Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԿՅԱՆՔ, ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀ, ՄՈՐ ՀԱՐՑԵՐ

Մայիս 24,2003 00:00

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԿՅԱՆՔ, ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀ, ՄՈՐ ՀԱՐՑԵՐ Փետրվարի 13-ին ԼՂՀ Հադրութի շրջանի մարտական պահակակետերից մեկում 21-ամյա զինծառայող Սմբատ Պողոսյանը սպանել է մեկ այլ հայ զինծառայողի՝ 26-ամյա Հովհաննես Բալագյոզյանին: Դա «բարեկամական կրակի» դեպք չի եղել: Որպես սերժանտ, Բալագյոզյանը պատասխանատու էր դասակում կարգ ու կանոնի համար: Փետրվարի 12-ին ճաշից հետո Բալագյոզյանն ասում է Պողոսյանին, որ նրա հերթն է լվանալ ափսեները՝ առաջադրանք, որ սովորաբար տալիս են նորակոչիկներին: Բալագյոզյանի հետ միաժամանակ զորակոչված Պողոսյանը հրաժարվում է, եւ երկուսի միջեւ վեճ է բռնկվում: Հաջորդ առավոտյան ժամը 5-ին Պողոսյանն ավտոմատով մտնում է Բալագյոզյանի կացարանը, որտեղ քնած էին եւս երեք հոգի: Զինվորներից երկուսին թույլ է տալիս դուրս գալ: Պողոսյանը վեց-յոթ կրակոց է արձակում Բալագյոզյանի կրծքավանդակին: Պողոսյանը միաժամանակ կրակոցներ է արձակել եւ վիրավորել է զինծառայող Արմեն Հակոբյանին: Ապա փախուստի դիմելով՝ Պողոսյանն անցել է թշնամու տարածք՝ ադրբեջանական Ալիբեյլի գյուղ՝ գերադասելով գերության վտանգը իր հանցագործության համար պատասխան տալուց: Նրան իսկապես գերի են վերցրել եւ փետրվարի 18-ին երկկողմ փոխանակման արդյունքում վերադարձրել հայկական կողմին: ԼՂՀ Հադրութի շրջանի զինդատախազությունը հարուցել է քրեական գործ՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար: Նախաքննությունն ընթացքի մեջ է, կատարվում են դատահոգեբուժական եւ այլ փորձաքննություններ: Իր բանակային ծառայության 20 ամիսների ընթացքում Պողոսյանը յոթ անգամ դիմել է փախուստի: Նրա զորամասի հրամանատարն ասում է, որ 21-ամյա զինվորին ուղարկել է դիրքեր, որովհետեւ ավելի վստահելի զինվորներին ուղարկել են Երեւան նախագահական ընտրությունների ժամանակ ցուցարարներին դիմակայելու համար: Հովհաննես Բալագյոզյանին բանակ են զորակոչել 2001 թվականի հունիսին՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրա ընդունվելուց 6 ամիս հետո: «Գիտե՞ք ինչ լավ դաշնակահար էր Հովիկը, բացառիկ ընդունակություններով: Տաղանդավոր էր, շատ տաղանդավոր,- ասում է կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Արիկ Սաթյանը:- Ես նրան կոմպոզիցիա եմ դասավանդել, որտեղ նույնպես իր ընդունակություններով փայլում էր: Նա իմ տղայի համակուրսեցին է եղել, բոլորի կողմից սիրված էր եւ ամենակարեւորը, որ ուզում եմ նշել՝ նա բացարձակապես կոնֆլիկտային մարդ չէր»: Գիտության եւ կրթության նախարարին ուղղված միջնորդությունը ստորագրել են Հայաստանի հայտնի կոմպոզիտորներ ու կոնսերվատորիայի պրոֆեսորներ, որոնք խնդրել են հետաձգել Հովհաննես Բալագյոզյանի զորակոչը, որպեսզի նա կարողանա շարունակել եւ ավարտել ասպիրանտուրան՝ հաշվի առնելով «երիտասարդ մասնագետի վառ անհատականությունն ու երաժշտական տաղանդը»: «Որդիս Արամ Խաչատրյանի համերգասրահում մենահամերգ ունեցավ, ողջ պրոֆեսորա-դասախոսական կազմը շնորհավորում էր նրան,- ասում է Հովհաննեսի 51-ամյա մայրը:- Ես մի կողմ էի քաշվել: Դե, մենք ցածր ընտանիք ենք, այնքան կրթված ու զարգացած չենք, նրանց մոտ ես ինձ խորթ եմ զգում»: «Երբ տղաս տեսավ ինձ անկյունում կանգնած, բոլորին թողեց ու վազելով եկավ փաթաթվեց ինձ: «Մամ ջան, իմ հաջողության համար ես քեզ եմ պարտական, այս բոլորը միայն դու ես արել»: «Կորցրի իմ հարստությունն ու գանձը»: Եվ մինչ մայրը հեկեկալով ողբում է իր տաղանդավոր դաշնակահար որդու կորուստը, 63-ամյա հայրն ասում է, որ իր Հովիկը «տղամարդ տղա» էր: Արմեն Հակոբյանին զորացրել են բանակից այն բանից հետո, երբ Հովհաննես Բալագյոզյանին սպանողը վիրավորել է նրան: «Նա վախկոտ տղա չէր, ինչպես ձեզ ասեմ, իսկական «մուժիկ» էր», – ասում է Ժորա Բալագյոզյանը: Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը հիշում է շնորհալի ուսանողին, սակայն ասում է, որ «… առաջին հերթին սիրում եմ որպես մարդու, հետո նոր որպես շնորհալի դաշնակահարի»: Պրոֆեսորը հիշում է այն օրը, երբ Լիդա Բալագյոզյանը եկել էր խնդրելու իր օգնությունը՝ որդու զորակոչը հետաձգելու հարցում: «Հիշում եմ, թե ինչպես էր մայրը եկել, լաց էր լինում: Չեմ մոռանում, որ ասում էր, օգնեք տղայիս, սիրտս վկայում է, թե գնաց՝ հետը վատ բան է կատարվելու»: Շարունակելի ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ «ԱրմենիաՆաուի» թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել