Լրահոս
Օրվա լրահոսը

101-ն է՛լ հայրենիքում կնշվի

Մայիս 23,2003 00:00

101-ն է՛լ հայրենիքում կնշվի Երեկ աշխարհահռչակ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրն այցելեց Գառնի եւ Գեղարդ։ Գառնեցիները լուրջ նախապատրաստվել էին նրա գալուստին։ Շուրջբոլորը փայտե փորագրություններ, հայկական զարդանախշերով նկարներ ու փոքրիկ հուշանվերներ էին վաճառվում՝ չհաշված սուջուխը, թթու լավաշն ու քաղցրավենիքները։ Ու քանի որ Ազնավուրն ուշանում էր, գառնեցի երեխաները սկսեցին ինքնագիր խնդրել երեւանցի լրագրողներից։ Մեկն էլ նույնիսկ պարծեցավ, թե դա իր վերջին զանգի առիթով արված լավագույն նվերը կլինի։ Տաճարի շուրջն աշխուժություն էր տիրում։ Այստեղ էին եւ Հարություն Թոփիկյանի ղեկավարած կամերային երգչախումբը, եւ «Տկզար» ազգային նվագարանների ու դուդուկահարների համույթները։ Գառնո տաճարի դարպասների մոտ Շառլ Ազնավուրի ուսին հայկական լավաշ գցեցին։ Նա էլ սիրով համտեսեց դրանից։ Ի դեպ, գառնեցի կանանցից ֆրանսահայ երգիչը նաեւ բադրիջանի մուրաբա եւ մեղր գնեց։ Շառլ Ազնավուրին այստեղ ժողովուրդը դիմավորեց երգուպարով, իսկ տաճարի ներսում, նրա խնդրանքով, Կոմիտաս երգեցին։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում հայ երաժշտությանը, Ազնավուրը պատասխանեց. «Սա օտար երաժշտություն չէ, այլ իմ ազգայինն է, դրա համար էլ նորմալ եմ վերաբերում»։ Տաճարից հեռանալիս նա կատակեց, թե ոչ միայն 100, այլեւ 101-ամյակն էլ է Երեւանում նշելու։ Ի դեպ, Գառնիում եւ Գեղարդում ինքն առաջին անգամ էր լինում։ Եվ, բնականաբար, հաճելի տպավորություններ ուներ. «Առաջին անգամն եմ Գառնո տաճարում, մյուս անգամներն ավելի շատ Երեւան եղած եմ»։ Նրա որդին՝ Միշա Ազնավուրը, ավելի շատ շփոթված էր, անընդհատ զարմացած շուրջբոլորն էր նայում։ Դրա համար էլ ձեռնպահ մնաց տպավորությունները լրագրողների հետ կիսելուց։ «Ցավոք, շատ բան չեմ հասցնում տեսնել, ընկալել, որովհետեւ հարյուր հազարավոր մարդիկ են ինձ շրջապատում»,- ֆրանսերենով ասաց նա։ Հաջորդ կանգառը վիմափոր Գեղարդի վանքն էր, որտեղ եւս Շառլ Ազնավուրին ջերմությամբ ընդունեցին։ Անգամ ծծկեր երեխաներով կանայք էին եկել մեծ հային տեսնելու։ Իսկ ամենահնարամիտներն իրենց երեխաներին 1-2 րոպեով կանգնեցնում էին նրա կողքին ու հաջողացնում լուսանկարել։ Ինչպես նախորդ երկու օրերին, երեկ էլ Շառլ Ազնավուրն առանձնապես չցանկացավ շփվել լրագրողների հետ։ Հատուկենտ հարցերին էլ լակոնիկ պատասխաններ տվեց։ Փոխարենը լուսանկարում էր երկու տաճարներն էլ, իր պատվին ելույթ ունեցող համույթներին, գյուղացի կարմրաթուշ, չարաճճի երեխաներին ու այն ամենը, ինչ Հայաստանն է հիշեցնելու իրեն Փարիզում։ Նա Գեղարդից ուղեւորվեց Սեւան, որից հետո կվերադառնա Երեւան՝ ծննդյան 79-ամյակը մտերիմների շրջանակում նշելու։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել