Հեռուստաալիք, որի «անունը կա, ամանում չկա» Ավելի քան 2 տարի է, Վանաձորի «Մ5» հեռուստաստուդիայից էկրանների վրա միայն սիմվոլն է մնացել՝ անկյունում «կծկված»։ 1997թ. ստեղծված, մետրային հաճախականությամբ Վանաձորի եւ հարակից տարածքներում գործող այդ հեռուստաալիքը տեղական հիմնախնդիրներ չի լուսաբանում, տեղական լրատվություն չի հաղորդում, պարզապես՝ սկսել է կամուրջ հանդիսանալ սկզբում՝ «Արմենիայի» այժմ էլ՝ «Շանթ» հեռուստատեսության երեկոյան հաղորդումները վանաձորցիներին փոխանցելու համար։ (Ենթադրվում է, թե մոտ ապագայում էլ վերաբացված «Ար»-ի հաղորդումները կփոխանցվեն՝ որպես փակված «Ա1+»-ի «փոխհատուցում». հիշեցնենք, որ «Ա1+»-ը փոխանցվում էր «Լոռի» ՀՍ-ով, բայց ոչ՝ տեղական լուրերի հաշվին)։ Մերթընդմեթ էլ «Մ5»-ով վերահեռարձակվում են ուկրաինական հեռուստատեսության հաղորդումները՝ Դոնեցկից (Վանաձորը «Ռուսաստան-Բելառուսին» կանդամակցի թերեւս «փպՐպջ» Ուկրաինա)։ Իբր հայաստանյան կամ ռուսաստանյան զանազան հեռուստաալիքներ քիչ էին «տուրուդմփոց-բոեւիկներով հեռուստադիտողի նյարդերը սղոցում, հիմա էլ հերթը հասավ ուկրաինական մարտաֆիլմերին, որոնց պարբերական ցուցադրումը, թերեւս, մեծապես կնպաստի երիտասարդության «ռազմահայրենասիրական դաստիարակությանը» եւ «լուրջ ներդրում» կունենա ԱՊՀ երկրների՝ «ահաբեկչության դեմ միասնական պայքարի» գործում։ «Փոխանցումներից» ազատ, «պարապուրդային ժամերին «Մ5»-ով զանազան վավերագրական կամ գեղարվեստական ֆիլմեր, արտասահմանյան նորաձեւության փառատոներ են ցուցադրվում կամ՝ տեղական մասշտաբի որեւէ «փախած» հայտարարություն կամ գովազդ կարող է ճեղքել-անցնել որեւէ հաղորդում՝ «անհարգալից» ձեւով «խոսքը կտրելով» (այսինքն՝ այն պահին, երբ տվյալ հաղորդման «սցենարով» այդ պահին գովազդային դադար չի նախատեսված)։ Դրանից հետո, բնականաբար, հաղորդման «մտքի թելը» կտրվում է, եւ, հեռուստադիտողին այլ ելք չի մնում, քան՝ սկիզբն ու վերջը իրար կապելու համար «մեջտեղի» վերաբերյալ ենթադրություններ անել։ Նախընտրական շրջանում «Մ5»-ը մյուս հեռուստաալիքների նման (որոնք, ի տարբերություն, տեղական լրատվություն հաղորդում են) ծառայում է որպես քարոզչամիջոց։ Թերեւս, գովազդների ու հայտարարությունների, միգուցե նաեւ՝ այլ ֆինանսական միջոցների հաշվին էլ տեղական իշխանություններին հաջողվում է պահպանել այս հեռուստաալիքի գոյատեւելու (ըստ էության՝ տարածք զբաղեցնելու) իրավունքը։ Ակամա հարց է ծագում. ո՞րն է տվյալ մարզի տարածքում գտնվող եւ մետրային հաճախականությամբ գործող հեռուստաալիքի դերը, եթե այդ տարածքի խնդիրները նրա օգնությամբ չեն լուսաբանվում (միգուցե՝ այն, որ «հաշիվ լինի», թե Վանաձորում 3 հեռուստաընկերություններ կան, որոնցից մեկն էլ՝ «Մ5»-ը)։ Չափից դուրս մեծ շռայլություն չէ՞ ձեւական մետրային հաճախականություն զբաղեցնել, այն դեպքում, երբ մրցակցային սուր պայքար է գնում նույնիսկ դեցիմետրային ալիքների համար։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ