանգարանի վերանորոգման աշխատանքները, սակայն այն շարունակում է փակ մնալ, ինչը, բնականաբար, պիտի առաջացներ դպրոցների տնօրենների դժգոհությունը։ 9-10-րդ դասարանների գրականության ծրագրով Չարենց են անցնում դպրոցներում ու, քանի որ աշակերտները աչքի չեն ընկնում ընթերցասիրությամբ, ուսուցիչները այդ բացը լրացնում էին թանգարանում կազմակերպված բաց դասերով։ Չարենցի թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւս վկայեց, որ շատ են զանգերն ու այցելությունները, սակայն թանգարանն առայժմ չի կարող այցելուներ ընդունել, քանի որ էքսպոզիցիան պատրաստ չէ։ Այն վերականգնելու եւ թանգարանում իրականացվելիք որոշ աշխատանքների համար անհրաժեշտ է 37.000 դոլար գումար եւ եւս երկու ամիս՝ թանգարանը վերջնական տեսքի բերելու համար։ «Որպեսզի թանգարանը աշխուժանա եւ էքսպոզիցիա չլինելու բացն էլ լրացնենք, առայժմ կազմակերպում ենք ցուցահանդեսներ, միջոցառումներ, որովհետեւ շատ են բողոքները, թե ինչու են մեր դռները փակ։ Մայիսի 29-ին եւս ցուցահանդես կբացվի։ Հիմնականում ներկայացնում ենք մեր գեղանկարիչների աշխատանքները, նշել ենք նաեւ Թանգարանների միջազգային օրը, կազմակերպել «Միստիկան եւ Չարենցը» միջոցառումը, բանաստեղծուհի Ռուզան Ասատրյանի «Շուշի» վիպերգի շնորհանդեսը։ Սակայն, ինքներդ էլ հասկանում եք, որ այս ամենը քիչ է, որովհետեւ էքսպոզիցիայի բացակայությունը հավասար է թանգարանի չլինելուն»,- կարծում է Լ. Հակոբյանը։ Նա տեղեկացրեց, որ թանգարանի տնօրինությունը գրություն է ստացել Լինսի հիմնադրամից՝ նախահաշիվ կազմելու վերաբերյալ, ինչի հիման վրա կազմվել է այն։ Նախահաշիվը արժանացել է նաեւ մշակույթի նախարարության հավանությանը։ «Ճիշտ է, թանգարանի վերանորոգումը ավարտվել է նոյեմբերին, բայց մերի տիպի՝ մեմորիալ թանգարանները չեն կարող պատկերասրահի նման վերանորոգումից անմիջապես հետո բացվել, որովհետեւ նրանք գիտական էքսպոզիցիայի խնդիր ունեն։ Նույն պրոբլեմը ծառացել է նաեւ Թումանյանի թանգարանի կոլեկտիվի առջեւ։ Նախ, մեր ցուցադրության մի մասը պատերի վրա էր արված, որոնք հիմա ապամոնտաժվել են, մի մասն էլ վնասվել է, իսկ վերականգնելն արդեն անհնար է։ Մարդիկ, ովքեր զբաղվում էին թանգարանների վերանորոգմամբ, նախագծողները եւս, ցավոք, տեղյակ չէին շատ նրբությունների, որովհետեւ իրենց բուն նպատակը վերանորոգումն էր»,- ասում է թանգարանի տնօրենը։ Այսօր նրա միակ ցանկությունը անհրաժեշտ գումարի արագ հատկացումն է, որպեսզի գոնե գալիք ուսումնական տարվա սկզբին դպրոցականները կարողանան այցելել թանգարան. «Մի քանի օր առաջ էլ Վարդենիսից էին ավտոբուսով երեխաներ բերել։ Թանգարանը փակ տեսնելով՝ վարդենիսցի ուսուցչուհին համարյա լաց էր լինում. ողջ ճանապարհին աշակերտներին տրամադրել էր մեզ մոտ բաց դաս անցկացնելուն եւ Երեւան հասնելուն պես կանգնել փաստի առաջ։ Նման դեպքերից մենք էլ ենք նեղվում, որովհետեւ հրաշալի պատկերացնում ենք, թե ինչքան դժվար ու ծախսատար է շրջանից ավտոբուսով Երեւան հասնելը»։ Լ. Հակոբյանը նաեւ հույս ունի սպասվելիք գումարների հաշվին վերանորոգել անձրեւաջրերից փչանալու ենթակա դուռը եւ առաջին նկուղային մեծ ցուցասրահի քայքայված հատակը։ Թանգարանը գույքի խնդիր էլ ունի։ Դրա ձեռքբերումը եւս կախված է նորին մեծություն ֆինանսից։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ