Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ

Մայիս 26,2003 00:00

ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ Երեկ տեղի ունեցած ընտրությունները ոչնչով չտարբերվեցին նախագահական ընտրություններից: Ձորակապն անկախ գյուղ է Երեկ այստեղ՝ 50/1579 ընտրական տեղամասում, ընտրությունների մասնակցությունը եղել է զերո տոկոս: ՀՀ նախագահի ընտրությունների երկու փուլերում էլ ճիշտ այդքան ձայն էր ստացել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Գյուղը, որ ունի մոտ 700 ընտրող, 100 տոկոսով բոյկոտում էր ԱԺ ընտրություններն ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ձորակապցիները հրաժարվել էին նույնիսկ ընտրական հանձնաժողով ձեւավորել, թեեւ ընտրություններ անցկացնելու համար ամեն ինչ պատրաստ էր: Շիրակի ընտրատարածքային հանձնաժողովը ստիպված մարզպետարանի աշխատողներից էր հանձնաժողով ձեւավորել, թերեւս, իրավիճակը փրկելու համար, բայց՝ զուր: Տեղամասային կենտրոնում միայն հանձնաժողովի 5-6 անդամ կար եւ ոչ մի թեկնածուի, ոչ մի կուսակցության վստահված անձ: Հանձնաժողովի նախագահ Իշխան Հարությունյանն ասաց, թե ինքն այդ համայնքում չի ապրում, նրա խնդիրներին ծանոթ չի ու տեղյակ չի, թե այստեղ ինչ է կատարվում. «Ես հանձնաժողովի նախագահն եմ ու պատասխանատու եմ հանձնաժողովի աշխատանքի համար: Ուրիշ որեւէ բան չեմ կարող ասել: Մենք սպասելու ենք մինչեւ ժ. 20-ը»: «Սա էլ մեր բողոքի ձեւն է անարդարության դեմ»,- ասացին գյուղացիները՝ իբրեւ անարդարության օրինակ մատնանշելով ՀՀ նախագահի ընտրությունները: Ձորակապցիները հայտարարեցին՝ «ո՞ւմ համար մեր ձայնը տանք»: Պատասխանելով մեր այն հարցին, թե իրենց կարծիքով միայն այս գյուղում ընտրությունները բոյկոտելով հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, տարեցներից մեկն ասաց, թե առաջինն այս գյուղն է, հետո մեկ ուրիշը կլինի, եւ մարդիկ մի օր կհասկանան, որ այդպես շարունակել չի լինի: Իսկ դուք չե՞ք վախենում, որ իշխանությունները կսկսեն ձեզ ճնշել. «Էլ ստեղից էն կողմ ինչի՞ց վախենանք: Էլ վախենալու բան չկա: Սաղ վախեցած-անցած է»: Գյուղացիները կորցրել էին հավատը ե՛ւ իշխանությունների, ե՛ւ մասնավորապես պատգամավորների նկատմամբ. «Գիտեմ, որ սաղ սուտխոսան են: Ո՞ւմ ընտրեմ»,- հռետորական հարցադրում արեց ձորակապցիներից մեկը: Այսպես նրանք բողոք էին հայտնում նաեւ իրենց համագյուղացի Մուշեղ Սաղաթելյանին դատապարտելու դեմ: Իսկ հանձնաժողովները չեն ձեւավորվել, ըստ գյուղացիների, այն պատճառով, որ այստեղ ո՛չ ՀՀ նախագահը «մարդ» ունի, ո՛չ որեւէ կուսակցություն: Ձորակապում երեկ մարդիկ խաղաղ նարդի էին խաղում՝ դիմավորելով ու ճանապարհելով ԵԱՀԿ-ի դիտորդներին: «Բուռնաշը» նույնն է մնացել Եղանք նաեւ Գյումրիի թիվ 48 ընտրատարածքում: Այստեղ ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ անկուսակցականներ Աշոտ եւ Ռոբերտ Զաքարյաններն ու ՀՀՇ-ից Շալիկո Զորյանը ժ.14-ին արդեն հասցրել էին ասուլիս հրավիրել՝ հայտարարելով ընտրատարածքում իրենց արձանագրած ընտրախախտումների մասին: Մեր զրույցի ժամանակ Աշոտ Զաքարյանն ասաց, թե ընտրատարածքի 14 ընտրատեղամասերից 10-ում ժամը 8-ի դրությամբ կնիքներն արդեն թաց՝ օգտագործված են եղել: 8 տեղամասերում վերջիններիս վստահված անձանց հաջողվել է փոխել տալ թանաքի գույնը: «Արձանագրել ենք «կարուսելի» մի քանի դեպքեր: Տեսան, որ դիմադրությունն ու վերհսկողությունը տեղամասերում մեծ է, հիմա դրսում «Գազել»-ներ են բերել, որոնց մեջ մարդկանց փողը են բաժանում: Օրինակ՝ ժամը 15-15:30-ի սահմաններում արձանագրել ենք, որ թիվ 33 դպրոցում տեղակայված 1441 տեղամասի մոտ մեքենայից փող էին բաժանում: Բոլոր գյուղերում բաց քվեարկություն է ընթանում, օրինակ՝ Մուսայելյան գյուղի 1497 տեղամասում: Նման դեպքերի առնչությամբ բողոքներ կան, բայց դրանք հիմնականում մեծ դժվարությամբ ենք կարողանում գրանցման մատյանում հաշվառել, որովհետեւ հանձնաժողովների նախագահներն են խոչընդոտում»,- ասաց Ա.Զաքարյանը: Նշվեցին օրինախախտման այլ դեպքեր: Այսպես, 48/1439 ընտրատեղամասում թեկնածու Աշոտ Աղաբաբյանի վստահված անձ Լիլիթ Հարությունյանը փորձել է մասնակցել քվեարկությանը՝ չունենալով դրա իրավունքը: Փաստը հայտնաբերվել եւ կանխվել է: Մայիսյան գյուղում թեկնածուներից մեկի վստահված անձ Մուրադ Մարտիրոսյանն օրինախախտում է հայտնաբերել. արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել, ու նրան տեղամասից դուրս են բերել: Այս փաստերի մասին տեղյակ են ԵԱՀԿ դիտորդները: Աշոցքում՝ քվեարկությանը զուգահեռ, դատախազի տեղակալ Արմիկ Հովհաննիսյանն է ակտիվ քարոզչություն տարել Ա.Աղաբաբյանի օգտին՝ սպառնալով, որ եթե նա չընտրվի՝ չքվեարկողները գործ կունենան իր հետ: Գյումրիի ընտրատեղամասերից մեկում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 1000-ը, դրված է եղել 2 քվեատուփ՝ 3-ի փոխարեն: Միայն բողոքելուց եւ լրագրողներ հրավիրելուց հետո է 3-րդ քվեատուփը բերվել: Ա.Զաքարյանը նշեց, որ բոլոր խախտումները կատարվում են մեկ թեկնածուի վստահված անձանց կողմից, եւ հավելեց, որ վերը նշված խախտումների բոլոր փաստերը կներկայացվեն Շիրակի մարզային դատախազություն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել