Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՎԶԻՆ ՆՈՐԻՑ ՓԱԹԱԹԵՑԻՆ ԱԼՐԱՂԱՑԻՆ

Մայիս 26,2003 00:00

ՄԵՐ ՎԶԻՆ ՆՈՐԻՑ ՓԱԹԱԹԵՑԻՆ ԱԼՐԱՂԱՑԻՆ Երբ իմ ընտրատեղամասում ինձ դեմ տվեցին 3 հատ քվեաթերթիկ, որոնցից երկուսի վրա գրված էր «կողմ եմ»-«դեմ եմ», առաջին պահին մտածեցի, թե սխալմունք է՝ հանրաքվեի երկու հատ թերթիկ են տվել: Բայց երբ դրանցից մեկում կարդացի «Սարգսյան Լեւոն Հրաչյայի», հասկացա. թիվ 6 ընտրատարածքի ընտրողներիս համար Ալրաղացի Լյովը Սահմանադրության նախագծի նման մի բան է՝ կարող ես նրան «կողմ» կամ «դեմ» լինել, բայց կողքը ոչ մի կենդանի մարդ, ոչ մի այլընտրանք չկա: Այնինչ, ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետություն» թերթում «ՀՀ Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուների ցուցակում», բացի Ալրաղացից, նշված էր Մկրտչյան Զալիբեկ Սարգսի՝ Հայոց Համազգային Շարժում: Հավանաբար, այդ ՀՀՇ-ականի հետ Լյովը լեզու գտավ: Ենթադրում եմ, թե ինչպես: Ճիշտ այնպես, ինչպես մնացած պոտենցիալ թեկնածուների հետ: 1999-ին մեր ընտրատարածքում թեկնածուները շատ էին: Նրանց թվում էին հայտնի քաղաքական գործիչներ Լյուդմիլա Հարությունյանը, Հրանտ Խաչատրյանը, Սեյրան Ավագյանը: Բայց հաղթեց բոլորին անհայտ Ալրաղացը՝ բոլորին հայտնի հայկական «տեխնոլոգիաներով», եւ թաղի «խառոշի» Հովհաննես Շահինյանի գործուն մասնակցությամբ: Լյովն ու Հովոն շատ «լավ աշխատեցին» նաեւ 2003-ի նախագահական ընտրություններում՝ պետական կառույցների եւ այլ բիզնեսմենների հետ միասին: Հիմա նույնիսկ Հովոյի կարիքը չկա՝ Ալրաղացը նախօրոք բոլորին հանել է ընտրապայքարից: Լեւոն Սարգսյանին դեմքով դժվար թե ճանաչեն նույնիսկ պատգամավորները՝ ուր մնաց մենք՝ ընտրողներս: 4 տարվա ընթացքում նա որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, երբեւէ խոսափողին չի մոտեցել: Նա գալիս էր խորհրդարան միայն այն ժամանակ, երբ իշխանությունը մոբիլիզացնում էր բոլոր «կոճակ սեղմողներին»՝ կարեւոր նախագիծ անցկացնելու համար: Մի անգամ նա աչքի ընկավ ակտիվությամբ անցած աշնանը, երբ ընդդիմադիր պատգամավորները զավթել էին խոսափողը, իսկ Քոչարյանը խոստացել էր «քաշել նրանց ականջները», Ալրաղացը որոշել էր իր նախագահից առաջ ընկնել եւ ապտակել պատգամավոր Արամայիս Բարսեղյանին: Բացի այդ դեպքից, Լյովի խորհրդարանական գործունեության մասին որեւէ այլ տեղեկություն չկա: Վստահ եմ, որ Լեւոն Սարգսյանը նույնքան արդյունավետ կաշխատի առաջիկա 4 տարիներին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել