Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԴԺԳՈՀ Է

Մայիս 27,2003 00:00

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԴԺԳՈՀ Է ՀՀԿ-ն՝ բավարարված «Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի գնահատմամբ, խորհրդարանական ընտրություններն անցան կեղծիքներով ու խախտումներով, աննախադեպ էր նաեւ կաշառքների թափը. «Հերթական հիասթափեցնող ընտրություններն էին, եւ հրապարակված արդյունքները ամենեւին չեն արտացոլում իրական պատկերը։ Դաշինքը չի ընդունում նախնական պաշտոնական արդյունքները, որոնք որեւէ առնչություն չունեն ժողովրդի իրական ընտրության եւ հասարակության տրամադրությունների հետ։ Մի խոսքով՝ հերթական խայտառակ ընտրություններն էին»։ Ընտրությունների արդյունքները չի ընդունում նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը։ Պրն Բազեյանի գնահատմամբ, Հայաստանում չեն գործում ընտրական ինստիտուտները եւ օրենսդրորեն ստեղծված է այնպիսի մեխանիզմ, որտեղ ընդդիմությունը վերահսկողություն իրականացնելու որեւէ հնարավորություն չունի, խոսքը վերաբերում է հանձնաժողովների ձեւավորման կարգին։ «Մինչեւ հանրապետության իշխանությունները չգիտակցեն, որ երկիրը հարկավոր է տանել ժողովրդավարության ճանապարհով, քաղաքական կամք չդրսեւորեն, որպեսզի ժողովրդին տրվի կամքը ազատ արտահայտելու հնարավորություն, մենք չենք ունենալու ոչ նորմալ ԱԺ, ոչ էլ ժողովրդին հաշվետու նորմալ իշխանություն»,- ասաց Ալբերտ Բազեյանը։ Ըստ նախնական տվյալների, «Արդարությունը» երկրորդ տեղում է. ո՞րն է լինելու դաշինքի դիրքորոշումը հետագայում. «Ես չեմ կարեւորում, թե դաշինքը որ տեղում է, էականն իրականում ազատ, արդար ընտրությունների անցկացումն էր, որը տեղի չունեցավ։ Թող լինեին ազատ եւ արդար ընտրություններ, եւ ժողովուրդը կորոշեր, թե որ տեղում կլինի «Արդարություն» դաշինքը։ Խնդիրն այն է, որ մեկ անգամ եւս հասարակությունը հիասթափվեց ընտրություն կոչված միջոցառումից»,- ասաց պրն Բազեյանը։ Հնարավո՞ր է, որ դաշինքը որոշի բոյկոտել եւ հետագայում վայր դնել խորհրդարանական մանդատները։ Մեր հարցին ի պատասխան, Ա. Բազեյանն ասաց, որ անձամբ ինքը եւ «Հանրապետություն» կուսակցությունը կարծում են, որ գնալով ԱԺ, կլեգիտիմացնեն «ապօրինի, կեղծ ընտրություններով ձեւավորված ԱԺ-ն»։ Ալբերտ Բազեյանն ասաց, որ հարցը դեռ պետք է քննարկվի նաեւ դաշինքի անդամ մյուս կուսակցությունների հետ։ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը ընտրությունների արդյունքները նորմալ է գնահատում. «Կարծում եմ, այն խնդիրը, որ դրել էինք մեր առջեւ՝ ստացվել է։ Նախապես ասել էինք, որ ունեցածը կպահպանենք եւ մեկ քայլ էլ առաջ կգնանք, կարծես թե այդ մեկ քայլի ծավալները ավելի մեծացած են։ Համենայնդեպս, սպասենք վերջնական արդյունքներին»։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վարչապետի պաշտոնը մնում է ՀՀԿ-ին, այսինքն՝ Անդրանիկ Մարգարյանին։ Գալուստ Սահակյանն ասաց, որ խնդիրը ոչ թե վարչապետի պաշտոնը պահելն է, «այլ երկրում սկսված գործառույթների շարունակականությունը ապահովելը, եւ մենք գտնում ենք, որ ճիշտն այն է, որ վարչապետը իր պաշտոնավարությունը շարունակի»։ Արդյոք արդեն որոշակի՞ է, թե քանի նախարարական պորտֆել կունենա ՀՀԿ-ն, կպահպանի՞ ունեցածը. «Բնական է, որ քանակային առումով այսօր խոսելը անտեղի եմ համարում, համենայնդեպս, հանրապետական նախարարների մասով մենք նախապես ենք հայտարարել, որ համամասնական ցուցակում ներկայացված է ընդհանրապես թիմը, դրա մեջ նկատի ենք ունեցել ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանությունը, չեմ կարծում՝ որեւէ նախարարի նկատմամբ նոր խնդիր կառաջանա»։ Ռոբերտ Քոչարյանի խոսքը՝ կոալիցիոն կառավարության մասին ակնհայտորեն ՀՀԿ-ին հասկացնել տվեց, որ չի լինելու գերազանցություն։ Թեպետ Գալուստ Սահակյանը այնքան էլ համաձայն չէ եւ հակադրվելով նախագահին՝ ասաց, թե կոալիցիոն կառավարությունները լինում են ճգնաժամային իրավիճակների համար, իսկ ՀՀԿ-ն նման գերխնդիր չունի, թե բոլոր պորտֆելները բացարձակապես իրենը պետք է լինեն. «Կոալիցիոն բառը չեմ սիրում, որովհետեւ կոալիցիոն բառը նշանակում է այնպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ երկիրը փաստի առաջ է կանգնում, եւ քաղաքական ուժերի տրամաբանությամբ ստեղծվում է կառավարություն, որը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժամանակավոր է լինում։ Այսինքն՝ հայտարարությունն ընդունելի է որպես փոխադարձ համաձայնությունների կառավարություն»։ Ըստ նախնական տվյալների, հայտնի է, որ մայրաքաղաքում հաղթել է «Արդարություն» դաշինքը, իսկ ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ է հավաքել բանակում, այն է՝ սահմանամերձ շրջաններում։ Հիշեցնենք, որ այս մասին Սերժ Սարգսյանը զգուշացրեց ՀՀԿ Երեւանի տարածքային կառույցների հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, թե պետք է ամեն ինչ արվի, որ ՀՀԿ-ն չդառնա գյուղական շրջանների կուսակցություն։ Հիմա ստացվում է, որ Հանրապետականն այդպիսին է։ Թեպետ Գալուստ Սահակյանն այնքան էլ համաձայն չէ եւ կարծում է, որ Երեւանում հավաքած ձայները բավարար են միայն գյուղական չկոչվելու համար։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել