Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունված կաղապարներից դուրս

Մայիս 22,2003 00:00

Ընդունված կաղապարներից դուրս Այսպիսի թեկնածու է Աշոտ Օսիպյանը Մեծամասնական ընտրակարգով առաջադրված որեւէ թեկնածուի պաշտպանելը սովորաբար պատասխանատվություն է, որից գերադասելի է ձեռնպահ մնալ: Մեծամասնական թեկնածուն քաղաքական ուժ չէ. հնարավոր չէ առանց անձնավորելու հայացքներ, ծրագրեր քննարկել: Իսկ անձնական հատկանիշների պրիզմայով գնահատելը լրագրողական վստահության խնդիր է: Աշոտ Օսիպյանի դեպքում կարելի էր նման պատասխանատվություն ստանձնել: Նույնիսկ առանց մրցակիցների հետ համեմատություն կատարելու: Ինչո՞ւ: Ուղղակի նա հազվադեպ որակ է պատգամավորական ստերեոտիպերում: Երեւի 1689-ից ի վեր, երբ առաջին անգամ Անգլիայում պառլամենտն օժտվեց սուվերեն իշխանությամբ, աշխարհի չորս ծագերում երկու հիմնական շարժառիթներ են մարդկանց դարձնում պատգամավոր: Կամ դասական «փոքր մարդը» /որպես կանոն՝ մտավորական/ որոշում է, որ հոգնել է ոչ մեկին չհետաքրքրող իր գիտական թեմայից, արտադրության խնդիրներից, չինովնիկական պարտականություններից, եւ եկել է ժամանակը ի տես հասարակության թռիչք գործելու: Կամ նորահայտ «դրամատերը» գիտակցում է, որ լինել հարուստ, դեռ չի նշանակում՝ մարդկային արժեք ներկայացնել, եւ ինչպես Ռոտշիլդն էր բարոնի տիտղոսը գերադասում հարստությունից, այնպես էլ նրա հոգեզավակներն են բոլոր ժամանակներում ձգտում հայրենի Լորդերի պալատ: Ներկա ՀՀ ԱԺ-ում էլ ճնշող մեծամասնությունը այս երկու կատեգորիաներն են: Ապագա խորհրդարանի առնվազն մեծամասնական ընտրացուցակներում այդ որակները վերարտադրվում են: Մինչդեռ Աշոտ Օսիպյանն այս խորքի վրա հազվադեպ թեկնածություն է: Իր 35-ամյա հասակում նա հասցրել է ալֆա-ից սկսել եւ բարձրանալ գիտության մեջ, պետական ծառայությունում, մասնավոր սեկտորում: Պատկերացրեք մարդ, որ Ճարտարապետա-շինարարականի շրջանավարտ լինելով՝ կարողանում է ընդունվել ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա: Ավարտելուց հետո, տնտեսագիտական գիտության հետ կապը չխզելու համար հարազատ բուհում վերցնում է դասաժամեր: Պետական ծառայությունը սկսում է ֆիննախում. «Երբ գնացի հարցազրույցի, շատ անլուրջ էի վերաբերվում այնտեղ աշխատանքի անցնելու հեռանկարին, թեկուզ որովհետեւ նախկին աշխատավայրում 50.000 դրամ էի ստանում, այստեղ 5.000 էին վճարում: Ուղղակի առաջարկվող աշխատանքն էր մասնագիտական առումով հետաքրքիր, համաձայնեցի»: Ի դեպ, Օսիպյանին առաջարկում են ընտրություն կատարել Արժեթղթերի շուկայի բաժնում առաջատար մասնագետի եւ Շինարարության ֆինանսավորման վարչությունում բաժնի պետի տեղակալի պաշտոնների միջեւ: Օսիպյանն ընտրում է առաջինը: Հետագայում էլ տարբեր պաշտոններ է զբաղեցրել մինչեւ ֆիննախ. Ֆինանսական քաղաքականության գլխավոր վարչության պետ, ԿԲ նախագահի խորհրդական, բայց մոտեցումը աշխատանքի ընտրությանը կարծես թե մնացել է անփոփոխ՝ նախընտրել մասնագիտական զարգացմանը նպաստող պաշտոնը: Վերջապես 1998-ին Աշոտ Օսիպյանը պետական ծառայությունից մասնավոր սեկտոր անցնելու առաջարկ է ստանում, նրան է առաջարկվում «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի պաշտոնը: «Երբ 99-ին իմ պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին էին խոսում, չէի կարծում, թե անհրաժեշտ հաղթաթղթեր ունեմ: Այո, եղել էի գիտությունում, քաղծառայությունում, ստանձնել էի մասնավոր բանկի ղեկավարումը, բայց դեռ գործնականում էր հարկավոր տեսնել՝ կայանո՞ւմ եմ իբրեւ բանկիր: Այժմ դա կարող եմ ասել»: Գրեթե բացառիկ դեպք է, որ պատգամավորական մանդատի հավակնի գիտական հետաքրքրություններ, պետծառայողի կենսագրություն եւ երկրում առաջին կամ երկրորդ բանկիրի հասարակական դիրքն ունեցող մարդը: Օսիպյանի մասին կարելի է ասել՝ բանկիր, քանի որ «Հայէկոնոմբանկը» ներկա բնագծերը նվաճել է նրա ղեկավարությամբ: Ընտրողների քվեն ստանալու դեպքում՝ կռահելի է. Օսիպյանը ԱԺ-ում տնտեսական օրենսդրությամբ կզբաղվի, չընտրվելու տարբերակը կուրախացնի թերեւս բանկի աշխատողներին՝ ո՞վ երաշխիք ունի թե հաջորդ տնօրենն էլ այդքան երիտասարդ, իրազեկ ու սիրալիր կլինի: Սակայն ամենաէականն ու հաճելին այն է, որ Օսիպյանի դեպքում պատգամավորական մանդատը չի ծառայի VIP դառնալու կախարդական փայտիկ, ոչ էլ հասարակական արժեւորման առհավատչյա, այլ կլինի լոկ կենսագրության օրինաչափ հանգրվան: Այդպիսի թեկնածուն երեւի թե այլընտրանք չէր ունենա ցանկացած ընտրատարածքում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել