Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ «ՏԱՆԻՔ» ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ»

Մայիս 22,2003 00:00

«ԻՆՁ «ՏԱՆԻՔ» ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ» Հարցազրույց թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված, ՀՀԿ անդամ, «Հայմամուլ» ՓԲԸ գործադիր տնօրեն, ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Հայկարամ Մխիթարյանի հետ: -Դուք արդեն մեկ անգամ եղել եք պատգամավոր, ուստի հետաքրքիր է՝ օրենքներ մշակելն այդքան գայթակղի՞չ աշխատանք է, որ դարձյալ փորձում եք մտնել ԱԺ, թե՞ այլ նպատակներ ունեք: Ոմանց համար, օրինակ, ԱԺ-ն «տանիք» ձեռք բերելու անհրաժեշտություն է: Ձեր նպատակը ո՞րն է: – Բնականաբար, իմ նպատակը երկրորդը չէ. ես չեմ ուզում դառնալ պատգամավոր, որպեսզի «տանիք» ունենամ: «Տանիք» ինձ մինչ այսօր անհրաժեշտ չի էլ եղել: Մեկ անգամ պատգամավոր լինելն, իմ կարծիքով, դեռ բավարար չէ պրոֆեսիոնալ լինելու համար: Պատգամավորը պետք է վերընտրվի երկրորդ, երրորդ, ինչու ոչ, նաեւ չորրորդ անգամ, որպեսզի աստիճանաբար դառնա պրոֆեսիոնալ: Բայց խոսքն այն պատգամավորների մասին է, որոնք վերընտրվելով աշխատելու են: Ցավոք, մենք տեսնում ենք չաշխատող պատգամավորներին: Ինչ վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիությանը, ապա ես դրա անհրաժեշտությունը չեմ զգում: Ես կողմ կլինեի, որ ընդհանրապես վերացվեր անձեռնմխելիություն հասկացությունը, քանի որ այդ դեպքում էապես կբարձրանային որակական հատկանիշներն ԱԺ-ում: Ես 4 տարի աշխատել եմ, փորձում եմ կրկին աշխատել, քանի որ ինձ հոգեհարազատ է այդ աշխատանքը եւ կփորձեմ ընտրվելու դեպքում հնարավորության սահմաններում թեթեւացնել իմ ընտրատարածքի հոգսերը: – Ձեր հիմնական մրցակից Արտուշ Սիմոնյանին սատարում են «ՕԵ»-ն, «Ազգային միաբանությունը», ԱԺՄ-ն ու Կոմկուսը, որոնք հիմնականում պայքարում են ոչ թե կոնկրետ Ձեր դեմ, այլ՝ ՀՀԿ-ի: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ172ի դեմ նման ուժերի համախմբումը: – Շատ բնական է, կա իշխանություն եւ ընդդիմություն, ընտրություններ են եւ մյուս կուսակցությունները պետք է փորձեն վերցնել իշխանությունը: Ուստի կուսակցությունները որոշ տեղերում՝ պետք է համախմբվեն գործող իշխանության կուսակցության դեմ: Ու՝ լինելով այդ կուսակցության ներկայացուցիչ, ինձ համար ավելի դժվար է այսօր, քան եթե լինեի անկուսակցական: Այդ դեպքում, ինչ խոսք, որոշ կուսակցություններ գուցե չեզոք լինեին կամ իմ կողքին կանգնեին: Իսկ այսօր, անկախ այն բանից, թե ինձ որպես անձ ընդունում են, թե ոչ, նրանք կանգնել են մյուս թեկնածուի կողքին, որպեսզի թույլ չտան ՀՀԿ-ին եւս մեկ պատգամավորով ավելի լինի ԱԺ-ում: – Ըստ լուրերի, Ձեր մրցակիցը ընտրակաշառքներ բաժանելու ակտիվ գործունեություն է սկսել: Դուք տեղյա՞կ եք: – Որքան դուք, այնքան էլ ես եմ տիրապետում այդ տեղեկատվությանը: Ես որեւէ փաստ չունեմ այսօր, որ կա մեկը, որին տրվել է այդ ընտրակաշառքը: Իսկ ընտրակաշառքներ բաժանվում են ոչ միայն մեր ընտրատարածքում, այլեւ՝ բոլոր տեղերում: Ժողովուրդը, հույս ունեմ, որ ավելի իմաստուն է դարձել. կարծում եմ՝ կընդունի ընտրակաշառքն ու կանի այն, ինչ պետք է աներ: – Դուք թերեւս ավելի շատ, քան ձեր մրցակիցները, ծանոթ եք հասարակությանը: Ժողովուրդն ինչպե՞ս է ընդունում Ձեզ: – Բավականին մեծ է մեր ընտրատարածքը՝ ամբողջ Քանաքեռը, Վերին Զեյթունը եւ 5 տեղամաս Արաբկիրից: Տեղեր կան՝ շատ նորմալ են անցնում քարոզարշավները, տեղեր կան՝ ավելի ջերմ, տեղեր էլ՝ սառը: Քանաքեռում տեղեր կան սառն են ընդունում, որովհետեւ այնտեղ գործում է թաղային հասկացությունը: Մինչ օրս՝ ղարաբաղցին, հայաստանցին, ախալքալաքցին էր, իսկ այժմ տեղայնացվել, իջել է թաղային մակարդակի ու ստացվել՝ քանաքեռցի, զեյթունցի, ինչն ինձ համար բացարձակ ընդունելի չէ: Կա հայ ժողովուրդ եւ վերջ, առանց այդ էլ մենք փոքր ազգ ենք ու իրավունք չունենք այդպես բաժան-բաժան լինել: Այդ պատճառով որոշ տեղեր սկզբից սառը ընդունելություն է եղել, սակայն հանդիպման վերջում, երբ զրուցում եմ նրանց հետ, ի վերջո, բնակիչներն ինձ ծափահարություններով են ճանապարհում: Ես գոհ եմ ընտրարշավից եւ բավականին լավ ցուցանիշ ունեմ: – Դուք լինելով ՀՀԿ անդամ, պետք է որ ընտրվելու մտահոգություն չունենաք, քանի որ իշխող կուսակցության ներկայացուցիչ եք ու վայելում եք նրա պաշտպանությունը: Այդպես չէ՞: – Ինձ դա չի վերաբերում, ես ինձ արդեն ընտրված չեմ զգում: Ընտրահանձնաժողովներում տեղերը կարծես հավասար են ու կարծում եմ, մեր ընտրատարածքում բավական արդար ընտրություն է լինելու: Ես հույսս դրել եմ իմ կատարած աշխատանքի ու քարոզարշավի վրա, որը բավականին արդյունավետ է: Ժողովուրդը տեսնում է, թե ինչպես է վերջին 6 ամիսներին ԱԺ172ն կազմալուծվել, եւ կարծում եմ՝ կհասկանա, որ պետք է ընտրել այնպիսի պատգամավորների, որոնք քիչ թե շատ կարողանում են իրենց հոգսերը մեղմացնել: Ինձ թվում է, որ այս ընտրություններում ժողովուրդը իր ծանրակշիռ խոսքը կասի: Զրուցեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել