Ո՞ւր են մեր փողերը Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Պետիկ Գուլգուլյանը պայքարում է, որ ընդգրկվի ջրի վարձավճարները հավաքելու գործում՝ որպես «հասարակության աչք»։ Իրավունք ունի։ Ջուր սպառողների ընկերության (ՋՍԸ) կանոնադրությունը դա չի արգելում, բայց՝ չեն ընդգրկում։ «Բազմիցս դիմել եմ վարչապետին, Ջրային պետական կոմիտեին, հիմա էլ դիմում եմ ձեզ»,- մեզ տեղեկացնում է Պետիկ Գուլգուլյանը։ «Աչք»-ի դերն ինքնանպատակ չէ՝ Գոռավանի բնակիչը համոզված է, որ «2000 թվականից գյուղում ձեւավորվել է ոռոգման համակարգում եղած գումարների յուրացման մեխանիզմ»։ Նրա բերած տեղեկանք-տվյալների համաձայն՝ 400 հա ոռոգվող տարածք ունեցող գյուղում տարեկան պետք է հավաքվեր ամենաքիչը 5 մլն դրամ, բայց հավաքվել է՝ 2000-2001-ին՝ 1,8 մլն, իսկ 2002-ին՝ 741 հազար 800 դրամ։ Պետիկ Գուլգուլյանն անհանգստանում է, որ վարձավճարների գանձումը թերի կատարելու հետեւանքով այդպես էլ չի մաքրվի շուրջ 200 հա տարածքը սպասարկող ջրատարը, եւ կչորանան 100 դոլար գումարով գնված եւ տնկված ծառերը։ Այս ամենի մեղավորն, ըստ մեր բողոքարկուի, Գոռավանի գյուղապետ Մարտիկ Առաքելյանն է, «որի կողմից նշանակվել է Ջուրսպառողների ընկերության կազմն ու հովանավորվել յուրացումները»։ Պ. Գուլգուլյանին շատ ավելի մեծ անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ հիմա էլ «նրան նշանակել են Վեդիում բացված Ջուրսպառողների միավորման նախագահ»։ Ի դեպ, Ջրային տնտեսության պետական կոմիտեից տեղեկացանք, որ «միավորում» կոչվածը Վեդիի Ջրօգտագործողների ընկերությունն է (ՋՕԸ), որի մեջ մտնում են Գոռավանն ու հարակից 11 գյուղերը։ Յուրաքանչյուր գյուղական համայնք ՋՕ ընկերության վարչության խորհրդում ունի իր ներկայացուցիչը։ Այսպիսով, վարչական խորհրդի 12 անդամներն են ընտրել վերոհիշյալ գյուղապետ Մարտիկ Առաքելյանին որպես նախագահ։ Ջրտնտպետկոմը տեղեկացրեց նաեւ, որ ժամանակին բնակիչները կարող էին հեռացնել իրենց ընտրած ՋՍԸ նախագահին կամ դատի տալ՝ իրենց գումարները յուրացնելու համար։ Նախորդ տարիներին արձանագրված գանձումների տարբերությունը, Ջրտնտպետկոմի ճշտմամբ, կապված է նախորդ տարվա անձրեւոտ եղանակների, ըստ այդմ էլ՝ ոռոգման սեզոնը ուշ սկսելու հետ։ «Բայց ընդհանրապես ու այսուհետեւ գյուղացիներն իրենք պետք է տեր կանգնեն իրենց տված գումարներին, քանի որ մենք միայն ջուրը գյուղացուն հասցնելու եւ վաճառելու տերն ենք»,- խորհուրդ տվեցին նույն կոմիտեից։ Ինչ վերաբերում է Պետիկ Գուլգուլյանին ու նրա՝ հասարակական վերահսկիչ դառնալու ցանկությանը, ապա Ջրային տնտեսության «Զարգացման եւ բարեփոխումների» ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը սպասում է մեր բողոքարկուին՝ հավաստիացմամբ, որ նրան հնարավորություն կտա եւ լիազորություններ՝ Գոռավան գյուղի ջրի վարձավճարների գանձման գործառույթը հասարակական հիմունքներով վերահսկելու համար։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ