Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Մայիս 24,2003 00:00

«ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ» Երեկ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատթերը ներկա գտնվեց ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագրով հիմնովին վերակառուցված ֆուտբոլի հանրապետական դպրոցի պաշտոնական բացման արարողությանը։ Մեծարգո հյուրի եւ նրա հետ Երեւան ժամանած պատվիրակության անդամների պատվին ՖՀԴ-ում պատշաճ ընդունելություն էր կազմակերպվել։ Դիմելով ՖԻՖԱ-ի նախագահին՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Այսօր մեր տանը մեծ ուրախություն է։ Իր նոր շքեղությամբ, ժամանակակից վերակառուցման ողջ գեղեցկությամբ բացվում է Ֆուտբոլի հանրապետական դպրոց համալիրը։ Դրա նորոգ եւ գեղեցիկ վիճակի համար մենք երախտապարտ ենք ՖԻՖԱ-ի նախագահին՝ Յոզեֆ Բլատթերին։ Նրա անմիջական նախաձեռնությամբ, ֆինանսական խոշոր աջակցությամբ վերակառուցվեց այս համալիրը… եւ մենք պրն Բլատթերին ասում ենք շնորհակալություն։ Այս նվերը մեզ պարտավորեցնում է՝ առավել ուշադիր եւ հետամուտ լինել մեր ֆուտբոլի ապագայի եւ ֆուտբոլիստների նկատմամբ։ Պրն Բլատթերը սիրում է Հայաստանը եւ մեր երկիրն էլ այդ սիրուն պատասխանում է սիրով։ Հավաստիացնում եմ, որ այս դպրոցի կամարներից դուրս կգան տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք հայկական ֆուտբոլի լավագույն ավանդույթները կփաստեն աշխարհի մարզադաշտերում։ «Գոլ» նշանակում է գնդակ ու այդ գնդակը այս շնորհալի երեխաների ձեռքում է։ Ուրեմն թող բարձր հնչի՝ գո՜լ, գո՜լ, գո՜լ, թող նոր էջ սկսվի հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ։ Շնորհակալություն»։ Այնուհետեւ Յոզեֆ Բլատթերին ողջունեց Երեւանի քաղաքապետը՝ երեկվա օրը գնահատելով տոնական բոլոր երեւանցիների համար։ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, նշելով, որ պատիվ է Հայաստանում հյուրընկալել համաշխարհային սպորտի ամենահարգարժան մարդկանցից մեկին, ասաց. «Նախորդ օրը պրն Բլատթերի հետ զրույցից պարզվեց, որ այս մեծ ծրագիրը, որ ՖԻՖԱ-ն ու ՀՖՖ-ն միասին իրագործեցին Հայաստանում, շարունակական է լինելու եւ մենք բնագավառում նորանոր հաճելի անակնկալների ականատեսն ենք լինելու»։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անունից նա հատուկ ոսկյա պատվոնշան-շքանշան հանձնեց պրն Բլատթերին։ «Ուզում եմ տեղեկացնել, որ Յոզեֆ Բլատթերը, որպես միջազգային մարզական կազմակերպության ղեկավար, առաջինն է, որին շնորհվում է այս կոչումը»,- ասաց նա։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանն ընթերցեց ինստիտուտի գիտխորհրդի որոշումը ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատթերին պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու մասին եւ հանձնեց վկայագիրը։ Յոզեֆ Բլատթերը խորին երախտագիտություն հայտնեց իրեն ցուցաբերված այսքան ջերմ ընդունելության համար։ Նա ֆուտբոլի դպրոցի բացումը պատմական համարեց ոչ միայն մեր ազգային, այլեւ համաշխարհային ֆեդերացիայի համար։ «Ողջունում եմ այսօր այստեղ գտնվող բոլոր մարդկանց, բայց հիմա ես պրն Հայրապետյանի հետ միասին խոսելու եմ ֆուտբոլիստների հետ։ Սիրելի երիտասարդ ֆուտբոլիստներ, այն, ինչ կառուցվել է այստեղ, հատկապես ձեզ համար է, նաեւ ձեր հաջորդ սերունդների համար։ Դուք եք այս երկրի հույսը, որպեսզի հայկական ֆուտբոլը հասցնեք միջազգային մակարդակի։ Այսօր առավոտյան հենց այս մտքերն էինք քննարկում երկրի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ։ Սա ձեզ համար նաեւ պատասխանատվություն է, սքանչելի պատասխանատվություն, որովհետեւ ձեր տրամադրության տակ կան ամենալավ պայմանները։ Դուք ունեք տաղանդ, դա հայկական տաղանդն է։ Խնդրում եմ՝ զարգացրեք այդ տաղանդը, բացեք դուռը եւ այն տվեք աշխարհին։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ։ Ես ձեզ բոլորիդ սիրում եմ։ Ես սիրում եմ Հայաստանը»,- ասաց ՖԻՖԱ-ի նախագահը։ Յոզեֆ Բլատթերը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հանձնեց ֆուտբոլի դպրոցի օծման հուշատախտակը, որը պետք է փակցվի դպրոցի պատին։ Պաշտոնական արարողությունից հետո Բլատթերը եւ Ռ. Հայրապետյանը շրջեցին ՖՀԴ նորակառույց համալիրում։ Պրն Բլատթերը գոհ մնաց արված աշխատանքից։ Հետո երիտասարդ ֆուտբոլիստները նրա պատվին ցուցադրական խաղ անցկացրին։ Վերջում Բլատթերը մամուլի ասուլիս անցկացրեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Արտահայտելով իր լավ տպավորությունները Հայաստանից, նա ասաց. «Ֆուտբոլը ոչ միայն զվարճանք է, հասարակության սոցիալական եւ մշակութային կյանքի բաղկացուցիչ մաս, այլեւ ապրանք եւ ինչու չէ, նաեւ՝ արտահանելի ապրանք։ Դուք շատ տաղանդներ ունեք այստեղ, աշխատեք նրանց հետ եւ ինչպես մյուս ազգային ֆեդերացիաները, դուք էլ կզգաք դրա արդյունավետությունը,- ասաց նա,- մենք ՀՖՖ նախագահի հետ նպատակ ենք դրել ձեր առջեւ։ Հավանաբար, նա չկարողանա ազգային հավաքականի հետ 2004-ին լինել Պորտուգալիայում, բայց եկեք նայենք 2006-ի Գերմանիային։ Դրա համար պետք է աշխատել այստեղ… Էնտուզիազմ կա, դա երիտասարդ Հայաստանի էնտուզիազմն է։ Ես ուրախ եմ, որ հիմա ունեք ազգային ֆեդերացիայի ուժեղ նախագահ։ Նա նոր շունչ կհաղորդի ֆեդերացիային։ Դուք ամբողջ երկրում ուսումնական բազաների կարիք ունեք, հատկապես՝ Հայաստանի բնակլիմայական պայմանների պարագայում։ Դուք արհեստական ծածկով դաշտերի կարիք ունեք։ Հաջորդ քայլը պետք է լինի այս կենտրոնի տանիքի կառուցումը, որպեսզի շուրջ տարի մարզվելու հնարավորություն լինի։ Դրանից հետո հայկական ֆուտբոլն իր տաղանդներով կարող է առաջ գնալ։ Դուք նաեւ լավ մարզիչների, ուսուցիչների, վարչարարների ու կազմակերպիչների կարիք ունեք»։ Այնուհետեւ ՖԻՖԱ-ի նախագահը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։ Վերջում ԶԼՄ-ներին համարելով որպես յուրօրինակ թիմ, պրն Բլատթերը հայ լրագրողական թիմին ֆուտբոլի գնդակ նվիրեց։ Երեկ ՖԻՖԱ-ի նախագահը մեկնեց Թբիլիսի։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել