ՀՅԴ-ն մենակ էր Մեր հարցին, թե խախտումները փորձելո՞ւ են բողոքարկել սահմանված կարգով, դիմելո՞ւ են դատախազություն, ՍԴ եւ այլն՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Բնականաբա՛ր», ու նաեւ հավելեց. «Արձանագրվող ընտրախախտումները մեր ներկայացուցիչ հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք հնարավորինս փորձում էին կասեցնել: Եվ շատ տեղերում նաեւ հաջողել ենք»: Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարել էր, թե 1999-ի ԱԺ ընտրության ժամանակ «մեղմ ասած՝ կոշտ, չընդունվող վերաբերմունք կար մեր կուսակցության նկատմամբ, որը խոչընդոտում էր նաեւ քարոզչության ծավալումը՝ որոշակի վարչական ռեսուրսներով»: Մեր հարցին, թե համեմատական առումով՝ 1999-ի՞ն էր վերաբերմունքն ավելի կոշտ, թե՞ այն, ինչ իրականացվեց մայիսի 25-ին, պրն Մկրտչյանը պատասխանեց. «Համեմատություն անելը դժվար է, քանի որ մի քիչ տարբեր են կիրառված տեխնոլոգիաները: 1999-ի խախտումների «նորամուծությունն» ընտրողներին ցուցակներից հանելն էր, երբ հստակ գիտեին, թե որոշակի քաղաքական ուժի ընտրողներ են: Իսկ այս պարագայում՝ շատ ավելի գործուն էին դարձել կեղծ խոստումները, այլանդակ սուտ հաշվետվություններն ու ծրագրերը, ծախսված ահռելի գումարները: Եվ ավելի շատ տեղական մակարդակով իրականացվեցին «բեսպրեդելներ»: Դրանք իրականացնողներից շատերը հույս ունեին, թե որեւէ ուժ դեմ չի կանգնելու եւ հատկապես տեղական մակարդակով՝ վախենալու են մարդիկ: Բայց նույնիսկ ամենախուլ գյուղերում, երբ փորձ է արվել խախտում կատարել՝ դաշնակցական հանձնաժողովականները եւ վստահված անձինք փորձել են արգելակել: Նշեմ նաեւ, որ 1999-ին հանձնաժողովներում շատ ավելի մեծ էր ընդդիմացող կուսակցականների թիվը: Իսկ այս ընտրություններում, ցավ ի սիրտ պետք է արձանագրել, որ շատ-շատ տեղերում դաշնակցական հանձնաժողովականներն ուղղակի մնացել էին մեկը 8-ի դեմ համամասնությամբ, քանի որ շատերը պարզապես ծախել էին հանձնաժողովներում իրենց տեղերը: Եվ այդ պատճառով՝ մեր ներկայացուցիչների դիմաց ուղղակի կանգնած էր մեկ ուժ»: Խնդրեցինք մեկնաբանել ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանի պնդումները, թե Դաշնակցության կողմից եւս կատարվել են ընտրախախտումներ. «Ի տարբերություն Գալուստ Սահակյանի՝ մենք որեւէ անհիմն մեղադրանք չենք ներկայացրել որեւէ մեկի,- պատասխանեց Գեղամ Մանուկյանը:- Եվ եթե ասել ենք, որ եղել է բաց քվեարկություն՝ նշել ենք Բամբակաշատ գյուղը: Եթե ասել ենք, որ եղել է «կարուսել»՝ նշել ենք, թե որոշակի ո՛ր ընտրատարածքում: Իսկ դրանից հետո արդեն, ուղղակի անակնկալի եկած, թե ինչպե՛ս հնարավոր եղավ, որ այս փաստերի մասին խոսում են Դաշնակցության ներկայացուցիչները, ինչպե՛ս էր, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ուղղակի տեղում՝ Արմավիրի մարզի գյուղերում, դեմ էր կանգնում հանրապետական թեկնածուի ամենաայլանդակ օրինախախտումներին՝ բնականաբար, դրա հակադարձումը միայն անհիմն հակափաստարկ-պատասխաներն էին»: Ա. Ի.