Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողով ներկայանալու կարիք չունենք»

Մայիս 23,2003 00:00

«Փողով ներկայանալու կարիք չունենք» Չնայած սոցհարցումների արդյունքում ստացված ոչ բարձր վարկանիշին, ՄԱԿ-ը հույս ունի առաջիկա ընտրություններում հաղթահարել 5%-ի սահմանը։ Ինչի՞ վրա եք հույսը դրել հարցին կուսակցության համամասնական ցուցակի չորրորդ տեղն զբաղեցնող, «Սուրբ Ներսես մեծ» բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը պատասխանեց. «Առաջին հերթին այն մարդկանց վրա, որոնք կարող են տարբերել պոպուլիզմը ռեալ խոսքից»։ Բացի այդ, նա գտնում է, որ մյուս կուսակցություններն էլ են ակնկալում արդյունքներ, որոնք հեռու են իրենց իրական վարկանիշից։ Ընտրվելու պարագայում պարոն Ստամբոլցյանը հավաստիացնում է, որ «պատիվ, բարոյականություն, ազնվություն են բերելու խորհրդարան»։ Իսկ ընտրվել կարող են, եթե «որոշակի կեղծումներ չլինեն»։ Զարմանալի էր ՄԱԿ-ի մտավախությունը, քանի որ այս կուսակցությունը համարվում է իշխանամետ եւ կեղծումներն ամենեւին էլ ի վնաս իրենց չէ, որ կարվեն։ Գ. Ստամբոլցյանը չհամաձայնեց այս դիտարկմանը, նշելով, որ ՄԱԿ-ը իշխանամետ կուսակցություն չէ, իսկ «կեղծումներ կարող են լինել ի վնաս մեզ, որովհետեւ հանձնաժողովներում ներկայացուցիչներ չունենք։ Գիտենք, որ կեղծումներ լինում են, եթե լինելու են, ապա այն մարդկանց հաշվին, ովքեր հանձնաժողովներում ներկայացուցիչներ չունեն։ Հակառակ դեպքում 5%-ը կհաղթահարենք»։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքներ բաժանելուն, ապա «այս կուսակցության մեջ մարդիկ չկան, որոնք պիտի փողով ներկայանան ժողովրդին։ Բացի այդ, մեզանից որեւէ մեկը փողով ներկայանալու կարիքը չունի»։ Առավել եւս, որ ըստ ՄԱԿ-ի ղեկավարների, այս կուսակցությունում հավաքվել են մարդիկ, որոնք «իրենց ոլորտներում որոշակի բանի հասել են, արժեքներ են ստեղծել»։ Հայտնի բժիշկը ասաց, որ «որեւէ ողբերգություն չկա, բացարձակապես», եթե հանկարծ չընտրվեն. «Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը այնտեղ, որտեղ աշխատում էինք։ Կուսակցությունը 1 տարվա պատմություն ունի։ Շատ շատերին հայտնի էլ չէ։ Մենք ուզում ենք ներկայանալ։ Եթե ժողովուրդն այս անգամ պատրաստ չի մեզ ընտրելու, դա բացարձակապես պրոբլեմ չէ։ Մենք այս ընտրությունների համար չենք ստեղծվել։ Շարունակելու ենք գործել»։ Ըստ հավաստիացումների, ցանկացած պարագայում ՄԱԿ-ը կշարունակի գործել, բայց քանի որ «մի քիչ տարբերվում է մյուս կուսակցություններից, ուստի, ասենք, Կոմկուսի նման համագումարներ եւ այլն չեն հրավիրի»։ Վերջապես, անկախ ընտրություններից, ՄԱԿ-ի անդամներն ամեն մեկն իր ղեկավարած ոլորտում, ընկերությունում «ստեղծում է այն մթնոլորտը, որով պիտի փոխվի այս երկրի ամբողջ մթնոլորտը։ Օրինակ, մեր հիվանդանոցում, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, մի մթնոլորտ է տիրում, որտեղ բժիշկը կամ բուժաշխատողը երբեք իրեն ստրուկ կամ ճորտ չի զգում։ Նա իրեն զգում է այս հիվանդանոցի տերը, չնայած իրականում տերը չի։ Առանձին վերցրած ոչ մի մարդ երկրի տեր չի։ Բայց ժողովուրդը պիտի զգա, որ երկրի տերն ինքն է»։ Ընդ որում, գործիչը գտնում է, որ այս ամենը թեեւ ուտոպիստական է թվում, բայց «այսօր պիտի սկսենք»։ Որովհետեւ, ըստ Գագիկ Ստամբոլցյանի, «նոր սերունդ է աճում, որն ավելի ընկալունակ է այս գաղափարին»։ Զրուցակիցս վստահ է, որ ՄԱԿ-ը մյուս կուսակցությունների նման չի լինի պատեհապաշտ, որովհետեւ շատ կարեւոր է, թե ինչ է ներկայացնում իրենից կուսակցության ամեն մի անդամն առանձին վերցրած. «Մարդիկ կան, որոնք չեն ենթարկվում որոշակի ճնշումների»։ Օրինակ, «ես չեմ խոստանա, եթե այդ բանը չեմ կարող անել, եթե կարող եմ՝ կպայքարեմ մինչեւ վերջ»։ Ի դեպ, չնայած սխալ տպավորությանը, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանը բիզնես չունի (որ վերահսկելի լինի), նա ընդամենն իրականացրել է պրոկտոլոգիայի ինստիտուտի սեփականաշնորհման ծրագիրը եւ հիմա ղեկավարում է այդ հիմնարկը։ Եվ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ է դա անելը։ Հայ առաքելական եկեղեցին (սեփականատերը) արդեն 600 հազար դոլարից ավելի սարքավորումներ է գնել հիվանդանոցի համար, «օրակարգում է ոչ թե հիվանդանոցի վերանորոգման, այլ վերակառուցման հարցը։ Ամերիկյան ճարտարապետներ վարձվեցին, որոնք միջազգային նորմերին համապատասխան եւ հայկական ստանդարտները հաշվի առնելով նախագծեր կազմեցին»։ Հայտնի վիրաբույժն ասում է, որ առողջապահությունը ճիշտ է, այսօր եկամտաբեր չէ, բայց ներդրումների կարիք ունի, որի արդյունքը թեեւ բավականին ուշ, բայց լինելու է։ Մասնագետի գնահատմամբ, 95-96-ից բավականին գործ արվեց առողջապահության համակարգում. իրականացվեցին բուժցանցի կրճատման, ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ծրագրերը։ Սակայն համոզված է, որ, այնուամենայնիվ, պետական առողջապահական գործակալությունը (ՊԱԳ) պետք է գործի նախարարության կազմից դուրս, այսինքն պատվիրատուն (առողջապահության նախարարությունը) եւ վճարողը (ՊԱԳ) պետք է լինեն առանձին. «Երբ առողջապահության նախարար էի, ես ինքս այդ ֆինանսական լծակը իմ ձեռքով առանձնացրի, որն էլ հետագայում պետք է դառնար պետական առողջապահական ֆոնդ»։ Նա գտնում է, որ շատ կարեւոր է ապահովագրական համակարգի վերականգնումը, որը թեեւ գործատուների վրա ծանրաբեռնվածություն է գցելու, բայց անհրաժեշտ է առողջապահությանը։ Գ. Ստամբոլցյանը շատ կարեւոր է համարում նաեւ առողջապահությունը «պաշտպանված տողով» ֆինանսավորելը, մինչդեռ այսօր «պետբյուջեն կազմում ենք, տակը ինչ մնաց՝ տալիս ենք առողջապահությանը, մշակույթին եւ այլն»։ Ավելին, փորձառու բժիշկը հիշեցնում է, որ անտեսված է նաեւ պրոֆիլակտիկայի օղակը, որը նույնպես մեծ գումարներ է պահանջում, բայց շատ կարեւոր է. «Մինչեւ հիվանդանալը պետք է կարողանանք բուժել բոլորին՝ ծերերին, երիտասարդներին, մարդկանց, որոնք պիտի գնան ծառայեն բանակում, որպեսզի ունենանք առողջ հասարակություն»։ Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել