ՄԵՐ ԱՍՏԱՌՆ ՈՒ ՁԵՐ ՇԱՊԻԿԸ «Զանազան կուսակցությունիկներ այսօր համառորեն փորձում են իրենց վրա հարմարեցնել կոմունիստներից մնացած, գործածության համար դեռ պիտանի կիսամուշտակը»,- ծանուցում է Նորացված կոմունիստների օրգան «Խոսք բազմաց» թերթը։ Ավելին, այդ «կուսակցությունիկները մոռանում են, որ աստառի գունային երանգները (գաղափարական հենքը) անհնար է հարմարեցնել ծրագրերի հավակնություն ունեցող իրենց հնամաշ ներքնաշորերին (քաղաքական պատկանելությանը)»։ Այս գեղեցիկ եւ բարձրաճաշակ համեմատությամբ երեկ հանդես եկավ ՀՆԿԿ առաջնորդ Յուրի Մանուկյանը՝ աշխատանքի եւ պատերազմի կոմունիստ վետերանների հետ հանդիպման ժամանակ։ Քարոզարշավի վերջում պարոն Մանուկյանը որոշել էր «ռեւերանս» անել ավագ կուսակիցներին եւ անցյալի գիրկն ուղարկելով ՀԿԿ-ին՝ ասաց. «ՀՆԿԿ-ն Հայաստանի փառապանծ Կոմունիստական կուսակցության իրավահաջորդն է»։ Հանդիպմանը ներկա եւ բացակա վետերաններին ուղղված շնորհակալական խոսքից փափուկ անցում կատարելով ընտրություններին, պարոն Մանուկյանը ոչ այնքան փափուկ արտահայտություններով բնութագրեց դրանց ընթացքը որպես «հարայ-հրոց», «խոստումների տեղատարափ» եւ «ժողովրդին ծառայելու ծամածռություններ»։ Նորացված կոմունիստի համար «սրտխառնոցի չափ անդուր է տեսնել հուզիչ ձեռքսեղմումները, պաչ ու պռոշտիները՝ երեկ մեկի, այսօր՝ մեկ ուրիշի հետ»։ Նրա համար հատկապես վիրավորական է, որ «ամեն խաչմերուկում աղուհաց են մատուցում» նրանց, ովքեր «ժողովրդի հետ հանդիպման են գալիս ժողովրդի հաշվին ձեռք բերած թանկարժեք մեքենաներով»։ Այնինչ, «աղուհացի պատվին մեր ժողովուրդն արժանացրել է պատերազմից հաղթանակով վերադարձողներին եւ իր օտարերկրյա բարեկամներին»։ Նախագահական ընտրություններում իշխանությունների ընտրյալ թեկնածուին պաշտպանած ՀՆԿԿ առաջնորդը նույն իշխանություններին խորհուրդ տվեց «ցանկանալ եւ կարողանալ իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը նվազագույնի կհասցնի երկրի ազգային հարստության մասշտաբային կենտրոնացումը մի խումբ մարդկանց գրպաններում»։ Իսկ մեծամասնականով առաջադրված թեկնածուների մասին Յուրի Մանուկյանը կարճ կապեց՝ «սոցիոլոգներին խորհուրդ կտամ հրապարակել նրանց ցուցակն ըստ սոցիալական պատկանելության»։