Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորն էլ «կեղծ» են

Մայիս 23,2003 00:00

Բոլորն էլ «կեղծ» են Խորհրդարանական ընտրարշավին մասնակցող կուսակցություններին եւ դաշինքներին կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի: 1. Նրանք, ովքեր պնդում են, թե թագավորը /Քոչարյանը/ լավն է, բարի է եւ ազգասեր, եւ նույնքան լավն են «բոյարները»: Այդպես է քարոզում ՀՀԿ-ն: 2. Նրանք, ովքեր գտնում են, որ թագավորը լավն է, իսկ «բոյարները»՝ վատը: Այ, եթե պալատականները լինեն իրենց թիմից, երկիրը վերջնականապես կծաղկի: Այդ գաղափարն են հասարակությանը մատուցում ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը», «Ազգային միաբանությունը» եւ շատ-շատ այլ կուսակցություններ: 3. Նրանք, ովքեր վատն են համարում թե՛ թագավորին, թե՛ «բոյարներին», եւ գտնում են, որ երկուսն էլ պետք է լինեն իրենց թիմից: Այդպես է կարծում «Արդարություն» դաշինքը: Ընդ որում, այն կուսակցությունները, որոնք իրենց «ընդդիմադիր» են համարում, պարբերաբար մեղադրում են իրար «կեղծ ընդդիմություն» լինելու մեջ: Պարզ է, որ երեք մոտեցումներն էլ որեւէ կապ չունեն իրական քաղաքական գործունեության եւ գաղափարական պայքարի հետ: Ակներեւ է նաեւ, որ ճշմարիտ ընդդիմություն կարելի է համարել միայն նրանց, ովքեր հասարակությանն են առաջարկում երկրի զարգացման այլընտրանքային ճանապարհներ: Եվ այդ իմաստով այսօր իրար բզկտող բոլոր «ընդդիմադիրները» կեղծ են: Նրանք պատրաստվում են շարունակել ներկայիս իշխանության քաղաքականությունը, սակայն խոստանում են լինել ավելի պարկեշտ, պրոֆեսիոնալ եւ ժողովրդասեր, ինչին հավատալն, անկեղծ ասած, դժվար է: Եթե այսօրվա Հայաստանում լիներ իսկական ընդդիմություն, ապա նա կհայտարարեր, որ – մոտակա տասնամյակում Հայաստանի նպատակն է դառնալ Եվրամիության անդամ՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին, – նույն ժամանակահատվածում Հայաստանը պետք է դառնա նաեւ ՆԱՏՕ-ի անդամ, – հինգ տարվա ընթացքում ռուսաստանյան զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանից, – մեկ տարվա ընթացքում ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ պետք է գտնել ղարաբաղյան խնդրի փոխադարձ ընդունելի տարբերակ եւ վերսկսել բանակցությունները, – պետք է անցկացնել հարկային արմատական բարեփոխումներ՝ էապես իջեցնելով հարկերը, – «ԱրմենՏելը» պետք է անհապաղ զրկվի արտոնագրից եւ բջջային կապը մրցույթով բաշխվի առնվազն 3 օպերատորների միջեւ, – պետք է բացառել ոստիկանության եւ ազգային անվտանգության՝ տնտեսական գործունեությանը միջամտելու բոլոր օրինական հիմքերը, – խորհրդային խնայդրամարկղերում մնացած քաղաքացիների ավանդները երբեք չեն վերադարձվի, – հարկատուների հաշվին գոյատեւող հեռուստատեսությունը եւ ռադիոն չպիտի հեռարձակեն քաղաքական հաղորդումներ եւ լրատվություն: Քանի որ ընտրություններին մասնակցող 21 կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկը չի համարձակվում նման դրույթներ առաջ քաշել, պետք է ենթադրել, որ դրանցից ոչ մեկն ընդդիմություն չէ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել