Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ՝ «ԿՈՄԲԻԿՈՐՄԻ» ՀԱՇՎԻՆ

Մայիս 27,2003 00:00

ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ՝ «ԿՈՄԲԻԿՈՐՄԻ» ՀԱՇՎԻՆ Թիվ 18 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Սուրեն Աբրահամյանը դիմելու է ԿԸՀ, դատախազություն՝ պահանջելով բացել որոշ տեղամասերի քվեատուփեր: Ընտրությունների օրը Էրեբունու անխտիր բոլոր ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները դժգոհում էին, թե ընտրություններին մասնակիցների թիվը շատ քիչ է, ու որ ընտրողները նախագահական ընտրություններից հետո պասիվացել ու հիասթափվել են: Չնայած սրան, որոշ տեղամասերում լցոնման փաստերն ակնհայտ են դառնում, երբ ուսումնասիրում ենք ընտրատարածքային հանձնաժողովի տրամադրած՝ ընտրողների մասնակցության ժամանակացույցը: Ս. Աբրահամյանի վստահված անձանց կողմից ներկայացվել են բազմաթիվ արձանագրութուններ, որտեղից պարզ է դառնում, թե ինչպես է ընտրության ավարտից 30 րոպե առաջ էրեբունցիների մոտ արթնացել հայրենիքի հանդեպ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու ցանկությունը: 04/03 ընտրատեղամաս: Ս. Աբրահամյանի վստահված անձ Ահարոնյան – «/…/ քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման փուլում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ, որոնք էապես ազդել են քվեարկության վերջնական արդյունքների վրա: Թվով 63 չսահմանված նմուշ հաշվարկվել է Գեւորգ Հակոբյանի («Կոմբիկորմի Վլադի») օգտին: Սա խախտումների բազմաթիվ շարաններից մեկն է: Ուստի, համաձայն ՀՀ ԸՕ 62-րդ հոդվածի 10-րդ կետի՝ պահանջում եմ ստուգել մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների թիվ 18 ընտրատարածքի 04/03 տեղամասային հանձնաժողովի ամփոփիչ թիվ 1 եւ թիվ 2 արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին»: Ընտրատարածքային հանձնաժողովի տրամադրած՝ մասնակիցների ամփոփիչ ժամանակացույցի համաձայն՝ 04/06 տեղամասում առավոտյան ժ.10:30-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 167 ընտրող, 13:30-ին՝ 370, 16:30-ին՝ 690: Իսկ վերջնական արդյունքների համաձայն՝ այդ տեղամասում «ընտրել» է 1028 էրեբունցի: Այսինքն՝ 30 րոպեում՝ 338 հոգի, ինչը, ինչպես հանձնաժողովի նախագահներն էին ընտրությունների օրը վկայում՝ ֆիզիկապես հնարավոր չէ: 04/06 ընտրատեղամասի Ս. Աբրահամյանի վստահված անձն իր դիմում-բողոքում նույնպես պահանջել է բացել տեղամասի քվեատուփերն ու ստուգել արդյունքները: 04/08 ընտրատեղամաս: Ա. Վարդանյանի, ԱԺՀ դաշինքի, Ս. Աբրահամյանի վստահված անձեր – «/…/ քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի նախագահն ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը սկսել է երեք ու կես ժամ ուշացումով: Այդ ընթացքում քվեատուփերը դրված էին «9 բ»-ի դասասենյակում: Նախագահը վերադարձավ տեղամաս ժ. 23:45-ին, կարգադրեց քվեատուփերը տեղափոխել մեկ այլ՝ չլուսավորված դասասենյակ, որը, հանձնաժողովի անդամները նախագահի բացակայության ընթացքում նախապատրաստել էին քվեաթերթիկները հաշվելու համար: Սակայն այն վատ էր լուսավորված եւ անհասկանալի էր տեղափոխությունը: Մեր բողոքներն այդ կապակցությամբ նախագահը թողեց անպատասխան: Այնուհետեւ նա չհրկիզվող պահարանից հանեց ընտրողների ցուցակները եւ չօգտագործված քվեաթերթիկները: Առանց հաշվելու եւ մարելու՝ չօգտագործված քվեաթերթիկները դրեց սեղանին: Չհաշվեց քվեաթերթիկ ստացած ընտրողների քանակը ցուցակներում, այդ մասին նշումներ չկատարեց մատյանում, բայց քվեատուփերը դատարկեց սեղանին: Մեր բողոքները նա դարձյալ թողեց անհետեւանք: Այդ պահին տեղամասում անջատվեցին լույսերը: Մենք միացրինք լապտերը եւ տեսանք, որ նախագահի տեղակալը պայուսակից, իսկ անդամները՝ այլ տեղերից քվեաթերթիկներ էին լցնում սեղանին: Աղմուկ բարձրացավ, իսկ նախագահը խառնում էր քվեաթերթիկները: Դրանից հետո լույսը միացավ, եւ վստահված անձինք սեղանի տակ հայտնաբերեցին նետված քվեաթերթիկների տրցակներ: Նախագահը՝ հիստերիայի մեջ, խիստ բորբոքված հայտարարեց, որ մի ակնթարթում մեզ դուրս կշպրտի եւ ներս կհրավիրի ոստիկաններին: Վերջիններս, գալով սենյակ, մեզ դուրս հրավիրեցին: Տարան ներքեւի սենյակ ու արձանագրություն կազմեցին վերցրած քվեաթերթիկների վերաբերյալ: Քվեաթերթիկները քվեարկված էին համամասնականով՝ ՀՀԿ-ի օգտին, իսկ մեծամասնականով՝ Գ.Հակոբյանի: Այդ ընթացքում եկան ԵԱՀԿ դիտորդներն ու հանձնաժողովի անդամները: Մեր հաշվարկներով, այդ տեղամասում մասնակցել էր 429 ընտրող: Այդ թիվը ֆիքսված էր նաեւ այլ կուսակցությունների վստահված անձանց մոտ: Այդ տեղամասում արդյունքների ամփոփումը կատարվեց ԸՕ կոպիտ խախտումներով եւ վստահված անձանց իրավունքների խայտառակ սահմանափակմամբ, եւ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ վերջնական արդյունքների ամփոփման համար»: Նույն տեղամասից ԿԸՀ դիմում-բողոք են ներկայացրել նաեւ հանձնաժողովի «ԱՄ», «Արդարություն» դաշինքի անդամներն ու 2 վստահված անձ՝ արձանագրելով. «Հանձնաժողովի նախագահ Ն. Վարդանյանը վերցրեց 0109 համարանիշով կնիքը, դրեց իր պայուսակը, այնուհետեւ չօգտագործված քվեաթերթիկները դրեց չհրկիզվող պահարանում, կնքված քվեաթերթիկները դրեց «9 բ»-ի դասասենյակում՝ առանց հսկողության: Այնուհետեւ հայտարարեց, թե գնում են հանգստանալու: Ինքն ու տեղակալը լքեցին տեղամասը մինչեւ ժ.23:45-ը»: 04/09 տեղամասից Ս.Աբրահամյանի վստահված անձն իր արձանագրության մեջ գրել է, որ իրեն ժ.17:00-ին հեռացրել են տեղամասից: Հանձնաժողովի անդամ Մ. Շիրվանյանը «քաշքշել ու հրմշտել» է իրեն, «Արդարության» ու «ԱՄ»-ի վստահված անձանց: Ս.Աբրահամյանի վստահված անձ Ռեւազյանն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները տեղամասից բացակայել են ժամը 2-ից մինչեւ 5:00-ն: Այս տեղամասում նույնպես ժ.19:30-20:00-ը գրանցվել է ընտրողների ռեկորդային հոսք. 30 րոպեում քվեարկության է մասնակցել 963 քաղաքացի: Գրեթե նույն պատկերն է 04/13 տեղամասում: 19:30-ից մինչեւ ընտրությունների ավարտն այս ընտրատարածք Գ. Հակոբյանին ընտրելու է շտապել 1338 էրեբունցի: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել