Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզիչ» փաստեր

Մայիս 24,2003 00:00

«Համոզիչ» փաստեր Մինչ այժմ էլ իշխանամետ գործիչներն անընդհատ պնդում են, թե նախագահի ընտրության ժամանակ խախտումները եղել են երկկողմանի: Անգամ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ԱԺ ամբիոնից ազդարարեց. «Ինձ բավական համոզիչ փաստեր են ներկայացրել, թե ընդդիմությունն էլ է իրականացրել կեղծիքներ», նաեւ՝ իբր զեկույցներում դիտորդների «ձեւակերպումներն էլ շատ զգույշ են եղել, որ բոլորի համար էլ հասկանալի լինի, թե խախտումներ են եղել բոլորի կողմից»: Օրերս հրապարակվեց Գլխավոր դատախազության տեղեկանքը՝ նախագահի ընտրության ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընթացքի մասին, որը լավագույն ապացույցը դարձավ, թե ինչ արժեին իշխանամետների այդ բոլոր պնդումները: Այո՛, իրոք, Ստեփան Դեմիրճյանի օգտին էլ են կատարվել լցոնումներ: Դատախազության ծավալուն տեղեկանքում, որը շարունակաբար տպագրվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 4 համարներում, մեջբերված են նման… 3 փաստեր: Ո՜հ, իրոք զանգվածային են եղել հօգուտ ընդդիմության թեկնածուի խախտումները: Արմավիրի մի տեղամասում փորձել են քվեատուփ գցել Դեմիրճյանի օգտին քվեարկված 5 քվեաթերթիկ: Բացի այդ՝ Երեւանի 0400/18 տեղամասում եղել է եւս 9-ը լցոնելու փորձ: Իսկ 0396/18-ում էլ փորձել են Դեմիրճյանի ձայներն ավելացնել եւս 6 քվեաթերթիկներով: Երեք փորձերն էլ, ի դեպ, կանխվել են, թե չէ, կարելի էր պահանջել, որ այդ 20 քվեներն անպայման հանեն Դեմիրճյանի ստացած ձայներից: Հատկանշական է, որ այդ 3 փաստերից 2-ի առնչությամբ դատախազությունը դեռ շարունակում է ուսումնասիրությունները: Մինչդեռ այս նույն տեղեկանքում բերված են հօգուտ Ռոբերտ Քոչարյանի կատարված խախտումների փաստեր, որտեղ քվեաթերթիկները հաշվում են հարյուրներով՝ մի դեպքում՝ 260, մեկ այլ դեպքում՝ 394… եւ գրեթե բոլոր այս դեպքերի կապակցությամբ գործերի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության պատճառով: Իրոք, բավական համոզի՛չ փաստեր են սրանք, որ անգամ կասկածի նշույլներն էլ վերանան, թե հոգուտ Ռոբերտ Քոչարյանի կեղծիքները բնավ արջի ծառայություն չէին, այլ ծրագրված ու կազմակերպված խախտումներ, որոնց հեղինակներին երաշխավորված էր անպատժելիությունը: Ա. Ի. Հ. Գ. Նախագահի ընտրության ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ դատախազության տեղեկանքում նշված մի փաստ վերաբերում է «Առավոտի» փետրվարի 27-ի «Ձախ քվեաթերթիկներ» հրապարակմանը: Մենք մայիսի 10-ի «ՀՀ»-ից միայն տեղեկացանք, որ դատախազությունն այդ առնչությամբ ուսումնասիրություններ է կատարել, ու ձախ քվեաթերթիկների տպագրման մասին տեղեկությունը մեզ հայտնած «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն էլ հրաժարվել է իր խոսքերից: Եթե դատախազությունը ժամանակին նաեւ թերթից փորձեր ստանալ պարզաբանումներ՝ կներկայացնեինք ձայնագրությունը պրն Կարապետյանի հետ այդ զրույցի, որն անգամ ավելի ծավալուն էր, քան հրապարակել էինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031