Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը կրելու ենք, չէ՞»

Մայիս 26,2003 00:00

«Վաղը կրելու ենք, չէ՞» «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքն առաջին ահազանգը ստացել էր թիվ 198 դպրոցի տեղամասից (Նորքի 9-րդ զանգված)։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի համակիրների կողմից գործի էր դրվել «կարուսելը», ինչը նշանակում է «պատահաբար» (բռնվելու դեպքում) քվեաթերթիկ դուրս բերել, եւ ապա շարունակաբար լրացնել, գցել, նորից վերցնել։ «Ստանում ենք բոլոր զանգերը։ ՈՒնենք մարդիկ, որոնք շրջում են բոլոր տարածքներում»,- ժամը 13։00-ին ասաց նախընտրական շտաբում այդ պահին գտնվող «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի թիվ առաջին համարը՝ Լյուդմիլա Հարությունյանը։ Ժամը 13։20-ին մի ահազանգի մասին տեղեկացանք արդեն Գագիկ Ասլանյանի ներկայությամբ. Քաղսի գյուղի տեղամասում բաց քվեարկություն էր եղել՝ մեծամասնական թեկնածուի պատվին։ Հետեւաբար, ինչպես ընտրարշավի ընթացքում կանխատեսել էինք, վերջինիս «թափանցիկությամբ» էլ կանխորոշվել էր տեղում համամասնական ընտրակարգով առաջադրվածների «թափանցիկությունը»։ Թիվ 38 ընտրատարածքում ընտրողներին գումար է բաժանվել՝ մինչեւ «Ընտրությունը քոնն է» լոզունգ-կոչի իրականացումը։ Մասնավորապես, նշվել են թիվ 5 եւ թիվ 1 դպրոցներում տեղակայված տեղամասերը։ Թիվ 18 ընտրատարածքում նույնպես գործի էր դրվել «կարուսելը»։ «Վաղը կրելու ենք, չէ՞» հարցնում էին ժամը 16։20-ին «Արժանապատվության» շտաբ եկածները։ Ժամը 13։00-ի եւ 16։20-ի դրությամբ «Հզոր Հայրենիք» կուսակցությունում որեւէ ահազանգ չէր ստացվել։ Միայն ուշագրավ տեղեկություն ստացանք «Հզոր Հայրենիքը» գլխավորող Ռոբերտ Նազարյանին ընտրելու պահին «մոտ կանգնած» աղբյուրից. նա «Հանրաքվեի» թերթիկը սխալմամբ գցել էր «խորհրդարանական» տուփի մեջ եւ երկու ձեռքով բռնել գլուխը… Ժամը 17։45-ին «Հզոր Հայրենիքը» ստացավ ահազանգ 03/17 տեղամասից (թիվ 14 ընտրատարածք)։ Հանձնաժողովի նախագահը «Հզոր Հայրենիքի» վստահված անձ Գեղամ Վարդանյանին հեռացրել է՝ մեղադրելով «քարոզչության» մեջ։ Ինչպես հաղորդեցին մեզ շտաբից, Գ. Վարդանյանն ընդամենը «բարեւել» է մարդկանց, որոնք իր հարեւաններն էին։ Նրան փոխարինելու գնացած Ֆերդինանդ Մաթեւոսյանին նախագահը թույլ չի տվել փոխարինել՝ ծանոթանալով նրա անձնագրին։ Պատճառը Գյումրիի գրանցումն է եղել։ «Ժամը 11։45. Արաբկիր, 01706 ընտրատեղամաս, թիվ 234 մանկապարտեզում։ Թեկնածու՝ Ալրաղացի Լյովա։ Տեղամասում 2-3 հոգի վստահված անձ կա»։ Ըստ ահազանգողի, որը չներկայացավ, թեկնածուն բոլորին կաշառել եւ տուն է ուղարկել։ Ժամը 18։15. Ավանի 004/1, 004/2, 004/3, 004/4 ընտրատեղամասեր։ Վարչապետի որդին՝ Տարոնը, թիվ 5, 20, 81 երթուղային տաքսիներով ամբողջ օրը մարդկանց բերում է քվեարկելու։ Ահազանգող՝ Համլետ Մուրադյան։ Ըստ նրա, քվեարկում են նաեւ նրանց փոխարեն՝ ովքեր այստեղ չեն։ Ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Լյուդմիլա Հարությունյանն այն միտքը հայտնեց, որ Հայաստանում ամենամեծ բիզնեսը պաշտոն ունենալն է։ Երեկվա դրությամբ տպավորությունն այսպիսին էր. Հայաստանում ամենամեծ բիզնեսը ընտրահանձնաժողովներում գործունեություն ծավալելն է։ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի վստահված անձ Նունե Դավթյանը գտնվել էր 0075 տեղամասում (Նորքի զանգված, թիվ 2 մանկապարտեզ), այսպես կոչված, «կարուսելի» հետքերով, սակայն տեղամասային հանձնաժողովի նախագահը վստահված անձին չի թույլատրել, որպեսզի նա ընտրողի անձնագիրը ստուգի։ «Դու ո՞վ ես, որ պիտի անձնագիր ստուգես»,- ասել է նա։ Իսկ վստահված անձը իրավասու էր ստուգել ընտրողի անձնագիրը, այն ընտրողի, որը, ինչպես հետագայում պարզվել է, գրանցված է եղել Լվովի փողոցի շենքերից մեկում։ Շտաբում պատրաստված էր մի աղյուսակ, որտեղ նշված էին կուսակցությունների եւ դաշինքների տվյալները, ինչպես նաեւ առանձնացված էր երկու առանձին՝ «Անճշտությունների չափը» եւ «Կուսակցությունների եւ դաշինքների օգտին տված ձայների թիվը» սյունակ։ Պետք է նկատել, որ բոլոր շտաբականները զինված էին հաշվիչներով եւ յուրաքանչյուր վայրկյան օգտվում էին դրանցից։ Ժամը 21։30-ի դրությամբ առաջին զանգը հնչեց Ղազախստանից, որտեղից հայտնեցին, որ 194 ձայներից 8 ձայն տրվել է «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել