ՔԴՄ-ն շարունակում է մնալ չափավոր հավակնոտ Ամփոփելով քարոզարշավը, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը Ժուռնալիստների միությունում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ապագա խորհրդարանը ներկայացնող հինգ կուսակցությունները։ Դրանք են՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ՕԵ-ն, «Արդարություն» դաշինքը եւ Ազգային միաբանությունը։ «Կցանկանայի, որ վեցերորդը մենք լինենք»,- լրագրողների հետ անկեղծացավ ՀՔԴՄ նախագահը։ Իսկ «ԱԺ-ում հայտնվելն իմ մանկության վարդագույն երազանքը չէ»,- մեծ քաղաքականություն վերադառնալու հայտը մեկնաբանեց Խ. Հարությունյանը։ Այլ «վտանգավոր զարգացումներ» նկատելով՝ ՔԴՄ-ն փորձում է «նոր խոսք, նոր ուժ եւ նոր քաղաքական վարքագիծ ներմուծել» մեր կյանքում։ Ուստի Խ. Հարությունյանը տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելուց հետո անպատվաբեր ոչինչ չի տեսնում «սովորական» պատգամավոր դառնալու իր հայտում։ Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ՔԴՄ նախագահը համոզված է, որ գործող Սահմանադրությունն իրեն չի սպառել, ավելին, ճգնաժամերից դուրս գալու հնարավորություններ է ընձեռել։ Այդուհանդերձ, պարոն Հարությունյանը գտնում է, որ «փոփոխություններում որոշ դրական միտումներ կան»։ Մինչդեռ, «նախապատրաստական նման ձեւերով մենք վտանգ ենք տեսնում այդ կարեւորագույն փաստաթուղթը հանրաքվեի դնելու հարցում»։ Ի դեպ, անկախ խորհրդարանում լինել-չլինելուց, քրիստոնեադեմոկրատները հետամուտ են լինելու օրհներգը փոխելուն։ Ըստ Խ. Հարությունյանի՝ «դա սեփական պատկերացումն է քո պետության մասին»։ Եվ քանզի ՔԴՄ-ն փափագում է Հայաստանը տեսնել «մրցունակ եւ զարգացող» երկիր, ապա սեփական պատկերացումները սեփական երկրի մասին՝ ցանկանում է տեսնել ըստ այդմ։ Իսկ մրցարշավը, բացի քաղաքական նկատառումներից, Խ. Հարությունյանի կարծիքով, յուրատեսակ մոնիտորինգ էր «որեւէ կուսակցության քաղաքական ծրագրերի ժողովրդի ակնկալիքներին համապատասխանության տեսանկյունից»։ Այսպիսով, «մեր ծրագրային հիմնական թեզերն արժանացել են ընտրողի հավանությանը»,- եզրակացնում է ՀՔԴՄ նախագահը։ Մասնավորապես, «որեւէ քաղաքականություն, որն ուղղված չէ մարդուն, մարդու առօրյա հոգսերը մեղմելուն՝ հեռանկար չունի։ Պետական քաղաքականության հիմքում պետք է լինի անհատը»,- արձանագրում են Հայաստանի քրիստոնեադեմոկրատները։ Վերջիններս հենց այդ գաղափարն են դնում Հայաստանը մրցունակ եւ զարգացող երկիր դառնալու իրենց ծրագրի հիմքում։ Իսկ ամենակարեւոր այցեքարտը համարում են կրթությունը եւ մշակույթը, որոնք «բոլոր ժամանակներում Հայաստանին հնարավորություն են տվել ներկայանալի լինել»։ Այս ամենով հանդերձ՝ «հանրային կյանքի ժողովրդավարացումը մեր ստրատեգիկ ռեսուրսն է եւ մենք իրավունք չունենք մեզ շռայլություն թույլ տալ՝ պակաս ժողովրդավար լինելու»։ Այս ամենը զուգակցվում է կանխատեսելի քաղաքական համակարգի ձեւավորմամբ, այլապես «քաղաքական պատասխանատվության, իշխանությունների արդյունավետության» մասին խոսելը Խ. Հարությունյանն «անտեղի» է համարում։ ՔԴՄ նախագահը մեկ անգամ եւս անդրադարձավ վճարունակ պահանջարկի ձեւավորման կուսակցության ծրագրային թեզին։ Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում, քրիստոնեադեմոկրատները գլխավոր ուղղությունը համարում են շարժումը դեպի Եվրոպա։ Որովհետեւ. «Եվրոպական ժողովուրդների ընտանիքին անդամակցումը նաեւ ապահովում է մեր խաղաղ, կայուն, անվտանգ զարգացման երաշխիքները»։ Իսկ խոշոր երկրների եւ հարեւանների հետ հարաբերությունները՝ «պետք է ծառայեն երկրի անվտանգ զարգացմանը բոլոր ժամանակներում»։ ՔԴՄ-ն մտահոգություն է տեսնում «մեկ, թեկուզեւ շատ սիրելի երկրից միակողմանի կախվածության մեջ»։ Ուստի՝ «Հայ-ռուսական հարաբերությունները մեզ երբեմն ներկայացնում են Հայաստանի անվտանգությանը միտված»։ Սակայն՝ «միջպետական հարաբերությունները բարեգործություն չեն եւ այդտեղ գթասրտություն գոյություն չունի։ Յուրաքանչյուր պետություն իր երկարաժամկետ ստրատեգիական շահն է փորձում իրականացնել»,- ասաց Խ. Հարությունյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ