ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ ԿԱ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ԱԺ ընտրությունների նախընտրական փուլի դիտարկման մասին իր միջանկյալ հաշվետվությունում «մտահոգություն է հայտնել ընտրացուցակների որակի եւ անճշտության վերաբերյալ, մասնավորապես մահացած մարդկանց անունների ներգրավումը, կրկնակի գրանցումները եւ ժամկետանց անձնագրային տվյալները»: Վերջինիս առնչությամբ առաքելությունը տեղեկացրել է, որ «քաղաքացիական հասարակությունն ու միջազգային դոնորները ջանքեր են գործադրում ՀՀ համայնքներում ընտրացուցակների բարելավման ուղղությամբ»: Մտահոգության առիթ է հանդիսացել նաեւ այն, որ ընտրացուցակներում մեծաթիվ են նաեւ ՀՀ այն քաղաքացիների անունները, որոնք ապրելով արտերկրում՝ շարունակում են մնալ ՀՀ-ում մշտական գրանցում ունեցող բնակիչներ: Ինչ վերաբերում է բողոքներին ու բողոքարկման կարգին, ապա՝ դիտորդական առաքելությունը փաստել է. «Նախագահական ընտրություններին վերաբերող վերջին իր որոշումներում Սահմանադրական դատարանը հրահանգել է ԿԸՀ-ին՝ վերանայել բողոքների եւ բողոքարկումների ընթացակարգը նախքան խորհրդարանական ընտրությունները: ԿԸՀ-ն դեռեւս այդ չի կատարել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերստին կրկնեց իր առաջարկները ԿԸՀ-ին՝ բարելավել որոշում կայացնելու գործընթացը եւ կատարել օրենքի պահանջը՝ բոլոր որոշումները 3 օրվա ընթացքում հրապարակելու վերաբերյալ»: ԵԱՀԿ դիտորդների դիտարկմամբ, ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների թվում գերակայում են անկախ՝ անկուսակցական թեկնածուները, «որոնց թիվն ավելի շատ է, քան կուսակցությունների կողմից առաջադրված բոլոր թեկնածուների ընդհանուր թիվը: Սակայն, այդ թեկնածուներից շատերի մասին կա տեղեկություններ կամ կարծիք, որ նրանք ոչ ֆորմալ կերպով կապված են կուսակցությունների հետ: Նրանցից շատերը տեղական հեղինակություն ունեցող դեմքեր են՝ հաճախ գործարար համայնքի ներկայացուցիչներ, եւ որոշ դեպքերում ընտրապայքարները արտացոլում են զուտ տեղական մրցակցություններ»: Դիտորդների ուշադրությունից չի վրիպել նաեւ այն, որ «Նախագահ Ռոբերտ Քոչարյանին զգալիորեն սատարող կուսակցությունները, մասնավորապես կառավարությունում ներկայացված ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն բացահայտորեն մրցակցում են իրար հետ»: Ինչ վերաբերում է քարոզարշավի անհավասար պայմաններին, ապա՝ «հիմնականում կուսակցություններն ու թեկնածուները հաղորդել են քարոզարշավում հնարավորությունների ոչ նշանակալից անհավասարությունների մասին»: Միաժամանակ՝ «առանձին դեպքերում տեղական իշխանություններն անարդար կերպով առավելություններ են ապահովում որոշակի կուսակցությունների եւ թեկնածուների համար: Օրինակ, ընտրությունների դիտորդական առաքելության դիտորդներն ուսումնասիրում են, թե ինչպես են համայնքի վարչական միջոցներն օգտագործվել Վեդիում մեկ կուսակցության օգտին: Այլ տեղերում, հատկապես Գյումրիում, տարբեր կուսակցական եւ թեկնածուական քարոզարշավի գովազդային պաստառներ ցուցադրված են քաղաքապետարանի շենքերի վրա»: ԵԱՀԿ դիտորդներն իրենց հաշվետվությունում տեղ են գտել նաեւ քարոզարշավի փուլում տեղի ունեցած օրինախախտումների, թեկնածուների եւ նրանց համախոհների դեմ կիրառված սպառնալիքների, ընտրողների հանդեպ կիրառված ճնշումների փաստերը՝ դրանց մեջ ներառելով մասնավորապես Ալավերդիում ընտրողների նկատմամբ ճնշումների փաստը, «որպեսզի սատարեն տեղական իշխանությունների հետ կապված թեկնածուին»: Հաստատված են համարվել նաեւ թեկնածուների շտաբների վրա հարձակման դեպքեր երկու՝ Սեւանի եւ Սյունիքի, ընտրատարածքներում»: Դիտորդական առաքելությունը «տեղյակ է ամենաքիչը 17 դեպքերի մասին, երբ 1-ին ատյանի դատարաններ ներկայացվել են բողոքներ ԸԸՀ-ների որոշումների նկատմամբ՝ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներին չգրանցելու կամ գրանցումից հանելու վերաբերյալ»: Դեպքերի սկզբնական վերլուծությունը, դիտորդների գնահատմամբ, ցույց է տվել, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց անհարիր կերպով կողմնակալ վերաբերմունքն են դրսեւորել թեկնածուների գրանցման համար պահանջվող չափանիշները գնահատելիս: Իհարկե, առաջիկա ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելություններն ավելի ամբողջական ու ամփոփ եզրակացություն կհրապարակեն միայն այդ ընտրությունների հաջորդ օրը՝ մայիսի 26-ին: Այդ օրը կհրապարակվի ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելությունների համատեղ, բայց նախնական հաշվետվությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ