Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԵՌՎԵԼ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՎՐԱ

Մայիս 23,2003 00:00

ՍԵՎԵՌՎԵԼ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՎՐԱ Վերջին ընտրություններում, առավել, քան երբեւէ, բոլոր թեկնածուները սկսել են իրենց ուշադրությունը սեւեռել կրթական ոլորտին: Սակայն թեկնածուների մտքի անսպասելի պայծառացումը, ցավոք, շահադիտական նպատակներ ունի: Նրանք միշտ են այդպես. ծույլ, բայց իրենց շահն իմացող աշակերտի նման ուղեղները լարում են այն ժամանակ, երբ գնահատականների հարց է առաջ գալիս: Այսպես՝ թեկնածուները հանկարծ հիշեցին, որ ամեն ինչի սկիզբը դպրոցն է, սկսեցին արդեն քանի տարի արհամարհված ուսուցիչներին համարձակ խոստումներ տալ, գայթակղել: Ու հասան իրենց նպատակին. փոխեցին ուսուցչի հոգեբանությունը՝ հիմնովին, ուսուցչին դարձրին իրենց պես կաշառակեր ու սկսեցին օգտագործել նրանց: Ուսուցիչները սովորեցին նաեւ իրենց դիրքը չարաշահելով ծնողներին ահաբեկել՝ հընթացս «դաս տալով» իրենց սաներին: Եվ ՀՀԿ-ի ու «Ազգային միաբանության» մի անդրադարձն այն մասին, որ ուսումնական ծրագրերում պետք է զետեղել այնպիսի թեմաներ, որոնք էապես կնպաստեն անհատին ազատության ու պատասխանատվության ոգով դաստիարակելուն՝ «ամրապնդելով այն գիտակցումը, որ ազգի հզորությունը սեփական ոգու մեջ է, անհաջողությունը՝ սեփական թուլության», առաջին հայացքից «լոկ գեղարվեստական ձեւավորում» է հիշեցնում, բայց այսօր իսկապես պետք է մտցվի «դաս տվողների» արյան ու հոգու մեջ: Իսկ ի՞նչ համարձակ խոստումներ են տալիս թեկնածուներն այս ընտրություններում: Նախ՝ քարոզարշավին խիստ նորաձեւ է դարձել դպրոցները համակարգիչներով ապահովելը, անգամ՝ հեռավոր գյուղերում, ուր նույնիսկ մասնագետներ չկան՝ համակարգչային ուսուցումն ապահովելու համար: Բացի այդ, բոլոր կուսակցությունները չեն մոռանում շեշտել, որ անհրաժեշտ է ուսուցչի աշխատավարձի ամենամյա բարձրացում՝ ուսուցչի սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու նպատակով: ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը նույնիսկ խոստացավ, որ մինչեւ 2007 թ. ուսուցչի աշխատավարձը կհասնի 60 հազարի: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն իրենց նախընտրական ծրագրերի՝ կրթության ոլորտին վերաբերող հատվածում առանձին տողով անդրադարձել են սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերի դպրոցների ուսուցիչների նյութական խրախուսմանը եւ արտոնությունների սահմանմանը: Այս երկու կուսակցություններն իրար մոտ են նաեւ գիտելիքների գնահատման միասնական համակարգ ձեւավորելու եւ կրթական համակարգի օպտիմալացման փուլ առ փուլ իրականացման մասին իրենց մոտեցումներով: Վերջինիս, օրինակ, դեմ է «Օրինաց երկիրը», սակայն իր դիրքորոշման մեջ այս հարցի առնչությամբ որեւէ իրատեսական հիմնավորում չի տվել: Գիտությանը վերաբերող հատվածում ՀՅԴ-ն միակն է, որ լրջորեն ներկայացնելով ոլորտի հիմնախնդիրները, դրանց լուծման մեխանիզմներ է առաջադրում. «Հայաստանի գիտությունն այսօր ունի ծրագրային, ֆինանսական, կազմակերպական, ինչպես նաեւ միջազգային գիտական ծրագրերին ինտեգրվելու հիմնախնդիրներ: Այս առումով լուրջ բարեփոխումների կարիք ունի թե՛ ոլորտի պետական կառավարման եւ թե՛ ՀՀ ԳԱԱ-ի համակարգը, որին առաջատար դեր է վերապահված գիտատեխնիկական քաղաքականության մշակման եւ իրականացման բնագավառում»: Այստեղ կարեւորվում է նաեւ առաջատար գիտական դպրոցների պահպանումն ու զարգացումը, գիտական կազմակերպությունների, պետական բուհերի գիտական ստորաբաժանումների, գիտական կայանների, թանգարան-ինստիտուտների, գիտական գրադարանների, տեղեկատվական կենտրոնների կայուն ֆինանսավորման ապահովումը: Կրթական (նաեւ՝ մշակութային ու առողջապահական) ոլորտին «Արդարություն» դաշինքն անդրադարձել է բավական իմիջիայլոց՝ դրանք մտցնելով սոցիալական քաղաքականության բնագավառ: «Ուսուցիչը, բժիշկը, ինժեները, գիտնականը, արվեստի եւ մշակույթի գործիչը, մարզիկը վերստին պետք է զգան իրենց կարեւորությունը հասարակության մեջ: Պետության ուշադրության կենտրոնում պետք է լինեն գիտությունը, մշակույթը եւ կրթությունը»: Իսկ ամենաարդյունավետ ներդրումը նրանք համարում են մարդու զարգացման համար արված ներդրումը: «Արդարությունը» առանձնահատուկ հոգածություն է ուզում ցուցաբերել մայրաքաղաքից դուրս գտնվող գիտական, կրթական եւ մշակութային կառույցների նկատմամբ, ինչպես նաեւ չի պատկերացնում երկրի ապագան՝ առանց նոր մտածելակերպ եւ որակ ներկայացնող երիտասարդների գործուն մասնակցության: Դաշինքը, սակայն, չի մանրամասնում նոր մտածելակերպի մասին իր ըմբռնումները: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել