Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ»՝ ՀՀԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ՄԻՋԵՎ

Մայիս 26,2003 00:00

«ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ»՝ ՀՀԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ՄԻՋԵՎ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը, որ ընդամենը վերջերս էր հասարակությանը հիացրել լեզվի իր յուրօրինակ ընկալումներով, երեկ նաեւ ընտրակեղծիքների եւ իրավաբանության վերաբերյալ իր պատկերացումները ներկայացրեց լրագրողներին: Նա կարծում է, մեզ էլ համոզում էր, թե ընտրակեղծիքը լցոնումն է: Իսկ որ ընտրությունների ժամանակ «ինչ-որ մի անձ ահաբեկում է մի անձի, դա ավելի շուտ քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության հարց է, քան ընտրակեղծիքի»: Երեկ ժամը 18:00-ի դրությամբ նա այն կարծիքին էր, թե էական լարվածություն չկա, թե ընտրությունների ընթացքը դրական է գնահատում: Իր այս գնահատականն ինչ-որ համոզիչ չէր հնչում իր իսկ նշած ընտրախախտումների համատեքստում: Ընտրախախտումներ, ըստ ՀՀԿ նախընտրական շտաբի. «Թիվ 30 ընտրատարածքում (Բամբակաշատի ընտրատեղամաս) ՀՅԴ 20-30 անդամներ շրջել են եւ ահաբեկել, իբրեւ թե մտածելով, որ խախտումներ կան: Նշում են, որ Վահան Հովհաննիսյանն էլ է եղել: Եվ արձանագրություն է կազմվել, եւ բողոք է ուղարկվել ՏԸՀ: Կամ 4-րդ ընտրատարածքում ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներ տեղամասերում ընտրողներից պահանջել են անցկացնել բաց քվեարկություն: Հանձնաժողովը միջամտել է, կազմվել է արձանագրություն: Մայիսի 24-ի երեկոյան 18-19-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի բնակիչներից ենք զանգ ստացել, թե իբրեւ մի խումբ երիտասարդներ թակում են դռները եւ քարոզում ՀՅԴ-ին ընտրել, թեեւ այդ ժամանակ քարոզչությունն արգելված է: 94-րդ տեղամասում (84-րդ դպրոց), դպրոցի տնօրենը ոչ հանձնաժողովի անդամ է, ոչ վստահված անձ, բայց դպրոցում է: Արձանագրում են, որ տնօրենը «Օրինաց երկիրից» է: Թիվ 89 տեղամասում պակասել է 60 քվեաթերթիկ»: Նկատենք, որ նշված բոլոր խախտումները չնչին բացառությամբ վերաբերում են ՀՅԴ-ին: Իսկ պարոն Սահակյանի ասուլիսին նախորդել էր ՀՅԴ հայտարարությունն այն մասին, թե ՀՀԿ-ի կողմից խախտումներ են տեղի ունեցել եւ որ ՀՅԴ-ն (ներկա լրագրողներից մեկի վկայությամբ) փաստաթղթեր է պատրաստում երկու ընտրատարածքներում ընտություններն անվավեր ճանաչելու համար: Պարոն Սահակայանը, փաստորեն, տիպիկ բնութագրեց ընտրախախտումների բուն էությունը, որ տեղի էին ունեցել երեկ. «պարզապես փոխհարաբերությունների խնդիր է ավելի շատ, քան ընտրախախտումների»: Սույնով ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, փաստորեն, շարունակեցին անառարկելի փաստեր ներկայացնել այն մասին, որ չեն կարողանում կիսել «իշխանական գաթան»: Նկատենք, որ նախագահական ընտրությունների նման, այս երկու կուսակցությունները հետ չմնալու համար այլեւս ընդդիմությանը չէ, որ մեղադրում են ընտրակեղծիքներ կատարելու համար, այլ միմյանց: Գալուստ Սահակյանը երեկ նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն առաջինն է լինելու արդյունքներով: Իսկ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից պակաս կլինի, որի պարագայում, հասկանալի է, որ սահմանադրական փոփոխությունները չեն հաստատվի: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել