Ում հեռացնել, երբ, ինչպես Ստեփան Դեմիրճյանի հետեւողականությանը ծանոթ լինելով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո, երբ Եվրոդատարան դիմելու թեման դարձավ օրակարգային, արդեն կարելի էր խմբագրել նրա հայտնի ֆրազը: Ոչ թե «Մենք գիտենք՝ ինչ անել, ոնց անել, ումով անել», այլ՝ «Մենք գիտենք՝ ում հեռացնել, ոնց հեռացնել, երբ հեռացնել»: Առավել եւս, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ցանկացած ելք, Քոչարյանի պաշտոնանկման խնդիր է լուծելու: Նախագահամետների «հաղթանակ» ապահովելու փորձը Քոչարյանի համար նույն հետեւանքն է ունենալու արտաքին ճնշումների տեսակետից, ինչ ԱԺ-ում ընդդիմության հաղթանակը՝ ներքին ճնշումների: Մեծ հաշվով այդտեղ չարիքի փոքրագույն չկա: Ենթադրենք, տեղապահը կարգադրի ընտրակեղծիքներով ապահովել ՀՀԿ, ՀՅԴ, «ՕԵ», ՀՌԱԿ, եւ էլ ավելի խառնիճաղանջ գոյացությունների՝ ՀԺԱՄ, ՄԱԿ եւ այլն, հաղթանակը: Նույնիսկ ամենաետին դեմագոգն էլ չի մտածի, թե Քոչարյանը կարող է հույսը դնել ընտրողի քվեի վրա: Մնում է «Քրեական օրենսգրքի» նախատեսած ճանապարհը: Իհարկե, Քոչարյանը բարոյական արգելանքների խնդիր չունի: Բայց հանցագործություն իրականացնելը ոչ միայն բարոյականության հարց է, այլեւ մտքի եւ հնարավորությունների: Հազիվ թե տեղապահի միտքը քվեաթերթիկներ լցոնելուց եւ արձանագրություններ կեղծելուց բացի՝ նոր մեթոդ երկնի: Հնարավորությունների առումով էլ հայտնի ընտրակեղծիքները հազիվ թե ցանկալի արդյունքն ապահովեն: Եթե նախագահական ընտրություններում՝ ե՛ւ քվեարկության ընթացքում, ե՛ւ ձայները հաշվարկելիս, ընտրական տեղամասում մեծամասնություն էին կազմում հանձնաժողովի անդամները, ապա խորհրդարանականին՝ միայն վստահված անձանց թիվը եռակի գերազանցելու է հանձնաժողովականների թվին, չասելով այլեւս դիտորդների մասին: Այդքան վկաների ներկայությամբ հանցագործություն կատարելը մեծ համարձակություն է եւ վտանգ. մանավանդ, թափանցիկ քվեատուփը հնարավորություն է տալիս հանցագործության իրեղեն ապացույց ձեռք բերել ցանկացած պահի՝ քվեատուփում լցոնված քվեաթերթիկները լուսանկարելով: ԵԱՀԿ դիտորդների այս փորձառությունից զգուշանալով էր, որ տեղապահն ամեն գնով ջանում էր անթափանց քվեատուփեր կիրառել: Չհաջողվեց: Տեղամասում ձայների հաշվարկից հետո էլ արձանագրությունները տրվելու են մի քանի տասնյակ անձանց, հետեւաբար, դրանք հետահայաց կեղծելը նույնպես մեծ համարձակություն է եւ վտանգ: Երկրորդ բարդությունն այն է, որ Քոչարյանն անկարող գտնվեց նախագահական ընտրություններում կատարված հանցագործությունները հուսալի պարտակել: Դրանց իրականացնողների անպատժելիությունը խիստ երեւութական է: Ե՛վ միջազգային դիտորդական առաքելությունները, ե՛ւ ՀՀ ՍԴ-ն հականե-հանվանե ամրագրեցին հանցագործությունների հասցեները /տեղամասերի համարները/, հետեւաբար՝ նաեւ կատարողներին: Ոչ ոք այնքան միամիտ չէ, որ չհասկանա՝ նման հիմքերի առկայությունը դամոկլյան սուր է՝ հանձնաժողովների անդամների եւ նրանց հանցակիցների գլխավերեւում: Երբ ասես /նույնիսկ տարիներ անց/ կարող են հանցանքներին անդրադառնալ եւ քրեական գործ հարուցել, նույնիսկ հարուցված-կարճված գործերը վերաբացել: Այս իրավիճակն է ոչ թե 1-2, այլ՝ 100-200 տեղամասերում: Նույնիսկ երդվյալ հանցագործը բացահայտումից մտահոգվում է, ուր մնաց՝ շարքային ուսուցիչը, ծառայողը կամ բուժքույրը, որ դժբախտություն են ունեցել հանձնաժողովների կազմում ընդգրկվելու, կարողանան անհոգ շրջել կամ մտքներով անցկացնեն կրկնական հանցագործություն՝ նախագահականում կատարվածի փաստագրումները տեսնելուց հետո: Տեղապահին սատարողների հաղթանակը անհնար է դարձել նաեւ մասնատվածության պատճառով: Ե՛վ 95-ին, ե՛ւ 99-ին կար «իշխանության կուսակցություն», որի հաղթանակի համար զորաշարժի էին ենթարկվում պետության վարչական ռեսուրսները: Իսկ ա՞յժմ՝ ենթադրենք նույն Մասիսում, որտեղ մի կողմից՝ Գուրգեն Արսենյանը այլեւս հնար չթողեց սեփական գոյության մասին Սերժ Սարգսյանին հիշեցնելու՝ թերեւս հուսալով «դաբրո», մյուս կողմից՝ Սամվել Սահակյանը ՀՅԴ-ին փոքրիշատե ֆինանսական միջոցներով օժտած Հրանտ Վարդանյանի հովանավորյալն է: Վարչական ռեսուրսի շարքային մասնիկը՝ ի դեմս հանձնաժողովի անդամի, տեղական իրավապահի կամ թաղային հեղինակության, ինչպե՞ս կողմնորոշվի՝ ո՞ւմ օգտին կեղծել: Ի դեպ, երբ վարչապետն էլ՝ Եվրամիության գրանտների կարգի իրազեկություն ի ցույց դնելով, հայտարարում էր, թե ընդդիմությունը մեծամասնական ընտրատարածքներում հաղթելու շանս չունի, հետաքրքիր է՝ ՀՀԿ-ն ներկայացնող որեւէ մեկն այդ շանսն ունի՞: Թե՞ ասենք Ռուբեն Հայրապետյանը կամ Հակոբ Հակոբյանը ՀՀԿ են: Ինչեւէ, վերջին հաշվով մեծամասնականները երկրորդական են, քանի որ խորհրդարանական ընտրություններում սովորույթի ուժով հաղթանակած է համարվում համամասնական ընտրակարգով հաղթած քաղաքական ուժը: Իսկ համամասնական ընտրակարգով «Արդարություն» դաշինքի հաղթանակը կանխելու համար պետք է ամեն տեղամասում թվանկարչությունն ուղղորդվի միաժամանակ պայծառատեսի եւ ԷՀՄ-ի ունակություններով օժտված մեկի կողմից, որպեսզի 20 կուսակցությունների միջեւ 200 տոկոս ձայն չբաշխվի: Իսկ այսքան բարդություններ ունեցող կեղծարարությունն իրականացնել այնպես, որ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականը չհնչի ավելի խիստ, քան նախագահական ընտրություններից հետո, անհնար է: Մանավանդ, երբ այժմ միջազգային հանրության հետեւողականությունն ու բծախնդրությունն ավելի ակնառու է: Իսկ որ խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի բացասական արդյունքը Հայաստանի համար արժենալու է Եվրախորհրդից հեռացում, շատ պարզ է հայտարարվել՝ դրանից բխող դիվանագիտական եւ ֆինանսական հետեւանքներով: Իհարկե, Քոչարյանը կշահի այն, որ Եվրոդատարանում գործի քննություն չի կայանա, բայց իրադարձությունների այդ սցենարով իրեն էլ հրաժարականի այլընտրանք չի մնա: Իսկ եթե կեղծարարությունը չգերակշռի ընտրությանը, պարզ է, որ կհաղթի «Արդարություն» դաշինքը: Օրակարգում կկանգնեն Դեմիրճյանի հայցը Եվրոդատարան եւ «վստահության հանրաքվեն», որի արդյունքների առնչությամբ թերեւս Քոչարյանն էլ պատրանքներ չունի: Իսկապես թե չկա չարիքի փոքրագույն, քանի որ բոլոր ուղիներն էլ նույն հանգրվանին են տանում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ