Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի ճանապարհն անցնում է Ստեփանակերտով

Մայիս 22,2003 00:00

Մոսկվայի ճանապարհն անցնում է Ստեփանակերտով Հիշու՞մ եք Չարենցի բացատրությունը՝ Տրապիզոնից ինչպես հասնել Մոսկով. «Նավով կերթաս նախ Բաթում. Հետո գնացք նստած կհասնես Թիֆլիս, Հետո Բաքու, Ռոստով. Հետո կերթա՜ս-կերթա՜ս Ու նոր կհասնես Մոսկով»: ՀՀ ՍԴ իրավաբանական ծառայության նախկին պետ Արմեն Զալինյանը մոտավորապես այս ճանապարհով հասավ Ստեփանակերտ՝ նշանակվելով ԼՂՀ նախագահի խորհրդական: Չարենցի Ալին սուսուփուս կհասներ Մոսկով, բայց Զալինյանն ուրիշ էր՝ նրան նախ հարկավոր էր իր անձի շուրջ աղմուկ ստեղծել: Այն սկսվեց դիմում գրելու օրը՝ ապրիլի 21-ին, երբ դրսից էին ՍԴ աշխատողներին հարցնում՝ «Ճի՞շտ է, որ…»: Արմենի ուր կամ ինչու գնալը որեւէ մեկին դժվար թե հետաքրքրեր, եթե չլիներ ապրիլի 16-ին ՍԴ-ի կայացրած որոշումը, եւ թերթերից մեկը հաջորդ օրը չգրեր՝ «Խոսակցություններ կան, որ ե՛ւ իրավաբանական բաժնի ղեկավարի աշխատանքից ազատվելը, ե՛ւ նրա օրինակին հետեւելու պատրաստ մյուս աշխատակիցների նման մտադրությունները պայմանավորված են ՍԴ ապրիլի 16-ի որոշմամբ»: Ա՛յս էր պետք հավանաբար Արմենին: Եթե դա այդպես չէ, հապա ինչո՞ւ Արմեն Զալինյանը չընդվզեց թերթի հրապարակման դեմ, ինչո՞ւ անձամբ չհանդիպեց լրագրողների հետ՝ հերքելու այդ լուրերը: Փոխարենը կրակն ընկավ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: ՍԴ մամուլի քարտուղարի հրավիրած լրագրողներին Հակոբյա՛նն էր ստիպված բացատրություն տալիս, թե Արմեն Զալինյանը, խնդրեմ՝ նրա դիմումը, աշխատանքից ազատվում է «ՌԴ արտաքին քաղաքականության կոմիտեում աշխատանքի անցնելու կապակցությամբ»: Հավելենք, որ Զալինյանը ե՛ւ ՍԴ-ում, ե՛ւ դրսում լուրեր էր տարածել, թե այդ կոմիտեում իրեն առաջարկել են վարչության պետի պաշտոն: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարինե Քալանթարյանը, այդ լուրը թողարկելուց առաջ, ստուգել էր, որ նման վարչություն գոյություն չունի: Դա էլ հաղորդվեց, եւ դրան էլ Զալինյանի կողմից արձագանք չհետեւեց: Նա ՍԴ-ում ընդամենը Մոսկվա աճապարողի տպավորություն ստեղծեց, թե՝ հոգսերս շատ են, շտապում եմ ընտանիքով տեղափոխվել Մոսկվա: Գուցե նրա համար Ստեփանակերտի ճանապարհն իրո՞ք անցավ Մոսկվայով: Մայիսի 15-ից Արմեն Զալինյանն աշխատում է ԼՂՀ նախագահի խորհրդական: Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել