Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմի հերթական դրսեւորում

Մայիս 22,2003 00:00

Պոպուլիզմի հերթական դրսեւորում ԿԳ նախարարի նախընտրական քարոզարշավից մոլորության մեջ են ընկել նաեւ դպրոցների տնօրենները: Խնդիրն այն է, որ քարոզարշավի ժամանակ ԿԳ նախարարի հետ հանդիպումներում կրթության ոլորտի աշխատակիցները նախարարի շուրթերից լսել են փաստարկումներ, որոնք, ըստ իրենց, հակասում են դպրոցներում գործող օրինակելի կանոնադրության պահանջներին: Այսպես՝ իրականացվող ռացիոնալացման ծրագրի շրջանակներում պետք է առաջին հերթին լուծվի ուսուցչի ծանրաբեռնվածության հարցը, ինչի կարիքը մայրաքաղաքի դպրոցներում իսկապես կա: Եվ որպեսզի ուսուցիչը թերծանրաբեռնված չլինի, պետք է ե՛ւ ուսուցիչների, ե՛ւ դասարանների թիվը կրճատվի: Եվ այստեղ է, որ ի հայտ է գալիս առաջին հակասությունը: Ըստ դպրոցական նոր կանոնադրության նախնական տվյալների, դասարանների խտությունը պետք է լիներ. տարրական եւ միջին դասարաններում՝ 25-30, ավագ դասարաններում՝ 20-25: Ֆինանսների նախարարությունը, սակայն, այս թվերն ամիսներ առաջ փոխել է՝ դարձնելով առաջինների համար 30-35, երկրորդների համար՝ 25-30: ԿԳ նախարարը, սակայն, իր ելույթներում նշել է, որ ուժի մեջ են մնում առաջին տարբերակով առաջադրված թվերը: Բայց այս դեպքում արդեն իսկ ռացիոնալացման ծրագրի մեջ ընդգրկված որոշ դպրոցներ կարիք չեն ունենա այլեւս դասարաններ կրճատելու: Հիմա ո՞ւմ ասածով առաջնորդվեն տնօրենները: ԿԳ նախարարի՞, թե՞ ֆինանսների նախարարության: Հիշեցնենք, որ, ըստ նոր կանոնադրության, դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով: Իսկ այս պարագայում ռացիոնալացման ծրագիրն իր նպատակին չի ծառայի, եթե չլուծվի ուսուցչի թերծանրաբեռնվածության հարցը: Դեռեւս մարտին ռացիոնալացման ծրագրի մեջ մտած դպրոցների տնօրեններին քաղաքապետարանի կրթության վարչությունից տրվել է հրաման, որտեղ ասված է, թե ինչ թվով կրճատումներ պետք է իրականացվեն դպրոցներից յուրաքանչյուրում: Իսկ ԿԳ նախարարի նախընտրական խոստումները ուսուցիչներին, թե՝ «դա ձեզ չի վերաբերում», մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է գցում տնօրենին, եւ ստացվում է, որ տնօրենը, ուսուցչին կրճատելով, անձնական հաշիվներ է լուծում: «Մայիսի 25-ը կանցնի, կմնանք մենք, մեր կանոնադրությունը եւ մեր ֆինբաժինները, որոնք սեպտեմբերի 5-ին կպահանջեն դասարանների խտությունը՝ ըստ կանոնադրության, եւ կրճատումներ կպահանջեն՝ գիծ քաշելով նախարարի հայտարարած խտության վրա»,- ասում է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը: Իսկ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, տնօրենը ուսումնական տարվա ընթացքում ուսուցչին ազատելու իրավունք չունի, բացի այդ, 2 ամիս առաջ ուսուցիչը պետք է տեղյակ լինի իր՝ աշխատանքից ազատման մասին: «Իսկ այս պահին, քարոզարշավի ընթացքում, երբ հայտարարությունների հիմքում ընդամենը դուր գալն է, դպրոցին պահում են անորոշության մեջ»,- շարունակում է տնօրենը: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը մեզ հետ զրույցում եւս հաստատեց նախարարի ասածները եւ թիվ 29 եւ 30 դպրոցների օրինակով (այս դպրոցները գտնվում են միեւնույն շենքում) ցույց տվեց, որ իսկապես կրճատվում են միայն տնօրենն ու փոխտնօրենը: Իսկ դասարանների խտացումը, ըստ պրն Ղուկասյանի, ռացիոնալացման հետ կապ չունի, որովհետեւ դասարանների խտության հարցում «ուժի մեջ են մնում կանոնադրության մեջ եղած նախնական թվերը, որով մենք առաջնորդվում ենք արդեն 10 տարի»: Վերադառնանք այն փաստաթղթին, որով քաղաքապետարանի կրթության վարչությունը պահանջում է իրականացնել կրճատումները: Այստեղ արդեն բոլորովին այլ թվեր են ներկայացված՝ ճիշտ ֆինանսների նախարարության ներկայացրած թվերը: Բերենք մեկ օրինակ: Թիվ 27 դպրոցի 94 երրորդ դասարանցիներին, որոնք բաշխված են եղել 4 դասարանների միջեւ, կրթության վարչությունը պահանջում է վերակոմպլեկտավորել 3 դասարաններում: Կամ՝ 101 հինգերորդ դասարանցիների 4 դասարանը դարձնել 3: Եվ եթե 94-ը կամ 101-ը բաժանենք 3-ի, ավելի շուտ 30-35 կլինի (ինչպես պահանջում է ֆինանսների նախարարությունը), քան 25-30 (ինչպես ասում է ԿԳ նախարարությունը): Միայն մայրաքաղաքում, Կառավարության 2002 թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ, ռացիոնալացման արդյունքում պետք է կրճատվի 400 դասարան, իսկ յուրաքանչյուր դասարանի միջին ժամաքանակը 1,8 դրույք է: Պարզ հաշվարկներից տեսնում ենք, որ արդյունքում կրճատվում է 720 դրույք, այսինքն՝ 720 ուսուցիչ (ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը 1 դրույք՝ 18 ժամ, պետք է լինի): Իսկ միայն 2002-2003 ուստարում ռացիոնալացման ծրագրի մեջ է մտել 10 դպրոց, որոնց 176 դասարաններից պետք է մնա 126-ը, 441 ուսուցչից՝ 228-ը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել