Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՆ

Մայիս 23,2003 00:00

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՆ Մենք առիթ ենք ունեցել անդրադառնալ Սեւանի թիվ 33 ընտրատարածքում տեղի ունեցող զարգացումներին՝ մատնանշելով տեղի ունեցած մի քանի օրինախախտումների, նաեւ ընտրակաշառք բաժանելու փաստերին: Բայց միայն օրերս ծանոթացանք ս.թ. մայիսի 10-ին Սեւանի հեռուստատեսությամբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուղիղ եթեր հեռարձակված մի հաղորդման, որն իր մասնակիցներով ու վերջիններիս հայտնած տեսակետներով ու հայտարարություններով հանդերձ՝ «Ընտրական օրենսգրքի» միանգամից մի քանի հոդվածների կոպիտ խախտում է: Այսպես, հիշյալ հաղորդաշարով այս ընտրատարածքում ԱԺ պատգամավորի առաջադրված թեկնածուի քարոզարշավն անելու համար, ի թիվս այլոց, «STV»-ի ստուդիա են հրավիրվել քարոզչություն անելու իրավունք չունեցող թիվ 33 ընտրատարածքի 0906 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արամ Աբրահամյանն ու Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը: Մասնավորապես վերջինս՝ դիմելով Սեւանի բնակչությանը, ուղղակիորեն ասել է. «Ես պաշտպանում եմ Խաչիկ Պետրոսյանին եւ իմ համախոհներին եւս կոչ եմ անում, որ միանշանակ իրենց ձայնը տան Խ.Պետրոսյանին, հանուն նրա, եթե կա փոխադարձ վստահություն, ես կցանկանամ, որ ընտրվի Խ.Պետրոսյանը»: Քաղաքապետի ասելով, նա պաշտպանում է հատկապես Խ.Պետրոսյանի թեկնածությունը, «որովհետեւ 9 թեկնածուներից միայն Խ.Պետրոսյանն է, որ ինձ դիմել է, որպեսզի համագործակցենք միասին, եւ դրա վառ ապացույցն են եղել երկու միջոցառումները, որ Խ.Պետրոսյանի հետ մեկտեղ մենք կազմակերպեցինք»: «Փողոցների մեծ մասը շարքից դուրս են եկել: Մենք այսօր նկատել ենք, որ արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները: Ի՞նչ միջոցներով եւ ի՞նչ ուժերով է դա արվում»: Հաղորդավարի այս հարցին ի պատասխան՝ նույն ինքը՝ քաղաքապետ Գ.Մալխասյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «… Այսօր մենք «Ճանշին»-ին պարտք ենք մոտավորապես 12 միլիոն դրամի չափ, սակայն դուք գիտեք, որ քաղաքի բյուջեն չի բավականացնում, որպեսզի մենք մեր ուժերով կատարենք վերանորոգման աշխատանքները: Եվ ես քիչ առաջ ասացի, որ Խ.Պետրոսյանի հետ համագործակցեցինք, եւ նա ցանկություն հայտնեց ներդրում կատարել, ու այսօրվանից սկսվեց Նաիրյան փողոցի ամբողջովին վերանորոգումը, եւ կվերանորոգվեն եւս երկու փողոցներ»: Իսկ ահա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արամ Աբրահամյանը, որ նաեւ «Հայռուսգազ»-ի փոխտնօրենն է՝ Խ.Պետրոսյանին քարոզելիս հայտարարել է, թե Սեւան քաղաքի համար կա գազիֆիկացման հատուկ ծրագիր, որը «կյանքի կոչվեց շնորհիվ պարոն Պետրոսյանի աջակցության եւ ՀՀԿ-ի անմիջական համագործակցության»: Այս Ա.Աբրահամյանին էլ դիմում են Ցամաքաբերդ թաղամասի մի խումբ բնակիչներ, թե «մենք մեր ուժերով գազիֆիկացրել ենք մեր թաղամասը, սակայն հաշվիչները ստուգելու նպատակով տարել են եւ չեն վերադարձվել»: Ու թեեւ հաղորդավարը նկատել էր, որ այս հարցն այդ հաղորդման հետ կապ չունի, բայց Ա.Աբրահամյանն, իհարկե, արագ կողմնորոշվում ու ուղղակիորեն կապում է. «Ուրեմն, սիրելի ցամաքաբերդցիներ, ես ի ուրախություն ձեզ ուզում եմ ասել, որ կրկին շնորհիվ ՀՀԿ-ի եւ Խ.Պետրոսյանի, վաղվանից կվերադարձվեն ձեր հաշվիչները իրենց տեղերը, եւ դուք չեք վճարի տուգանքի գումարը: Տուգանքի գումարներն արդեն վճարել են բոլորիդ փոխարեն»: Իսկ ահավասիկ «Սեւան» թերթի մայիսի 19-ի համարից տեղեկանում ենք, որ Սեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման «ամբողջ աշխատանքներն իրականացվում են Խաչիկ Պետրոսյանի աջակցությամբ եւ անմիջական վերահսկողությամբ»: Իսկ վերջինս բացի գազիֆիկացման աշխատանքներից, նաեւ «հիմովին վերանորոգել է» Զովաբերդ-Հրազդան ճանապարհի մի հատվածը: Հիմա մենք հրավիրում ենք ոչ միայն ԿԸՀ-ի, այլեւ հարկային մարմինների ուշադրությունը միանգամից մի քանի հանգամանքների վրա. Նախ. ստուգե՞լ են արդյոք, թե ընտրությունների ընթացքում թեկնածու Խ.Պետրոսյանն այս ու չհիշատակված այլ «բերգործություն-նվիրատվությունների» համար որքան գումար է ծախսել, եւ արդյո՞ք դա չի գերազանցում «Ընտրական օրենսգրքի» հոդված 112-ի 4-րդ կետին, ըստ որի՝ «Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար»: Արդյոք պարոնայք Ա.Աբրահամյանի եւ Գ.Մալխասյանի ակտիվ մասնակցությունը թեկնածուներից որեւէ մեկի քարոզարշավին «ԸՕ»-ի ու մասնավորապես հոդ. 18-ի 4-րդ կետի 1-ին ենթակետի, հոդ. 41-ի 1-ին կետի 5-րդ ենթակետի դրույթների խախտում չէ՞: Չի՞ խախտվել արդյոք նաեւ ԸՕ հոդ. 25-ի 2-րդ կետը: Երկրորդ. որքա՞ն աշխատավարձ է ստանում ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ ուղեւորների սպասարկման տնօրենը եւ ինչի՞ հաշվին է կատարում, հովանավորում կամ վերհսկում հիշյալ պաշտոնյաների վկայությամբ տարվող գազիֆիկացման, ճանապարհաշինարարության ու այլ աշխատանքներ: Մյուս կողմից՝ քարոզարշավի ֆոնի վրա դա ներկայացնելն արդյո՞ք «ԸՕ» հոդված 18-ի 7-րդ եւ 8-րդ կետերի դրույթների կոպիտ խախտում չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել