ԱՐԱԲԿԻՐԻ ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԸ՝ ԴԱՎԻԹԱՇԵՆՈՒՄ Երբ ընտրությունները դառնան պատմություն, ընտրակեղծարարների ցուցակում որպես «պատմական դեմք» պատվավոր տեղ կհատկացվի Երեւանի թիվ 8 լեզվական արատով երեխաների դպրոցի տնօրեն Վարդուհի Խեբոյանին։ Այս տիկնոջ՝ ընտրական հանձնաժողովներում աշխատելու ստաժը սկսվել է մեր անկախ պետականության ձեւավորման առաջին օրից։ Պետք է ենթադրել, գրեթե նույնքան էլ կազմում է նրա «ընտրակեղծարարական» ստաժը։ Զուր չէ, որ որպես «կարկառուն» աշխատանքի գնահատական, նախորդ ընտրություններից հետո Ռ. Քոչարյանը նրան էլ տարավ Ծաղկաձոր՝ ի թիվս նախագահին սատարած այլ հանձնաժողովականների։ Մամուլում արդեն գրվել է կեղծիքներ կատարելու նրա «բազմակողմանի տաղանդի» մասին ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինների, ե՛ւ նախագահական ընտրությունների ժամանակ։ Այժմ էլ հերթական ընտրություններ են՝ պատգամավորական, եւ տիկին Խեբոյանն անգործ չէ. նա գլխավորում է 8-րդ ընտրատարածքի (Դավիթաշեն) 0182 ընտրատեղամասի հանձնաժողովը։ Ի դեպ, թաղապետի ընտրության ժամանակ նրա ընտրյալն Արաբկիրի «թաղապետացու» Հովհաննես Շահինյանն էր։ Այժմ վերջինս ղեկավարում է 8-րդ ընտրատարածքում առաջադրված իշխանամետ թեկնածուներից մեկի շտաբը, եւ իր հետ Դավիթաշենում «դեսանտ է իջեցրել» նաեւ իր հավատարիմ զինակցին։ Երեկ խմբագրությունը ստացավ միանգամից 2 ահազանգ Դավիթաշենի 0182 տեղամասի ընտրողներից։ Նրանք ասացին, որ Վարդուհի Խեբոյանը ե՛ւ ցուցակներն է կեղծել, ե՛ւ «կարուսել» է անում, ե՛ւ լցոնումներ։ Ահազանգողները ճշտել էին նաեւ, որ հանձնաժողովի «ձեռներեց» նախագահը հասցրել է կաշառել վստահված անձանց, ու հույս չունեին, որ մեր հարցերին նրանք «ազնիվ» պատասխան կտան։ Բնականաբար, նախագահ Խեբոյանը նույնպես կժխտեր իրեն հասցեագրված բողոքները, ինչպես արդեն եղել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Ուստի, անիմաստ էր այցելությունը սույն տեղամաս։ Սեփ. լր.