Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանճանշինի» ճանապարհները փակ էին

Մայիս 24,2003 00:00

«Երեւանճանշինի» ճանապարհները փակ էին Լուծարման մշակված հեռանկարը – «Երեւանի ճանապարհների շինարարական» ՊՓԲԸ-ն հաղթելով Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթում, կատարել է ավելի քան 500 մլն դրամ գումարի ճանապարհների նորոգման աշխատանքներ։ ՀՀ կառավարության 2000թ. ապրիլի 18-ի թիվ 178 որոշմամբ «Երեւանճանշինի» 100% բաժնետոմսերը մասնավորեցվեցին մրցույթով, որի արդյունքում ընկերությունը վերակազմվեց «Երեւանի ճանշին» ԲԲԸ-ի։ 23.06.2002թ. մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեցի ես։ Մինչ այդ, «Երեւանճանշին» ԲԲԸ-ի եւ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ի միջեւ կնքվեց պայմանագիր, որով «Երեւանի ճանշինը» պարտավորվեց կատարել ճանապարհների նորոգման աշխատանքներ, իսկ մյուս կողմը՝ վճարել դրա դիմաց։ Մենք պետք է ներկայացնեինք պայմանագրային պարտավորությունների կատարման բանկային երաշխիքներ, իսկ պատվիրատուն վճարեր համապատասխան կանխավճար։ Պայմանագրի պայմանները կատարելու համար «Երեւանճանշինը» 3 օր անց գրությամբ դիմեց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին՝ համապատասխան բանկային երաշխիքներ տրամադրելու խնդրանքով, սակայն 2000թ. դեկտեմբերից անսպասելիորեն սկսվեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Երվանդ Զախարյանի եւ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Գեւորգյանի ոտնձգությունները «Երեւանի ճանշինի» հանդեպ։ Մասնավորապես, 2000թ. դեկտեմբերի 27-ին ՓԲԸ-ն դիմեց «Ինեկոբանկին»՝ երաշխիքով ապահովված գումարի պահանջով։ Որպես նման պահանջի հիմնավորում նշվեց, թե իբր աշխատանքները «թերակատարելու» պատճառով հնարավոր չէ վերականգնել մեզ տրամադրված կանխավճարի մի մասը։ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհները» մեզ պարտք էր 31 մլն դրամ։ Առանց մեզ տեղյակ պահելու, «Ինեկոբանկը», այնուամենայնիվ, 2001թ. հունվարի 18-ին համապատասխան գումար մուծեց ՓԲԸ-ին։ Մենք հայտնվեցինք սնանկացման եզրին։ Հետեւեցին ինձ համար անհասկանալի ստուգումները ՀՀ ԱԱՆ-ի մի խումբ աշխատակիցների կողմից։ Նրանց առգրաված փաստաթղթերը վերադարձվեցին մեկ ամիս անց։ «Նմանատիպ ստուգման» նպատակով ՀՀ գլխավոր դատախազության քննչական խմբի կողմից եւս առգրավվեցին փաստաթղթեր եւ վերադարձվեցին 1 տարի անց։ «Երեւանճանշինին» վերջնականապես տապալելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ն ակտիվ մասնակից դարձրեց Իրանի Իսլամական Հանրապետության «Շահաբ» ֆիրմային։ 1999թ. ընկերության անունից բիտումի մատակարարման պայմանագիր եմ կնքել «Շահաբ» ֆիրմայի հետ, որն իր նախաձեռնությամբ առաջարկեց բիտումի դիմաց վճարվելիք գումարը փոխանցել ինչ-որ «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ի հաշվեհամարին։ Բայց նշված պայմանագիրն այդպես էլ չկնքվեց, «Շահաբը» գումարի պահանջով դիմեց դատարան, ձեռք բերեց համապատասխան վճիռ։ «Շահաբն» առանց պետական տուրք վճարելու դիմեց ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարան, որի կայացրած վճռի համաձայն, հօգուտ «Շահաբի» պետք է բռնագանձվեր ոչ միայն պարտքի հիմնական գումարը, այլեւ աստղաբաշխական տուգանք։ Ապօրինությունները թաքցնելու նպատակով նշված ՍՊԸ-ն դիմեց ՀՀ տնտեսական դատարանի աջակցությանը։ «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ն անվճարունակ ճանաչվեց։ Տվյալ հանգամանքն ավելի խորացրեց մեր կասկածները նշված ընկերության ստեղծման, գործունեության, լուծարման օրինական նպատակների եւ ՀՀ տնտեսական դատարանի հետ դրա համագործակցության վերաբերյալ։ Այդ մասին հաղորդվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետին։ Սակայն վերջինիս պատասխանը եւ գործունեությունն ուղղված է բնակչությանը սոսկ տեղեկատվություն ապահովելուն։ Իմ դիմումները ՀՀ գլխավոր դատախազը մակագրել է Գեւորգ Դանիելյանին։ Պարոն Դանիելյանը հայտնում է, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան առիթներ եւ հիմքեր։ Իսկ մի՞թե իմ՝ որպես ֆիզիկական անձի, հաղորդումը չի կարող դիտվել առիթ, իսկ դիմում-բողոքում ներկայացված հանգամանքները՝ հիմք։ Վարչության պետի պատասխանը վկայում է, որ քաղաքացիների հաղորդումների նկատմամբ, մեղմ ասած, անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերվում։ «Շահաբ» ֆիրմայի հետ կրկին տնտեսական դատարանում հանդիպեցինք 2002թ. մայիսի 15-ին։ Նրանք պահանջում էին անվճարունակ ճանաչել մեր ընկերությանը։ Իրանցիների հայցը բավարարելու համար կայացվեց հերթական խայտառակ վճիռը. սնանկ ճանաչվեցինք մենք։ Մի կազմակերպություն, որը ՀՀ ամբողջ տարածքում երկար տարիներ կատարել է ճանապարհաշինարարական լայնամասշտաբ աշխատանքներ։ Անվճարունակության գործով տնտեսական դատարանի կողմից նշանակվեց կառավարիչ։ Նրա կողմից 5 ամիս ստուգումներ անցկացնելուց հետո եւ պարտատերերի ընդհանուր ժողովի համաձայնությամբ ու պահանջով ՀՀ տնտեսական դատարան ներկայացվեց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի եւ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ի դեմ հայցադիմումը, ինչպես նաեւ ընդդեմ «Ինեկոբանկի» եւ «Ա.Վ. ԲՈՒՐՍԱ» ՍՊԸ-ի հայցադիմումը։ Գործի լսումները ձգձգվում էին։ Դրանք պետք է քննության առնվեին դեռեւս 2002թ. նոյեմբերից։ Տնտեսական դատարանի դատավոր Անատոլի Մաթեւոսյանը 6 ամիս անց հայցը մերժեց մի պատճառաբանությամբ, որ այդ պահանջը հակասում է «Երեւանի ճանշինի» եւ «Ինեկոբանկի» միջեւ կնքված բանկային երաշխիքի պայմանագրի պահանջներին, այնինչ, նշված պայմանագրային դրույթից բոլորովին չի բխում 74.202.650 դրամ կանխավճարի մասով երաշխիքի գումարը վճարելու պայմանը։ Այդպիսի պայման պայմանագրի 2.1.1 կետով նախատեսված է եղել այլ երաշխիք տալու համար՝ 14.840.530 դրամի մասով։ Վճռում սահուն անտեսվեց այն իրողությունը, որ պայմանագրից հրաժարվելու հիմք է հանդիսացել պատասխանողի կողմից պայմանագրի էական խախտումը, այն է՝ 30.11.2000թ. կատարված աշխատանքների դիմաց կատարողական ակտով ամրագրված վճարման ենթակա գումարից պատասխանողը անհիմն նվազեցրել է 11.909.700 դրամ։ Հետեւաբար, խախտվել է ոչ միայն կատարված աշխատանքի դիմաց հատուցում ստանալու իրավունքը, այլեւ կատարվելիք աշխատանքների համար կանխավճար ստանալու իրավունքը։ Պակաս անհասկանալի չէ ս.թ. ապրիլի 23-ին «Երեւանճանշին» ԲԲԸ-ի անվճարունակության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերի պալատին հասցեագրված գրությունը, որով կառավարիչը, վերապահելով իրեն վճռաբեկ դատարանի լիազորություններ, գտնում է, որ բողոքը ենթակա է վերադարձման այն հիմքով, որ տնտեսական դատարանի վճիռը որեւէ ձեւով չի առնչվում «Երեւանճանշին» ԲԲԸ-ի բաժնետիրոջը, այսինքն՝ ինձ։ ՎԱՀԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ «Երեւանճանշին» ԲԲԸ նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել