Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խախտումներ են եղել»

Մայիս 27,2003 00:00

«Խախտումներ են եղել» Բաց նամակ բոլոր կուսակցություններին Մենք՝ «Օրբիտա» գործարանի աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ, որպեսզի օժանդակեք խիստ էական հարցերի լուծմանը։ «Օրբիտան» ունի տարածաշրջանային նշանակության եզակի եւ հեռանկարային տեխնոլոգիա։ Մինչեւ 1998 թ. այն աշխատել է անդադար։ 1998թ. դադարեց գործարանի գործունեությունը երկրի հարկաբյուջետային սխալ քաղաքականության հետեւանքով եւ որոշ նախկին պետական այրերի՝ շուկայական հարաբերություններին անհարիր գործողությունների պատճառով։ Եթե անհրաժեշտ համարեք, կարող ենք ներկայացնել փաստեր։ Չենք ուզում անդրադառնալ գործարանի մասնավորեցման ընթացքում տեղի ունեցած խախտումներին։ Չենք ուզում քննարկել մասնավորեցման տրամաբանության տնտեսական եւ քաղաքական ասպեկտները, երբ բարձր լիկվիդայնության, միլիոնավոր դոլարների արժեքներ պարունակող ձեռնարկության արժեթղթերը վաճառվել են 30 անգամ էժան, քան պետական գույքի կառավարման նախարարության գնահատած արժեքը, որի մեջ նույնիսկ չեն մտել տասնյակ տարիներով կուտակված, այսօր իսկ վաճառքի ենթակա մտավոր սեփականության արժեքները (միայն պահեստներում առկա է մի քանի անգամ ավելի շատ արժեք ունեցող արտադրանք եւ այլ նյութատեխնիկական արժեքներ) եւ այլն։ Կարեւոր ենք համարում անդրադառնալ մեզ համար խիստ էական մյուս խնդրին։ Պարզվեց, որ նոր տերերը ցանկություն չունեն ձեռնարկությունը աշխատեցնել արագ եւ ամբողջությամբ։ Ծրագրված է աշխատեցնել միայն նրա մի հատվածը, այն էլ չգիտենք, թե երբ։ Այն պարագայում, երբ ամենուր եւ ամեն ժամ թմբկահարվում էր, թե ձեռնարկությունը կվերագործարկվի 2003 թ. հունվարից։ Դիմելով ձեզ, խնդրում ենք օժանդակել, սատար կանգնել եւ ձեր գործողություններով ստիպել գործադիր իշխանությանը իրականացնել հետեւյալ քայլերը, որոնք բխում են ՀՀ օրենսդրությունից, տնտեսական զարգացման առողջ տրամաբանությունից եւ բազմահազարանոց կոլեկտիվի շահերից՝ ա) մարել 2000թ. ի վեր աշխատավարձի պարտքերը, բ) փոխհատուցել նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների գումարները, գ) ձեռնարկության փաստացի հարկադիր պարապուրդում գտնվող շուրջ 300 աշխատողների հետ կանչել եւ ձեւակերպել օրենքով ընդունված կարգով, եւ ոչ թե աշխատանքը կորցնելու վախի տակ ստորագրված դիմումներով նստեցնել տանը, որպես իրենց հաշվին արձակուրդում գտնվողների։ Կարծում ենք ճիշտ կլինի, եթե կառավարության եւ գնորդի միջեւ կնքվելիք պայմանագրում տեղ գտնեն հետեւյալ պայմանները։ 1) Որ գոնե առաջիկա 1-2 ամիսների ընթացքում զուգահեռաբար եւ փաստացի վերագործարկվեն տարբեր տարածքների վրա գտնվող երկու ձեռնարկություններն էլ։ 2) Որ ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձերը 1-ին տարում ցածր չեն լինի գոնե 1993-95թթ. միջին աշխատավարձերից, այն է՝ $120, հետագա 3 տարիներին ապահովելով 20-25% աճ, ամեն տարի նախորդի հետ համեմատած։ Հակառակ դեպքում, տարօրինակ է, երբ նախկինում փաստացի ստացված միջին աշխատավարձի դիմաց 1,5-2 անգամ ցածր պարտավորություն ստանձնելը ներկայացվում է որպես սոցիալական վիճակի բարելավում (տես՝ կառավարության առ 24.10.02թ. թիվ 2168-Ա որոշումը)։ 3) Որ աշխատանքի ընդունվելուց ձեռնարկության նախկին աշխատողներին աշխատանքի հրավիրելու առաջնահերթության իրավունք տրվի։ 4) Մտցնել կետ՝ արտադրանքի 80% արտահանման պարտադրությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ այս կետը կար մասնավորեցման հայտում, սակայն այն «մոռացվել» է կառավարության որոշման մեջ։ Փառք Աստծո, որ կառավարությունը աշխարհի միայն 7 երկրներում գոյություն ունեցող ուղղությունը հեռանկարային է համարել հանրապետության համար։ Աշխատավորական կոլեկտիվն, ի դեպ, այդպես էլ չստացավ ընկերության 20% անհատույց մասնավորեցման իր բաժինը, ինչպես համանման շատ այլ ընկերությունների աշխատակիցներ։ Մասնավորեցման ընթացակարգում եւ գնահատման հաշվարկներում գոյություն ունեցող տարբեր խնդիրների բողոքարկումը՝ համապատասխան դատարաններ, հետաձգում ենք, ապավինելով ձեզ, հույս ունենալով, որ անհրաժեշտության դեպքում այդ քայլերը կանենք ձեր օժանդակությամբ եւ համատեղ։ «Օրբիտա» ՓԲԸ աշխատավորական կոլեկտիվի նախաձեռնող խումբ Նամակը տպագրվում է կրճատումներով։ Առաջ քաշված հարցերի շուրջ ակնկալում ենք պարզաբանումներ իրավասու մարմիններից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել