Ընդդիմադիրներն էլ են գայթակղվում Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն էր: Նրան խնդրեցինք մեկնաբանել «Ազգային միաբանության» գործիչների պնդումները, թե «Արդարություն» դաշինքում հիմնականում նախկին պաշտոնյաներ են՝ վարչապետներ, նախարարներ, քաղաքապետ՝ որոնք կարող էին իրենց պաշտոնավարման օրոք բարեփոխել երկրում իրավիճակը, բայց չեն արել ոչինչ: Ի պատասխան՝ պրն Բազեյանն ասաց, որ եթե իրենք որպես պաշտոնյա որեւէ օրինախախտում են թույլ տվել՝ Ռոբերտ Քոչարյանն ունի պատասխանատվության ենթարկելու բոլոր լիազորությունները: «Ցավում եմ, որ նման իրավիճակ է ստեղծվել, որ այդ մարդիկ տառապում են նարցիսիզմի սինդրոմով: Արտաշես Գեղամյանն էլ այդ մարդկանց թվին է դասվում,- նաեւ ասաց պրն Բազեյանը:- Ըստ էության, իշխանությանը հաջողվում է ձեւավորել վերահսկելի ընդդիմադիր քաղաքական ուժեր: Եվ Արտաշես Գեղամյանի աստվածապաշտությունը վերածվել է սերժապաշտության կամ, ավելի ճիշտ՝ փողապաշտության: Նույնը վերաբերում է նաեւ Կոմկուսին: Նրանց ուղղակի հրահանգված է քննադատելով «Արդարություն» դաշինքին՝ ձայներ փախցնել ընդդիմադիր ընտրազանգվածից»: Խնդրեցինք որոշակիացնել՝ իրոք վստա՞հ է, թե Սերժ Սարգսյանն է ֆինանսավորում «Ազգային միաբանությանը»: «Ամենայն հավանականությամբ,- պատասխանեց Ալբերտ Բազեյանը:- Մենք բազմիցս նման տեղեկություններ ենք ստացել, Մոսկվայում եղել են հանդիպումներ, ուրեմն՝ գործարքների կարող են գնալ: Գտնում եմ, թե «Օրինաց երկիրը» եւս հովանավորվում է Սերժ Սարգսյանի կողմից: Բազմիցս ենք ունեցել տեղեկություններ, որ «ՕԵ»-ն ստեղծված է իշխանությանը թույլատրելի սահմաններում քննադատելու համար: Եվ երբ խոսում են օրենքի գերակայությունից՝ մի քիչ անհասկանալի է, թե այդ դեպքում ինչպե՞ս էին պաշտպանում ապօրինի վարչակարգն ու ընտրակեղծիքները»: Ի դեպ, պրն Բազեյանը հիշեցրեց, որ 5 տարի առաջ՝ 1999-ի ընտրության ժամանակ էլ էր «Օրինաց երկիրը» խոսում ավանդների վերադարձի մասին. «Հիմա եւս նույն խոստումներն են տալիս: Եթե 5 տարի շարունակ չկարողացան լուծել այդ հարցը՝ ինչպե՞ս եք հիմա նորից տալիս նույն խոստումները»: Նա հնարավոր համարեց, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվածությամբ է գնացել ՀՀԿ ցանկ՝ այդ կուսակցությանը վերահսկողության ներքո պահելու համար. «Ձեռքի հետ էլ, որպես «զապաս պակրիշկա», «Օրինաց երկիրն» է պահում իր վերահսկողության ներքո»: Բազեյանը ենթադրեց, թե որեւէ լրագրող գուցե հարցնի՝ որտեղի՞ց այդ մարդուն այդքան հնարավորություններ, ու պատասխանեց. «Փո՛ղն է ամեն ինչ որոշում այսօր, ցավոք սրտի: Իսկ փողը որտեղի՞ց: Նա իշխանությունն օգտագործում է տնտեսական լծակներ ձեռք բերելու համար: Այդ պատճառով էլ՝ ատամներով է պահում իշխանությունը: Բազմաթի՜վ են ոլորտները, որոնք հովանավորում է Սերժ Սարգսյանը: Նրա հովանավորյալները չեն կատարում իրենց հարկային պարտավորությունները, բյուջե փող չի մտնում եւ ստանում են գերշահույթներ, կիսվում իշխանության հետ: Նաեւ լրատվամիջոցների է Սերժը վերահսկում այդ ստվերային գումարներով, ու կարող է օգտագործել կուսակցությունների վերնախավին՝ նրանց ընչաքաղցությունից ու փողասիրությունից օգտվելով»: Խնդրեցինք նաեւ մեկնաբանել այն լուրերը, թե ընտրական հանձնաժողովների իրենց որոշ տեղերն ԱԺՄ-ն եւ ՍԻՄ-ը տվել են «Արդարություն» դաշինքի թեկնածուների մրցակիցներին. «ԱԺՄ եւ ՍԻՄ կուսակցությունների անդամները եւս Հայաստանի շարքային քաղաքացիներ են, որոնք ապրում են սոցիալական շատ ծանր վիճակում: Եվ կարող են գայթակղվել ու իրենց տեղերը վաճառել այս կամ այն մեծամասնական ընտրակարգով ընտրության գնացող գործչի կամ կուսակցության ներկայացուցչի: Եղե՛լ են նման դեպքեր»: Նշենք նաեւ, որ հակադարձելով իշխանամետ գործիչների պնդումներին, թե հասարակությունը հիասթափված է ընդդիմությունից՝ «Հանրապետության» նախագահն ասաց, թե հիասթափված են առհասարակ ընտրություններից: Նաեւ պատասխան հարց ուղղեց. «Իսկ ումո՞վ է ոգեւորված հասարակությունը. իշխանությա՞մբ, թե՞ այն քաղաքական ուժերով, որոնք պաշտպանեցին կեղծիքներով ընտրված նախագահին ու ժողովրդի ստորացման, բարոյական ընկճման գնով պահեցին իրենց իշխանությունը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ