ՄԱՐԴՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ Տարիներ առաջ ՊՆ-ում Վազգեն Սարգսյանի առանձնասենյակի դռանը մի զգուշացում էր փակցրած. «Խոսել կարճ», որով եւ կփորձեմ առաջնորդվել գեներալ Սուրեն Աբրահամյանի մասին գրելիս: Մի մարդու, որ խորհրդային դպրոցը (ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան) ավարտելով, սովետների ղեկավարման աստիճանակարգով բարձրանալուց հետո, անվերապահորեն նվիրվեց նորանկախ Հայաստանի պետականաշինությանը: Սյունիքի գեներալ-մարզպետի եւ Երեւանի քաղաքապետի, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, հայտնի երեւանցու եւ պինդ մարդու մասին կարճ պատմելը պատասխանատու գործ է, հատկապես, երբ նրա անցած ճանապարհը փորձում ես տեղավորել մեր ժամանակի տրամաբանության մեջ: Հատկապես, երբ նրան հանդիպել ես պատերազմի բեռի տակ կքած ու հաղթանակով հպարտ: Տեսել ես գեներալին Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ եւ հոկտեմբերի 27-ին` Սպարապետի կորստով պարտված միայնակ մարդուն: «Պատերազմի ժամանակ մենք իրար հետ կիսելու ոչինչ չունեինք, մենք մի թիմ էինք, մի նպատակ ունեինք ու մի թշնամի…»: 1992-ի դեկտեմբերին «Սյունիք-Զանգեզուր» պետական ծրագրի իրականացման նպատակով Վազգեն Սարգսյանի հետ ՆԳ փոխնախարար Սուրեն Աբրահամյանը մեկնեց Սյունիք, դարձավ ուժային եւ պաշտպանական կառույցների համակարգող, հետո` պետնախարարի աշխատակազմի ղեկավար: Բանակի կառուցումը գերագույն նպատակ էր դարձել այս երկու զինվորների համար: «Այն ժամանակ «Սյունիք-Զանգեզուր» ծրագրին լուրջ գնահատական չտրվեց, որովհետեւ հրատապ խնդիրներ կային: Կուրծք չէինք ծեծում, ընդունված չէր, բայց այդ ծրագրի եւ անձամբ Վազգեն Սարգսյանի շնորհիվ Հայաստանը Ղարաբաղին թիկունք դարձավ»: 1996-ին Սուրեն Աբրահամյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: «Այս հերոսական ժողովրդի հետ այսպես չի կարելի, բանակը, պետությունը իր ժողովրդով է ամուր, իսկ Սյունիքը մեր պետության դարպասն է»,- ասում էր նա` Սյունիքի հանդեպ պետական վերաբերմունքից վիրավորված: Գորիսում, Սիսիանում գեներալի մասին մարդկանց գնահատականներն եմ հիշում. «Ջհանգիրի՞չը. նրա պես պետական մարդ չկա: Ոնց որ էդ պետությունը նրա երակներով հոսի: Ղափանցիք ծուռ մարդիկ են, թե ո՞նց սիրեցինք նրան, մենք էլ չհասկացանք»,- խոստովանում էին Կապանում: «Ախր համ ոստիկան է, համ գեներալ` պատերազմ տեսած, համ էլ տնտեսություն գիտի, էս մարդուն խաբել չի լինում»,- ասում էին գորիսցիները: Այս տարվա մայիսի 8-ին՝ «Երկրապահի» օրը, երկրապահներից մեկը խոստովանեց. «Գեներալ Աբրահամյանը միակ մարդն ա, որի համար, եթե պետք ա, կյանքս կտամ»: Հայրենիքդ շատ պիտի սիրես, որ ցանկացած աշխատատեղ դարձնես նրա մի մաս ու նվիրվես: «Խելքս իմս չի ժապավեն կտրելու, բնակարանամուտ անելու համար»,- Կապանում մի օր խոստովանեց Սյունիքի գեներալը: 1998-ին նա նշանակվեց Երեւանի քաղաքապետ, նույն ժամանակ էլ ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Երեւանի շնչառությունը բացվում էր, նրա անխնամ, տխուր փողոցներն ու պուրակները` կենդանանում: «Ոնց որ Ղափանում, հիշո՞ւմ ես, ամեն օր Երեւանի փողոցներով էլ եմ քայլում, մարդկանց հետ զրուցում… Քաղաքին իր տոնը պիտի վերադարձնենք»,- ասաց մի օր ոգեւորված: Բնիկ արեշցի, քաղաքի տղա, նա Երեւանը կարոտած որդու պես էր սիրում։ «Երեւանը սկսեցի յուրովի տեսնել եւ ամենակարեւորը ղեկավարի համար` երեւանցիների վստահությունը զգացի: Փող չունեի, բյուջե չունեի, բայց էդ վստահությունը ինձ ուժ էր տալիս, կարողանում էի «ոչ» ասել եւ թույլ չտալ ամենուր սրճարան, բենզակայան կառուցել»: Տարիներ առաջ գեներալ Աբրահամյանը խոստովանեց, որ Վազգենի հետ որոշել են պատերազմից հետո ազատագրված տարածքների մի գողտրիկ անկյունում տուն կառուցել։ «Ես մանր-մունր գրքից-բանից կգրեմ, գլուխս կպահեմ, դու ի՞նչ ես անելու, Ջհանգիրիչ»,- հարցրել էր Վազգենը: «Ես էլ կողքից մեմուարներ կգրեմ քո մասին»,- պատասխանել էր Սուրեն Աբրահամյանը: Բայց այդպես չեղավ… 1999թ. հուլիսին նա նշանակվեց ՆԳ նախարար: «Երկու անգամ մերժեցի, բայց հետո…»… Վազգենը պնդեց ու Սուրեն Աբրահամյանը վերադարձավ ՆԳ նախարարություն: Երեք ամիս անց, հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո՝ հրաժարական տվեց: «Վազգենի հետ եկել եմ, նրա հետ էլ գնում եմ» Սուրեն Աբրահամյանի հայտնի խոսքերը այնքան էլ մեր պետական էլիտայի սրտով չեղան, եւ պետությունը գեներալ Աբրահամյանի ծառայություններից որոշեց հրաժարվել: «Չեմ ափսոսում, որ հրաժարական եմ տվել, նույնիսկ այս անախորժությունների, զանազան դժվարությունների պարագայում իմ քայլը միակ ճիշտն եմ համարում՝ թե՛ որպես գեներալի եւ ՆԳ նախարարի, եւ թե՛ որպես Վազգենի ընկերոջ: Հենց առաջին հերթին երկրի հանդեպ պատասխանատվության եւ պետության հանդեպ հարգանք ունենալու առումով դա ճիշտ էր»: 2000թ. Սիսիան-Գորիս ճանապարահահատվածի բարձունքում սյունեցիները գեներալի պատվին խաչքար կանգնեցրին եւ արձանագրեցին. «Երախտագետ սյունեցիներից Սյունիքի առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանին»: Պետական եւ ոչ մի այր իր կենդանության օրոք նման գնահատանքի չի արժանացել, թերեւս չի էլ արժանանա: Սուրեն Աբրահամյանը, որքան էլ տարօրինակ է, պետական ոչ մի պարգեւ չունի, բայց արդյո՞ք բոլոր ժամանակներում ժողովրդի գնահատականը չէ բարձրագույն պարգեւը: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ