Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՁԳՏՈՒՄ Է ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ

Մայիս 23,2003 00:00

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՁԳՏՈՒՄ Է ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ «Արդարություն» դաշինքը երեկ հերթական հանրահավաքը հրավիրեց Մատենադարանի մոտ եւ ժողովրդին կոչ արեց մայիսի 25-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ «5» ստանալ, այսինքն՝ ընտրել կուսակցությունների եւ դաշինքների ցուցակում հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող «Արդարություն» դաշինքին։ Դաշինքի լավատեսությունը պարզապես սպանում է, թերեւս նախագահական ընտրություններից զարմանալիորեն այլ հետեւություններ են արվել ու դաշինքի առաջնորդները միահամուռ պնդում են, թե հաղթելու են ընտրություններում եւ խորհրդարանում մեծամասնություն են ձեւավորելու։ Այս անգամ եւս դաշինքի առաջնորդները խաղում են բաց խաղաքարտերով եւ իրենց քայլերը հրապարակային քննարկումների են ներկայացնում։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանը հայտարարում է. «մենք ունենալու ենք մեծամասնություն ԱԺ-ում եւ իշխանությունից հեռացնելու ենք Քոչարյանին։ Մենք չենք գնում ԱԺ՝ Քոչարյանի հետ աշխատելու, մենք գնում ենք ԱԺ՝ ազատվելու Քոչարյանից»։ Նույնը հայտարարեց նաեւ Ալբերտ Բազեյանը։ Իսկական Սասունցի Դավթի՝ «ով քնած է՝ արթուն կացեք» կոչն է, միայն Թուր Կեծակին է պակասում։ Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ որքանո՞վ են իրական վերջին շրջանում պտտվող լուրերը, թե Արամ Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ հակասություններ կան, պրն Սարգսյանն ավելի ուշ պատասխանեց. «Իշխանությունները պատրաստվում են կեղծիքների եւ կեղծիքներն արդարացնելու համար պիտի փորձեն որեւէ բան գտնել։ Իմ ու Ստեփան Դեմիրճյանի միասնությունն ունի անցած ուղի, մենք կապված ենք իրար հետ ճակատագրով եւ այդ ճակատագիրը պարտավորեցնող է։ Որեւէ պառակտում մեր մեջ լինել չի կարող»։ Արամ Սարգսյանը ժողովրդին հավատացրեց, որ «Արդարություն» դաշինքում որեւէ տարաձայնություն չկա եւ չի կարող լինել. «մի պարզ պատճառով, որ «Արդարությունը» «Միասնության» շարունակությունն է։ Ես եւ Ստեփան Դեմիրճյանը մեր թիկունքում ունենք Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի լուսանկարները։ Այո, սիրելի ժողովուրդ, ես եւ Ստ. Դեմիրճյանը քաղաքական ասպարեզ մտանք դեպքերի բերումով, «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության հետեւանքով։ Իհարկե, Կ. Դեմիրճյանը շատ ավելի լավ էր զբաղվում քաղաքականությամբ։ Իհարկե, Վ. Սարգսյանը շատ ավելի լավ էր զբաղվում քաղաքականությամբ, բայց ժողովուրդը կարոտ մնաց «Միասնություն» դաշինքի առաջնորդներին, եւ մենք փորձում ենք լրացնել այդ կարոտը։ Մենք հասնելու ենք «Միասնություն» դաշինքի եւ «Արդարություն» դաշինքի հաղթանակին»։ Իրական ընդդիմությունը «Արդարություն» դաշինքն է, հայտարարեց Արամ Սարգսյանը. «մեր դաշինքն է, որ սիլի-բիլիների մեջ չի իշխանությունների հետ եւ պայքարելու է մինչեւ վերջ, եւ ժողովուրդն իր քվեն տալու է «Արդարություն» դաշինքին»։ Նա նաեւ բացատրեց, որ իշխանական թեւերում է իրական գզվռտոցը, եւ Դաշնակցությանն ու «ՕԵ»-ին դիմելով, ասաց. «երկու շաբաթ հետո դուք միաբերան բողոքելու եք Քոչարյանից, որովհետեւ ձեր վարկանիշի ցածրացումը Քոչարյանին գովաբանելու հետեւանքն է»։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին ասաց, որ «Արդարություն» դաշինքը գիտակցում է իր պատասխանատվությունը երկրի եւ ժողովրդի առաջ. «Արդարություն» դաշինքն այն ուժն է, որ ի վիճակի է մեր երկրում արմատախիլ անել կամայականությունն ու ամենաթողությունը, այն ուժն է, որն ի վիճակի է հաստատել օրինականություն եւ արդարություն»։ Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո ԱԺ-ն դիմազրկվեց, շատերը կորցրին իրենց արժանապատվությունն ու ինքնասիրությունը, եւ նոր ԱԺ-ն պիտի լինի ժողովրդի հետ եւ ժողովրդի ընտրյալը։ Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու կոչ արեց նաեւ Ստեփան Դեմիրճյանը։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կոչ արեց համախմբվել, միասին գնալ ընտրություններին եւ փորձել հարցը լուծել ընտրություններով։ Նաեւ ուղղություն տվեց՝ մանր-մունրների վրա ձայները չփոշիացնել. «երկու-երեք ուժ լինեն, տեսնենք՝ ի՞նչ են ասում, դեմ-դիմաց դուրս գանք, բոլորս հստակ հասկանանք՝ ով ինչ է ուզում անել, ով ինչ է անում»։ Ասաց նաեւ, որ դաշինքում, այո, եղել են կուսակցություններ, որ տարբեր ժամանակներում իրար դեմ պայքարել են։ Այսօր ասվում է, թե դաշինքը կքայքայվի, բայց ըստ Վազգեն Մանուկյանի՝ դաշինքը կքանդվի այն ժամանակ, երբ երկիրը կբերվի ցանկալի վիճակի. «այն ժամանակ ամեն մեկը կարող է գնալ իր ճանապարհով»։ Երեկվա հանրահավաքը տարբերվում էր մյուսներից նրանով, որ ելույթ ունեցան զոհված եւ սպանված զինվորների մայրեր, որոնք եւս կոչ արեցին «ոչ» ասել գործող իշխանություններին։ Թվում էր, երեկվա հանրահավաքը պետք է որ վերջինը լիներ, բայց ընդդիմությանը խիստ դուր է եկել Սահմանադրության համապատասխան հոդվածը՝ խաղաղ ցույցեր, հանրահավաքներ ու երթեր անցկացնելու վերաբերյալ։ Եվ որոշվեց կրկին հանրահավաքվել մայիսի 27-ին, ժամը 19-ին՝ «հաղթանակը միասին նշելու համար»։ Իսկ Արամ Սարգսյանը՝ մեր հարցին ի պատասխան, ասաց. «Հանրահավաքները սկսել են ինձ դուր գալ։ Ես համոզված եմ, որ ինչ-որ պահի ես իշխանություն եմ լինելու, խոստանում եմ այն ժամանակ էլ հանրահավաքների մասնակցել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել