Դուդուկահարների եւ զուռնաչիների դեֆիցիտ կար Կոտայքի մարզի թիվ 44 ընտրատարածքում հիմնական մրցապայքարը ԱԺ նստատեղիների համար ընթանում է ԱԺ դեռ գործող պատգամավոր Արամ Հարությունյանի եւ Տարոն Տոնոյանի միջեւ։ Ասել է թե, «ՕԵ»-ի եւ ՀՅԴ-ի միջեւ։ Ընտրական տեխնոլոգիաների կիրառման առումով հետաքրքիր էր Նոր Հաճընում մեզ պատմածը։ Ընտրողներից մեկը հայտնեց, որ սգո արարողության համար զուռնաչիներ եւ դուդուկահարներ չեն կարողացել գտնել, քանի որ վերջիններս ընդգրկված են եղել դաշինքների համամասնական ուրախությունն ապահովելու սուրբ գործին։ Արամ Հարությունյանի անվան պարագայում, ընտրողները ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ 4 դպրոցների այս օրերին նվիրվել են հեռուստացույցներ։ Նույն թեկնածուի հետ է կապվում նաեւ «Կարկատան ասֆալտի վրա» ծրագրի իրականացումը, ինչը նշանակում էր նախընտրական ասֆալտ գցել բոլոր այն ծակուծուկերի վրա, որոնք առաջանում են 4 տարիների անտարբերության արդյունքում։ Զորավանի մի ընտրող մեզ հայտնեց, որ իրենց գյուղում գազ պիտի քաշվի՝ շնորհիվ Ա. Հարությունյանի։ Հետաքրքիրն այն է, որ գազի խողովակները վերոնշյալ թեկնածուն, ըստ պտտվող լուրերի, Քանաքեռավանից հավաքել եւ բերել-թողել է Զորավանում։ Օդի մեջ կախված գազի խողովակները, ըստ բնակիչների, աչքի չեն ընկնում իրենց անվտանգությամբ։ Բայց այս բոլորը հեչ։ Իր հեռուստաելույթի ժամանակ քաղաքապետը կոչ է արել պաշտպանել Ա. Հարությունյանին։ Թե ինչու է նա հատկապես շահագրգռված այս թեկնածուի հարցում՝ կպարզվի մոտ օրերս։ Թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով առաջադրվածները դեռեւս տաք են եւ չգիտեն, թե ինչ է նրանց սպասվում տեղամասային հանձնաժողովներում։ Ուժեղ են այն տեղամասային հանձնաժողովները, որտեղ թեկնածուներն ունեն ծանոթ-բարեկամներ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ա. Հարությունյանի խնամի-բարեկամական դրսեւորումները առկա են մասնավորապես հետեւյալ տեղամասերում՝ Եղվարդի թիվ 4403 տեղամասի հանձնաժողովի անդամ է նրա եղբայրը՝ Արայիկ Հարությունյանը, թիվ 4404-ում ընդգրկված են նրա հորեղբոր տղան՝ Գեւորգ Արշակյանը, զոքանչի եղբայրը՝ Վանուշ Մկրտչյանը, ինչպես նաեւ նրա երեւանյան օֆիսի աշխատակից Վոլոդյա Դանիելյանը։ Թիվ 4408 տարածքում (Նոր Հաճըն) Ա. Հարությունյանի աներձագն է ընտրական հանձնաժողովի նախագահը՝ Արայիկ Ստեփանյանը։ Ի դեպ, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը նրա սեփական հիմնարկի գործադիր տնօրենն է։ Նոր Հաճընի 4410 տեղամասի հանձնաժողովի անդամ է նրա հորեղբոր տղան՝ Հայկ Հարությունյանը։ Մի հորեղբոր տղա էլ ընդգրկված է Պռոշյանի 4414 ընտրատարածքում՝ Արա Արշակյանը եւ եղբայրը՝ Անդրանիկ Հարությունյանը։ Ըստ մեր աղբյուրի, Պռոշյանի 4415 տարածքում նա ունի երկու հորեղբոր տղա հանձնաժողովի անդամներ՝ Արմեն Եգորյանը եւ Ռուստամ Արշակյանը։ Զովունու 4426 տեղամասում կնոջ մորաքույրն է հանձնաժողովի անդամ՝ Ազատուհի Մկրտչյանը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ա. Հարությունյանի մանկության բազմաթիվ ընկերներ ընդգրկված են Զովունիի տարբեր ընտրատեղամասերում, ապա պարզ է, թե ինչ է սպասվում մրցակիցներին, որոնք բարեկամներ չունեն թիվ 44 ընտրատարածքի տեղամասերում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ