Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանր-մունր» խախտումներ

Մայիս 26,2003 00:00

«Մանր-մունր» խախտումներ Երեկ Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքների թիվ 0208/10, 0209/10, 0210/10 ընտրատեղամասերում ժամը 13-ի դրությամբ, հանձնաժողովների նախագահների եւ վստահված անձանց հավաստմամբ, մի քանի «մանր-մունր» խախտումներ էին գրանցվել։ Այսպես, «Արդարություն» դաշինքը ներկայացնող եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սմբատ Այվազյանի շտաբի ղեկավար եւ վստահված անձ Մարատ Մարգարյանից տեղեկացանք, որ թիվ 0208/10 ընտրատեղամասին կից թաղի տղաները ընտրողների շրջանում մեկ այլ թեկնածուի օգտին քարոզչություն են իրականացրել։ Մ. Մարգարյանի խոսքերով, ինքը քանիցս զգուշացրել է, որ դա օրենքի խախտում է, ինչի արդյունքում վիճաբանություն է ծագել. «Իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը՝ փոխանակ կարգը խախտողներին կարգի հրավիրի, փորձում էր ինձ բաժին տանել»։ Վերջինիս հավաստմամբ՝ այս ընտրատեղամասում քվեաթերթիկը կնքող կնիքը օգտագործված է եղել։ Մ. Մարգարյանը հանձնաժողովից պահանջել է թանաքի գույնը փոխել, սակայն ուշադրություն չեն դարձրել իր պահանջին։ Այս խախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Իսկ տեղամասի մի ընտրող էլ հանձնաժողովի անդամների «դաբրոն» ստանալով, քաղաքացիական իր պարտքը կատարել է անձնագրի պատճենով, ինչը, ըստ Ընտրական օրենսգրքի, եւս խախտում է համարվում։ «Արդարություն» դաշինքի վստահված անձը համոզված է, որ ընտրության նախորդ օրը քվեաթերթիկների հաշվառման ժամանակ թաղամասը հոսանքազրկելը եւս դիտավորություն էր, քանի որ «երբ նախորդն օրը ստացանք քվեաթերթիկները, դրանց թիվը 1586 էր, բայց մոմի լույսի տակ վերահաշվարկից հետո դրանք 24-ով ավելացել էին»։ Մանկապարտեզի շենքում տեղակայված թիվ 0209/10 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալվարդ Գյուլամիրյանն էլ նեղսրտեց, որ վստահված անձինք իրենց չեն վստահում։ Ըստ հանձնաժողովի նախագահի, այս տեղամասում մինչ այժմ արձանագրված ընտրախախտումը մի անձի կողմից կրկնակի քվեարկության փորձն էր, որը կանխվել էր։ Թիվ 0209/10 ընտրատեղամասի «Արդարություն» դաշինքի վստահված անձ Մայիս Մկրտումյանը նշեց, որ մի աջափնյակցի անձնագրի փոխարեն զինգրքույկով է քվեարկել, ինչը եւս օրենքի խախտում է։ Թիվ 0210/10 ընտրատեղամասում ընտրությունների խաղաղ ընթացքը «Հայ արիների բռունցք» կուսակցության վստահված անձ Ասյա Համբարձումյանի հավաստմամբ, «հարամել» է էլեկտրացանցի 16-րդ թաղամասի (Աջափնյակ) տեղամասի պետ Վովա Պետրոսյանը։ Վերջինս մտնելով ընտրատեղամաս, ցանկացել է հանձնաժողովի անդամներից պարզել մինչ այդ ժամը քվեարկածների թիվը։ Վերոնշյալ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Արայիկ Սաֆարյանից տեղեկացանք, որ այստեղ էլ կնիքն օգտագործված է եղել։ Սակայն ընդհանուր համաձայնության գալով՝ փոխել են թանաքի գույնը եւ արձանագրությունների մատյանում խախտումը գրանցել։ Նկատենք, որ մեր այցելած երեք տեղամասերում իրար հրմշտելու, մեկը մյուսից առաջ ընկնելու եւ այլ առիթներով ծագած վիճաբանություններն ավելի էին շիկացնում մթնոլորտը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել