Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԵՐԸ՝ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ

Մայիս 24,2003 00:00

ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԵՐԸ՝ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ Հոլիվուդի հայտնի կինոթատրոններից մեկում (ամերիկյան հեռուստաակադեմիայի շենքում) օրերս կայացավ ամերիկահայ անվանի ռեժիսոր Մայքլ Ջ. Հակոբյանի «Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ առաջին անգամ էկրանին ներկայացնելով եզակի փաստեր Գերմանիայի՝ հայոց ցեղասպանության մասնակցության առնչությամբ։ Համագործակցելով հայտնի, այդ թվում՝ գերմանացի պատմաբանների հետ, ֆիլմի հեղինակներին հաջողվել է գտնել պատմական բացառիկ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ Թուրքիայի ռազմական դաշնակիցը հանդիսացող Գերմանիան անմիջական մասնակցություն է ունեցել հայոց ցեղասպանության կազմակերպման ու իրագործման հարցում։ Այդ դաժան ոճրագործության ականատեսների բազմաթիվ վկայությունների ու պատմական փաստաթղթերի միջոցով ցույց է տրվում, որ հրեաների ցեղասպանության համար դատապարտվող Գերմանիան ճիշտ նույն սցենարն իրականացրել է ավելի վաղ՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանի հայերի հանդեպ։ Մինչդեռ ոչ մի գերմանացի զինվորական չի դատապարտվել հայերին գազախեղդ անելու, հայ մանուկներին բժշկական փորձարկումների համար օգտագործելու, Թուրքիայի իշխանություններին հայոց ցեղասպանության հարցում ակտիվորեն աջակցելու եւ որոշ հայաբնակ գյուղերի վրա հարձակումներն անմիջականորեն ղեկավարելու համար։ Ավելին, մինչ օրս Գերմանիան պաշտոնապես ներողություն չի խնդրել այս ամենի համար։ Մինչդեռ հայոց ցեղասպանությունն այդպես հեշտորեն «մոռանալու» հետեւանքներից մեկն էլ հրեաների հանդեպ ավելի ուշ իրականացրած ցեղասպանությունն էր։ Վկայությունը՝ Հիտլերի հայտնի խոսքերը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի կոտորածները», որ ոգեւորել էր գերմանացի զինվորականներին, թե ոչ ոք չի հիշելու նաեւ հրեաների ցեղասպանությունը։ Ֆիլմում ցույց է տրվում, թե ինչպես թուրքերի հետ հայերի ցեղասպանությունն իրականացրած գերմանացի զինվորականների մեծ մասը շարունակել է ծառայությունը Ադոլֆ Հիտլերի իշխանության ներքո ու անմիջական մասնակցություն ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի ռազմական ճամբարներում իրականացվող սպանություններին ու խոշտանգումներին։ Գերմանացի պատմաբան Հիլմար Կայզերի աջակցությամբ ֆիլմի հեղինակներին հաջողվել է Գերմանիայի պետական արխիվներից գտնել ու առաջին անգամ հանրությանը ներկայացնել գերմանացի զինվորականների, դիվանագետների գրավոր վկայությունները, թուրքական իշխանությունների հետ նամակագրության եզակի փաստերը։ Կոստանդնուպոլսից Բաղդադ ձգվող երկաթգծի շինարարության շուտափույթ ավարտով շահագրգռված գերմանացիները ոչ մի բանի առջեւ կանգ չեն առել՝ աջակցելով թուրքերին տեղահան անել ու անապատները քշել հայերին։ Այդ մարդիկ տանջամահ են եղել ճանապարհներին եւ երկաթգծի շինարարության վրա աշխատելիս։ Փաստերը վկայում են, որ հայերի ցեղասպանությունն իրականացվել է նախապես հմտորեն մշակված ու հաշվարկված սցենարով։ «Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը» ֆիլմը Մայքլ Ջ. Հակոբյանի՝ հայոց ցեղասպանությանը նվիրված եռերգության երկրորդ ֆիլմն է, որ պատրաստվել է նրա իսկ հիմնադրած հայկական կինոհիմնադրամի (Armenian Film Foundation) աջակցությամբ։ Մ. Հակոբյանը, որ ինքն էլ հայոց ցեղասպանության վկան է եղել, իր ողջ կյանքը նվիրել է այս թեմայով հետազոտություններին, տեսագրել եղեռնի մոտ 400 ականատեսների պատմություններ։ Ականատեսների մեծ մասն այսօր արդեն կենդանի չէ, սակայն նրանց վկայություններն անժխտելի փաստեր են, որոնք նպաստելու են եղեռնի ճանաչմանը։ Իր նախորդ աշխատանքների համար Մ. Հակոբյանը երկու անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը եւ նվաճել տարբեր կինոփառատոների բազմաթիվ մրցանակներ։ Ռեժիսորի այս ֆիլմը նախատեսվում է ներկայացնել «Օսկարի», «Էմմիի» եւ եվրոպական հայտնի մյուս կինոփառատոների մրցանակաբաշխություններին եւս։ Ֆիլմն արդեն արժանացել է գնահատականների, արձագանքների՝ ամերիկյան մամուլում («Լոս Անջելես թայմսը» անդրադարձել է ֆիլմին՝ կարեւորելով ներկայացված բացառիկ պատմական փաստերը)։ «Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը» ֆիլմի գեղարվեստական արժանիքների թվում առանձնանում է հատկապես երաժշտությունը, որը գրել է ամերիկահայ երիտասարդ կոմպոզիտոր ու դաշնակահար Ալան Ռուբիկը։ Երաժշտությունը մեծ վարպետությամբ փոխանցում է պատմական այդ տխուր իրադարձությունների մթնոլորտն ու մարդկային ապրումները՝ հզորացնելով ֆիլմի հուզական ազդեցությունը, ինչը մեծ հիացմունքով ընդգծում էին ֆիլմի հեղինակներն ու հանդիսատեսները։ Սա կոմպոզիտորի առաջին աշխատանքն է ֆիլմի համար, սակայն ավելի քան ութ ձայնասկավառակի հեղինակ Ալան Ռուբիկի երաժշտությունը զգալի ճանաչում է գտել գրեթե ամենուր, հատկապես ասիական երկրներում (Ճապոնիա, Չինաստան, Թայվան)։ Այդ երկրներում նա համարվում է այն եզակի ամերիկացի երաժիշտներից, որոնց ձայնասկավառակները վաճառվում են մեծ հաջողությամբ։ Իսկ Ալանի՝ բուժական նշանակություն ունեցող ստեղծագործությունները տեղ են գտել նաեւ Ճապոնիայի ազգային արխիվում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել