Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Մայիս 23,2003 00:00

ՍԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Քոչարյանը մնաց նախագահ։ Հարցն այն չէ՝ ընտրվեց, թե չընտրվեց. ընտրվելու կամ չընտրվելու հարց չէր առաջանա, եթե նա չառաջադրեր իր թեկնածությունը։ Հարցը նույնիսկ այն չէ՝ սահմանադրորեն ուներ դրա իրավունքը, թե չուներ։ Հարցը նույնիսկ ընդդիմության պարտությունը չէր՝ կեղծիքներով, թե առանց կեղծիքի։ Եթե միայն նրա նախագահ լինելով ընդդիմությունը պարտություն կրեց՝ կարելի էր սրտի ցավով արձանագրել, թե ինչ է պատահել՝ ընդամենը պարտվեց ընդդիմությունը, ինչ մեծ ողբերգություն է։ Քաղաքագետ ընկերս կասեր՝ «հավերժության տեսակետից» ոչ ոք չի պարտվում, առավել եւս՝ ոչ ոք չի հաղթում։ Սակայն հարցն այն է, որ ընդդիմության այս հերթական պարտությամբ զոհաբերվեց երբեւէ ընդդիմություն ունենալու հույսը։ Առաջիկա տասնամյակում հազիվ թե ունենանք այնպիսի ընդդիմություն, որ սահմանադրական ճանապարհով փորձի հասնել իշխանափոխության եւ այդքան մոտ լինի դրան, եթե, իհարկե, երկրում այնքան ժողովուրդ մնա, որի մի մասն իրեն շռայլություն թույլ տա ընդդիմություն լինելու եւ այնքան իշխանություն ունենալու կարիք, որ կարիք լինի նաեւ ընդդիմություն ունենալու՝ իբր ժողովրդավարական պետություն ենք, պիտի ունենանք։ Իսկ եթե ունենանք… ունենալու ենք Արթուր Բաղդասարյանի կամ Գեղամյանի պես մի բան։ Այն էլ՝ չորս-հինգ տարին մեկ, ընտրությունից ընտրություն, մի տեսակ՝ սեզոնային ընդդիմություն։ Իսկ դա չարյաց փոքրագույնը չէ, ինչպես պնդում է ժողովրդական իմաստնությունը, կամ, ինչպես նման պահերին կարող է հավաստել հայկական ժողովրդավարության հայր Հայրիկյանը, ասելով՝ «ընտրություն վատի եւ վատթարագույնի միջեւ»։ Դա վերջի սկիզբն է, եթե վերջը մի էդքան՝ սկիզբ տանելու չափով հետաձգենք, այնքան, որ Հայրենիքը փրկելու ծրագիրը վերածվի Հայրենիքը Գեղամյանից փրկելու ծրագրի։ Սակայն դա անհետաձգելի չէ, հենց հիմա լուծելու խնդիր, որովհետեւ Գեղամյանի «Հակաճգնաժամային ծրագիրը» նախագահական ընտրություններից հետո արագորեն վերածվում է քաղաքական գործիչ Գեղամյանի անձնական դեպրեսիայի։ Ճիշտ է, Ազգային միաբանության լիդերը դեռ շարունակում է նույն դերը խաղալ, ինչ նախագահական ընտրություններում, բայց տիրոջ կամքով առաջին պլան մղվեց նրա ավելի ջահել երկվորյակը՝ Արթուր Բաղդասարյանը, որի դեմն առնելու լենքով էկրան ընկած Հմայակ Հովհաննիսյանի՝ մրցակցի ՀՀՇ-ական անցյալը դատափետելու ուշացած փորձն անզոր է կասեցնել «օրինացի» հաղթարշավը։ Մարդը հասկանում է, որ իրենք ինչքան ձեն փախցնեն՝ արդեն «Արդարությունից» չէ, որ փախցնում են, ինչպես նախագահական ընտրություններում, իսկ ինչքան կորցնում են, անցնում է «Օրինաց երկրին»։ Վիճակագրական խաբող թվերի ետեւում անգամ պարզ երեւում է, որ վերջին շաբաթներին «ԱՄ»-ի ուղիղ կեսով կորցրած տոկոսները գրեթե նույնությամբ ավելացնում են Արթուրի տոկոսները եւ սեփական մարմնի զանգվածի ամենազգայուն հատվածով քաղաքագիտության դոկտորը չի կարող դա չզգալ։ Կեսգիշերային հիմներ կամ կոմսոմոլական ռենեսանս Հավանաբար, շատերը հիշում են, թե ինչու պիտի «Սերգեյ ջանը» լավ չապրեր, բայց թե ինչ կապ ուներ Սերգեյ ջանը Ղարաբաղի հետ՝ գիտեր միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, էն էլ լռության ուխտ կապած, ապաստանել է Անհուշ բերդում, որտեղից օձն իր պորտով, հավքն իր թեւով ոչ մի լուր բերել չի կարող։ Բայց եթե Աստված մի դուռ փակում է, մյուսը բացում է, եւ հիմա այդ մասին գիտի նաեւ Արթուր Բաղդասարյանը։ Ճիշտ է, վերջինս գիտի, թե ինչպես պետք է լավ ապրի նաեւ ողջ հայ ժողովուրդը՝ ի սփյուռս եւ այլուրեք, բայց դա բնավ չի խանգարում, որ անկախ դրանից, լավ չապրի Սերգեյ ջանը։ Էլ չենք ասում, որ Սերգեյ ջանն էլ դա գիտի։ Մյուս կողմից, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արթուր Բաղդասարյանը գիտի, թե ինչ պիտի անի, որ եւ ժողովուրդը լավ ապրի, եւ Սերգեյ ջանը, եւ, իհարկե, եթե անգամ չլուծվի Ղարաբաղի խնդիրը, ինչը չհաջողվեց այդ խնդրում «շնացած» բոլոր միջնորդներին՝ Ալիեւն ու Քոչարյանն էլ վրադիր, ինչպես նաեւ մարդկության պայծառ ապագայի դարբիններին՝ Թոմաս Մորին, Կամպանելային, Լենինին, Մառին ու Ֆիդել Կաստրոյին։ Բայց ինչ նրանց սխալն էր, Արթուրի առավելությունն է, քանի որ մարդկությանը երջանկացնելու մեծ երազանքի ետեւից ընկած, նրանք չհասկացան, որ մարդկությունն ինքնին լավ չի կարող ապրել, բայց առանձին վերցրած մարդը կարող է։ Իմացողները, իհարկե, կհասկանան, որ դրանով Արթուրը հասավ Մարքսի ուսմունքի եւ Լենինի «առանձին վերցրած մի երկրում» դրախտ կառուցելու պրակտիկ տեսության հանճարեղ սինթեզին եւ մերժեց առաջնորդների «դասակարգերի հավերժական պայքարը»՝ այն ստորադասելով երկիրը օրենքներով կառավարելու քրմական ատավիզմին,- ի՞նչ կարող ենք անել. երբ անիմաստ է դառնում փոքրը զոհաբերել մեծ գաղափարին, հարկ է լինում մեծը զոհաբերել փոքրին, որ գոնե Սերգեյ ջանը լավ ապրի։ Այդպիսի գաղափարի հասնելու համար կրթություն ունենալը քիչ է, պակասություն կանի իրավաբանության դոկտոր լինելը, բախտը բերելու վրա հույս դնել չի կարելի, դրա համար հարկավոր է… անաղարտ մանկություն ունենալ, բեմերից չիջնող պատանեկություն եւ հակառակ Էքզյուպերիի պնդման, չպետք է թույլ տալ, որ յուրաքանչյուր մանուկի մեջ «մորթվի Մոցարտը»։ Իսկ դրա համար պարտադիր չէ անգամ Մոցարտի տաղանդն ունենալ, քանզի տաղանդը մորթվելու մշտական թիրախ է։ Կարելի է յոլա գնալ… օրենքով։ Ասենք, օրենք՝ «Մոցարտին օրենքով պաշտպանելու մասին», կամ՝ «օրենք՝ օրենքը պաշտպանելու մասին», ավելին՝ «օրենք՝ օրենքից պաշտպանվելու մասին» եւ վերջապես՝ «Քո օրենքը քո երկրում»։ Բայց քոռ բախտից էնպես է պատահել, որ հենց «քո օրենքն է» մեր երկրում, լավ կլիներ, որ նախ այն կիրառեիր «քո երկրում»։ Երկրորդ. այնպես չի պատահում, որ «քո օրենքը» գործի ուրիշի երկրում, եթե այդ երկիրը չես նվաճել, իսկ այդ դեպքում լինում է ուրիշի օրենքը ուրիշի երկրում։ Կամ որ նույնն է՝ քյանդրբազություն սատանի մայլում։ … Չար լեզուների չճշտված աղբյուրներով հայտնի է, որ Արթուրիկի պապը հին բոլշեւիկ, ուստիեւ ՍՄԿԿ պատմության մասնագետ էր եւ ամեն Աստծո առավոտ, կներեք, ամեն կեսգիշեր, ժամը 12-ին, երբ հայկական ռադիոյով հաղորդումներից հետո հնչում էր ՀԽՍՀ հիմնը, պապը ստիպում էր ընտանիքի բոլոր անդամներին հոտնկայս լսել, իսկ ժամը 1-ին՝ արդեն չափահաս անդամներով լսում էին ՍՍՀՄ հիմնը եւ իրար «բարի գիշեր» մաղթում։ Նիցշեն Վագների օրինակով համոզված էր, որ երաժշտությունը մարդու միտքը ազատ է դարձնում։ Դատելով «Օրինաց երկրի» գովազդներում օգտագործվող ընտիր երաժշտությունից, պետք է ենթադրել, որ այն կարող է հաջողակ սարքել նաեւ ընտրարշավը, որը, նայելով թափին, ըստ ամենայնի, Արթուրի համար գալիք նախագահական ընտրություններում մասնակցություն ունենալու նախերգանքն է։ Ալեքսանդրապոլի պայմանագրին ընդառաջ Նախագահական ընտրություններին հաջորդած խորհրդարանական ընտրությունները սկզբնական փուլում պահպանում էին Քոչարյան-Դեմիրճյան կոնֆլիկտի հիմնական ուղղությունը, այն է՝ երկրում հարկավոր է հաստատել օրինական իշխանություն եւ դրա հիմնական խոչընդոտը Քոչարյանն է։ Այս ընթացքում «Արդարություն» դաշինքը չփոխեց կուրսը, սակայն հայտնվեց միանգամայն այլ հարթությունում. նա պետք է մրցակցի ոչ թե Քոչարյանի, այլ նրան սատարող ուժերի հետ։ Իսկ դա, պարզվեց, այնքան էլ նույն բանը չէ։ Ընտրարշավի տրամաբանությունը փոխվեց այն պահից, երբ Քոչարյանին սատարող ուժերը հայտնաբերեցին անձնական մոտիվներ, քան դրված էր Քոչարյանին պաշտպանելու տրամաբանության մեջ։ Պարզվեց, որ նրանք էլ երկրի եւ հասարակության համար ուզում են միեւնույն բանը, ինչ ցանկանում էր իրագործել ընդդիմությունը։ Նախագահական ընտրություններում Քոչարյանի թիմում գործող ուժերը մի մեծ երազանք ունեին՝ համախմբված տեսնել ընդդիմությանը մեկ միասնական թեկնածուի շուրջը։ Հիմա նրանց մուրազը կատարվեց։ Իսկ իրենք չհամախմբվեցին՝ ինչո՞ւ։ Հարցի վերջնական պատասխանը կարելի է տալ մայիսի 25-ից հետո, բայց հիմա մի բան պարզ է՝ հավատարմության ուխտ կապելուց հետո, հարկ է նաեւ ապացուցել իրենց վաստակի կշիռը, որով եւ կուրվագծվի փայատիրության չափը։ Որքան էլ բամբասեն, Հայ հեղափոխական դաշնակցությունն անկախության անցած 10 տարիներին երբեք այդքան իշխանատենչություն չի դրսեւորել. ո՛չ 90-91-ին, ո՛չ էլ նույնիսկ 96-ին, 98-ին եւ 99-ին, ինչքան հիմա։ Պետք չէ պատճառներ որոնել, ոչ էլ փորփրել անցյալը։ Հավատավոր կուսակցությունը 18-20 թթ. դառը փորձից մի դաս հաստատ քաղել էր. իշխանությունը պատասխանատվություն է։ Սակայն վերջին տարիներին մեկ-երկու նախարար հաջող փորձարկելով, գլխի ընկան, որ ամենեւին էլ այդպես չէ։ Դժբախտ պատահարի պահին գիտակցությունը լավ խորհրդատու չէ։ Վրահաս աղետից թե մարդուն փրկեց՝ բնազդի մաքուր հակազդեցությունն է, չփրկեց՝ ոչինչ չի փրկի։ ԱԺ-ի պես մանրիկ այս ընտրություններում Դաշնակցության իշխանատենչությունը մի բան հաստատ նախանշում է, որ մոտ է աղետը։ Նրանք աղետի թագավոր են, ողբերգության ռեժիսոր, եւ եթե հիմա իշխանության են ձգտում, իմացած լինենք՝ ոչ թե աղետը կանխելու, այլ կորստից դրոշակ սարքելու, ապագայի առեւտուրն ապահովելու համար։ Ասենք, ինչ կարժենա Ղարաբաղը, ինչքան՝ Հայաստանը, Աթենք հասնելու ինքնաթիռի տոմսը, կամ լավագույնը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքելու ժամանակները եկել են։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել