Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԷԼԻ ԴԺԳՈՀ ԵՆ

Մայիս 27,2003 00:00

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԷԼԻ ԴԺԳՈՀ ԵՆ Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն ու Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունները երեկ հրապարակեցին դարձյալ համատեղ հայտարարություն՝ որքան էլ Հայաստանի իշխանավորները նեղսրտում էին այս գործընթացներում ԵԱՀԿ գործուն դերակատարությունից: Արձանագրելով նախագահի ընտրության համեմատ որոշակի բարելավում (որպես այդպիսին, ասենք, նշվեց Հանրային հեռուստաընկերության կողմից քարոզարշավի հավասարակշռված լուսաբանումը)՝ եվրոպական դիտորդներն ԱԺ ընտրությունների վերաբերյալ էլ հայտարարեցին, թե դրանք «հիմնական առումներով չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»: ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրիի գնահատականն էր. «Սա քայլ էր ճիշտ ուղղությամբ, բայց Հայաստանը դեռ տեղ չի հասել»: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ջովաննի Քեսլերն ասաց, թե արձանագրել են լուրջ թերություններ, բռնությունների եւ սպառնալիքների դեպքեր. «Մենք բոլորս դեռ ցնցված ենք այն ողբերգական դեպքով, որ կատարվեց Շահումյան գյուղում, որին ներկա էին նաեւ մեր դիտորդները»: Դիտորդներն այս առնչությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում են, թե այն «լրջորեն ստվերեց խաղաղ անցած ընտրությունների օրը»: Համատեղ եզրակացության մեջ քննադատությունը հիմնականում վերաբերում է ոչ այնքան քվեարկության, որքան ձայների հաշվարկի գործընթացում առկա խնդիրներին: ԿԸՀ նախագահ Սահրադյանն այս առնչությամբ հայտնեց, թե իրենց ստացած բողոքների մեծ մասը վերաբերում է քվեարկության ընթացքում թույլ տրված խախտումներին, եւ ոչ ձայների հաշվարկին: ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնը կատարված լուրջ խախտումների առնչությամբ ասաց. «Հուսով եմ, որ այն մարդիկ, որոնք պատասխանատու էին այդ դեպքերի համար, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության: Եվ չի լինի վերադարձ ակնհայտ անպատժելիության այն մթնոլորտին, որը, վախենամ թե՝ զարգացել է նախորդ՝ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ չնայած այն խախտումներին, որ նշել էինք մենք՝ ԵԱՀԿ-ն եւ միջազգային այլ դիտորդները, մինչեւ հիմա, ինչքան գիտեմ, դեռ ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության: Սա շա՛տ վատ է, պարզապես վա՛տ»: Ռոբերտ Բերրին առավել հանգամանալից անդրադարձավ ընտրախախտումներին. «Բացասական առումով զարմանալի էր այն խախտումների քանակը, որ ձայների հաշվարկի ընթացքում դիտարկվեց մեր դիտորդների կողմից, երբ նրանք ներկա էին ընտրատեղամասերում: (Քիչ անց մատնանշվեց, թե նրանք եղել են 777 ընտրատեղամասերում, իսկ ձայների հաշվարկը դիտարկել են շուրջ 70 տեղամասերում.- Ա. Ի.)։ Քվեների հաշվարկման զգալի խախտումները ներառում են արձանագրությունների կեղծումը, որոշ դեպքերում՝ քվեատուփերի լցոնումը, քվեաթերթիկների գողությունը եւ ներկա գտնվող միջազգային դիտորդների նկատմամբ սպառնալիքների կիրառումը: Մենք նկատել ենք այս խախտումները դիտորդների այցելած տեղամասերի 30%-ում: Եվ եթե սա կատարվում էր դիտորդների աչքի առջեւ՝ ուղղակի կարելի էր պատկերացնել, թե ինչե՜ր էին կատարվում այն տեղերում, որտեղ ներկա չէին դիտորդները»: Նշենք նաեւ, որ պրն Բերրին ասաց, թե բռնությունները եւ լարվածությունը հիմնականում մեծամասնական ընտրատարածքներում էին. «Եվ խախտումները կրկնվեցին այն տեղերում, որտեղ լուրջ խախտումներ էին կատարվել նաեւ նախագահի ընտրության ժամանակ… Մեկ դեպքում նույնիսկ լուրջ բռնություն կիրառվեց Շվեյցարիայից մեր մի դիտորդի նկատմամբ»: Մատնանշվեց թիվ 29 ընտրատարածքը՝ որպես ե՛ւ նախագահի, ե՛ւ ԱԺ ընտրությունների ընթացքում խնդրահարույց տեղամաս: Երեկվա ասուլիսում դիտորդները նաեւ ներկայացրին առաջարկներ: Ռոբերտ Բերրին մատնանշեց. «Խնդիրներից մեկն անպատճառ տեղամասում վստահված անձանց տեղաշարժի իրավունքի սահմանափակումն է, երբ նրանք ստիպված են լինում նստել այնպիսի տեղերում, որտեղից ուղղակի հնարավորություն չեն ունենում դիտարկել, թե ինչ է կատարվում ձայների հաշվարկի, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ քվեարկության ժամանակ»: Իսկ Ռասել Ջոնսթոնը մասնավորապես առաջարկեց, թե պիտի «ուշադրություն դարձվի, որ ընտրական հանձնաժողովների հավասարակշռությունը ճշգրտորեն արտացոլի մրցակցող քաղաքական կուսակցությունների հավասարակշռությունը, քանի որ, եթե դա այդպես չէ, ապա վստահության պակաս է առաջանում նույնիսկ այնժամ, երբ այն հիմնավոր չէ: Երկրորդ հերթին, եթե խոսում ենք խարդախությունների մասին՝ դրանց մեծ հնարավորություն կա այն ժամանակահատվածում, երբ ընտրատեղամասերից արձանագրությունները տեղափոխվում են ԿԸՀ: Եվ դրա օրինակները եղել են նախկինում: Ուստի՝ իմ կարծիքով, պետք է շատ մեծ ուշադրություն դարձվի նրան, որ արձանագրությունների տեղափոխումը լինի լիովին գաղտնի»: Ու թերեւս՝ գլխավոր հանձնարարականը: Դիտորդները բացասաբար գնահատեցին նաեւ ընտրողների ցածր մասնակցությունը: Ռասել Ջոնսթոնն այն անվանեց «հիասթափեցնող», իսկ Ջովաննի Քեսլերը նշեց, թե սա «վկայում է ընտրողների կողմից ընտրական գործընթացի եւ քաղաքական գործընթացների նկատմամբ վստահության բացակայության մասին: Մենք կարծում ենք, որ այդ վստահության վերականգնումն ու ամրապնդումը Հայաստանի քաղաքական ղեկավարության հիմնական խնդիրներից մեկն է»: «Առավոտի» հարցին, թե այս խնդրի լուծմանը որքանո՞վ կնպաստի Սահմանադրական դատարանի առաջարկի իրականացումը՝ նորընտրիր ԱԺ-ի կողմից վստահության հանրաքվեի անցկացումը, Ռասել Ջոնսթոնը պատասխանեց, թե չի կարող ասել՝ ԵԽ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ. «Իմ անձնական տեսակետն է՝ կողմնակից չեմ որեւէ հանրաքվեի, որը կուզուրպացներ խորհրդարանական ժողովրդավարությունը: Սակայն չեմ կարող քննադատել ձեր ՍԴ-ի որոշումները»: Իսկ Ջովաննի Քեսլերը հավելեց. «Ընտրողների կողմից վստահության պակասի խնդիրը պարտադիր չէ, որ ունենա մեկ պատճառ ու նաեւ մեկ լուծում: Պատճառներից մեկը կարող է լինել թափանցիկության եւ արդարության պակասը վերջին ընտրությունների ժամանակ ու, ինչպես նշվեց՝ նաեւ պատասխանատվության չենթարկելը տեղի ունեցած խախտումների մեղավորներին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ռասել Ջոնսթոնը երեկ ափսոսանք արտահայտեց ընտրարշավից ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի դուրս մնալու առնչությամբ, մատնանշելով նրա կատարած մեծ աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել