Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց» եղեք

Մայիս 24,2003 00:00

«Բաց» եղեք «Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանում տվյալ պահին ոչ իշխանությունը, ոչ զանգվածային լրատվության միջոցները, ոչ վերահսկողական ու իրավապահ համակարգերն ի վիճակի չեն արդյունավետ դիմակայել կոռուպցիային» («Հակակոռուպցիոն նախաձեռնությունների եւ հետազոտությունների ռուսաստանյան կենտրոն» http։// www.transparency.org.ru)։ Կարծում եմ, մեր երկրում իրավիճակն ավելի լավ չէ։ Չնայած կատարված բարեփոխումներին, նույնիսկ հիմա էներգահամակարգում օրական «կորչում» է մոտ 100 հազար դոլար։ Այսօր պարզվում է նաեւ, որ աճել են վառելիքի դիմաց պարտքերը, որ հարկավոր է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ 2001- 02թթ. «Հայկական ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի» կողմից մշակվել եւ ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի նախագիծ»։ Սակայն արդեն ինը ամիս է՝ այն բազմիցս քննարկվում է կառավարության նիստերում եւ ուղարկվում լրամշակման «շահագրգիռ» նախարարություններին եւ գերատեսչություններին։ Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա, համաձայն նախընտրական ծրագրերի, 23 կուսակցություններից եւ դաշինքներից միայն 5-ն են պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ եւ եւս 5-ը՝ «ամրապնդել օրինականությունը»։ Մնացածն այս պրոբլեմները կամ չեն նկատել, կամ չեն հիշատակել։ Այս չարիքի դեմ պետական մարմինների հետ մեկտեղ պայքարում են նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամներ, սակայն դա ոչ մի կերպ չի հանգեցնում կոռուպցիայի ոչ շրջանակների նեղացմանը, ոչ մակարդակի նվազեցմանը։ Ինտերնետը եւ նոր տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են թափանցիկության ապահովման իդեալական եւ թերեւս միակ միջոցը։ 2002թ. հոկտեմբերից http։// www.golos.am էջում գործում է «Մենք» մասնավոր անկախ հակակոռուպցիոն ինտերնետ-պորտալը՝ IREX-ի ֆինանսավորմամբ (դրամաշնորհ $300) եւ «թԸ» թերթի տեխնիկական աջակցությամբ։ Այն երաշխավորված տրամադրում է իր տարածությունը ցանկացած ոչ անոնիմ տեղեկություն տեղադրելու համար։ Կես տարվա ընթացքում այնտեղ հավաքված են տեղեկություններ հիմնականում երեք թերթերից. «թԸ», «Ազգ» եւ «Առավոտ»։ Թե վարկաբեկող, թե գովաբանող այդ տեղեկությունները զետեղված են բոլոր պետական կազմակերպությունների, որոշ բանկերի, ֆիրմաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների (այդ թվում եւ արտասահմանյան), ԿԸՀ եւ այլ կառույցների ներկայացուցիչների դոսյեներում։ Օրինականության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղիներն ու միջոցները պետք է կոնկրետացվեն եւ ԱԺ աթոռների հավակնորդների կողմից ներկայացվեն առավել ընդարձակ եւ մանրամասնորեն։ Մենք գիտենք իրենց մասին ինչ են ասում շատ թեկնածուներ, լավ տեղեկացված ենք նրանց բարեգործության մասին, բայց մեզ հայտնի չէ նրանց օրինական վաստակի եւ ծախսերի տարբերությունը։ Այստեղ մեծ դեր կարող է ունենալ եկամուտների եւ ծախսերի մասին կամավոր հայտարարագիրը՝ տեղադրելով ինտերնետում, թեկուզ եւ Ազգային ժողովի էջում (www.parliament.am) կամ «Մենք» պորտալում։ ՀՐԱՆՏ ԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել