ԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ Սոցիալական ոլորտը՝ 5 հիմնական կուսակցությունների նախընտրական ծրագրերում ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում նշում է այն, ինչ կատարել է կամ կկատարի՝ ելնելով այսօրվա կառավարության վարած քաղաքականությունից: Ոլորտների բաժանումը կատարված է այնպես, կարծես թե դրանց մասին հիշել են ըստ գործող նախարարությունների: «Տեղական ինքնակառավարում» բաժնում այս կուսակցությունը միայն մեկ՝ քիչ թե շատ կոնկրետ դրույթ է գրել՝ Երեւան քաղաքի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: Մյուս երկուսը հանրահայտ ճշմարտություններ են՝ «Առանց կենսունակ տեղական ինքնակառավարման՝ երկրի արդյունավետ կառավարում եւ զարգացում հնարավոր չէ» տիպի: Կենսաթոշակների հետեւողական բարձրացման խոստումն ուղեկցվում է կոնկրետ արտահայտությամբ՝ «այն հաշվով, որ 2005-2006 թթ. աշխատանքային միջին կենսաթոշակը առնվազն հավասարվի մեկ շնչի համար աղքատության պարենային զամբյուղին»: Սակայն որքան է կազմում այդ զամբյուղը՝ չափորոշիչների վերաբերյալ վեճերն առայժմ շարունակվում են: ՀՀԿ-ն խոստանում է նպաստների ամենամյա աճ: Սակայն նպաստը բերքատվություն չէ, որ ամեն տարի ավելացնես: Հակառակը՝ եթե զբաղվածության մասին ավելի շատ մտածեն, նպաստներն ավելացնելու կարիք չի լինի: Ամենահամեստ բաժինը, ինչպես բոլոր ծրագրերում, բնապահպանությանն է. Սեւանա լիճը, ճիշտ է՝ մուգ տառերով, հիշում են վերջում, իսկ բնական ռեսուրսներից միայն անտառներն են միտները գալիս: Մոռացության են մատնվել էրոզիայի ենթարկվող հողերը, անխնա շահագործվող հանքերը, անվերադարձ բնաջնջվող քաղաքային կանաչ գոտին, հետեւողականորեն աղտոտվող օդային եւ ջրային ավազանները: Ոլորտների բաժանման առումով ամենատրամաբանականը ՀՅԴ-ինն է՝ նաեւ ելնելով կուսակցության սոցիալիստական բնույթից: Առանձին բաժին է հատկացված աշխատանքին եւ զբաղվածությանը: Այստեղ նույնպես որպես աշխատանքի վարձատրության ելակետ, դիտարկվում է նվազագույն զամբյուղը, որը, հիշեցնենք, մեզ մոտ դեռ փորձագիտական «մակարդակի» վրա է: Նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը ՀՅԴ-ն տեսնում է աշխատավարձի ֆոնդերի հարկային բեռի թեթեւացման մեջ, իսկ թե ուրիշ է՞լ ինչ բեռի տակ կկքի գործատուն, ՀՅԴ-ն չի մանրամասնում: Սոցիալական ոլորտում կոնկրետ քաղաքականություն առաջարկելու փոխարեն ՀՅԴ-ն զուտ հրապարակախոսական թեզ է առաջ քաշում. «Պետությունը միջոցներ պետք է ձեռնարկի օժանդակելու թույլին, այլ ոչ թե՝ ծույլին»: Սակայն ամենահուզիչը ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները՝ որպես պետական պարտք ճանաչելու խոստումն է: Ընդ որում, «խնայողական ավանդների վերահաշվարկը պետք է կատարվի ռուբլի/դոլար գործակցային հաշվարկով»: Հավանաբար, խոսքը «ռուբլի=դոլար» բանաձեւի մասին է։ Հաճելիորեն «սոցիալական» բառապաշար է օգտագործված կենսաթոշակների մասին խոսելիս: Մասնավորապես «սոցիալական վտանգ», «պետական կենսաթոշակ», «ապահովագրական մուծումներ» արտահայտություններն օգտագործվում են հենց այս ծրագրում: ՀՅԴ-ն, ի տարբերություն ՀՀԿ-ի, հիշում է եւ փախստականներին, եւ աշխատանքային միգրացիան, եւ հայրենադարձության անհրաժեշտությունը, ընդ որում՝ «Միգրացիա» առանձին բաժնում: Ծրագրի բնապահպանական դրութներում վիճելի առաջնահերթությամբ բնական պաշարների հեռատես օգտագործումը մղվել է վերջին տեղ՝ առաջին տեղում թողնելով մեր հարեւանների «հաղթաթուղթը»՝ «ապահովել հայկական ատոմակայանի աշխատանքների անվտանգությունը, այդ թվում՝ ռադիոակտիվ թափոնների հիմնահարցի լուծումը»: Այսինքն, սեւով սպիտակի վրա խոստովանու՞մ ենք, որ անվտանգությունը ապահովված չէ, հիմնահարցը լուծման կարիք ունի: Չի բացառվում, որ խորհրդարանում, մանդատների քանակով, ասենք, երրորդ տեղում հայտնվի «Արդարություն» դաշինքը: Ափսոս՝ ոչ առաջին տեղում, թե չէ «ուսուցիչը, բժիշկը, ինժեները, գիտնականը, արվեստի եւ մշակույթի գործիչը, մարզիկը վերստին» կզգային «իրենց կարեւորությունը հասարակության մեջ», ինչպես խոստանում է այդ դաշինքի ծրագիրը: Դաշինքը խոստանում է «բաստիճանաբար վերադարձնել 1993-94 թթ. Խնայբանկի ավանդները, անապահով խավերի համար ընդլայնել անվճար առողջապահությունը եւ կրթությունը, ըստ հնարավորի բարձրացնել կենսաթոշակները եւ բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրությունը»: Այսինքն, եթե չբարձրացրին, ուրեմն ուղղակի հնարավոր չի եղել. ասել էին, չէ՞, «ըստ հնարավորության»: Լղոզված է, բայց գոնե՝ ազնիվ: Թեեւ ինչքան էլ քրքրեք, միեւնույն է, չեք հասկանա՝ որն է «Արդարության» առաջարկած սոցիալական ծրագիրը: Իբրեւ արմատական պոպուլիստի՝ «Օրինաց երկրի» նախընտրական ծրագրի մեծ մասը սոցիալական ոլորտին է ձոնված: Եվ դրա ուղիղ կեսը քննադատությունն է այսօր երկրում իրականացվող սոցիալական քաղաքականության։ Իսկ «իրագործելի» համարվող քայլերի համար, ինչպես, օրինակ, «բազմազավակության եւ ծնելիության նյութական պատշաճ խրախուսման համակարգի ստեղծում», «կանանց, ընտանիքի եւ երեխաների հիմնախնդիրների լուծման աջակցություն», ֆինանսական աղբյուրները չեն նշվում։ «Փախստականներ» բաժինն ավելի ռեալ է, հատկապես այն առումով, որ նշում է արդեն իսկ երկրում կատարվող քայլերը, որոնք կուսակցությունն անբավարար է համարում։ «Առողջապահություն» բաժնում թվարկելով լուրջ դժգոհությունները»՝ «ՕԵ»172ն կարեւորում է «համակարգի ֆինանսավորման անընդհատ ավելացումը», հետո նոր գլխի ընկնում, որ դրա ուղիներից մեկը «համակարգի ֆինանսավորման մեխանիզմների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն» է։ Ամենաբնապահպանները, ինչպես ծրագրից է երեւում, «ՕԵ»172ականներն են, թեեւ դարձյալ չեն անդրադառնում հատկապես Հայաստանին սպառնացող անապատացման խնդրին։ «Ազգային միաբանություն» կուսակցության հակաճգնաժամային ծրագրի հիմնադրույթներում «Ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները սոցիալական բնագավառում» դեկլարատիվ բնույթի են՝ «կերակրել ու հագցնել մարդկանց, ավագներին ապահովել արժանապատիվ աշխատանքով, աշակերտներին՝ դասագրքերով ու դպրոցական նախաճաշով» եւ այլն։ Դպրոցական նախաճաշը, համաձայնեք, որ հատկապես հակաճգնաժամայինի համար շքեղություն է։ «Առողջապահության բնագավառում» «ԱՄ»172ը գյուտ է արել՝ «բժշկական ցանցի օպտիմալացման միջոցով հասնել բուժծառայության մատչելիությանը»։ Թե ինչ նկատի ունեն «բժշկական ցանց» ասելով՝ դժվար է կռահել. երեւի՞ առողջապահության համակարգ։ Իսկ վերջինի օպտիմալացումը բուժծառայության մատչելիության հետ անմիջականորեն չի կապվում։ «ԱՄ»172ն պատրաստվում է հիվանդանոցներին կից ապահովել ցերեկային ստացիոնարների գործունեությունը, իսկ վերջինս հիմա էլ գործում է՝ առանց «ԱՄ»172ին սպասելու։ Վերջինս ապահովելու է «պրոֆիլակտիկ եւ բուժական բժշկության սինթեզը»։ «Բուժական բժշկություն» տավտոլոգիան բնորոշ արտահայտություն է կուսակցությունների սոցիալական ծրագրերի համար: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ