Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՕՐԻՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Մայիս 22,2003 00:00

ԱՊՕՐԻՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Օրերս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովն իր նկատառումները հայտնեց այն թեմայով, թե բիզնեսմենը պետք է իր գործը անի, զբաղվի արդյունաբերությամբ, իսկ Ազգային ժողովին անհրաժեշտ են բանիմաց քաղաքական գործիչներ: Նաեւ նշեց, որ եթե անգամ ինքը լիներ ՀՀ քաղաքացի՝ միեւնույն է, կնախընտրեր բիզնեսը: Թերեւս կարելի լիներ պրն Բաղդասարովին դրվատել նախանձելի օրինապահության համար, եթե նա այս բոլոր դիտարկումները չհայտներ «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքի ասուլիսի ընթացքում, որին աջակցում է պրն Բաղդասարովը: Եվ այդ ասուլիսում էլ, ինչպես ավելի վաղ՝ մամուլում, նա իր նպաստը բերեց դաշինքի քարոզչությանը, թե այն «դավանում է նոր գաղափարներ, միջին խավի ձեւավորման կողմնակից է», «որոշակի հեռանկարներ ունի, եւ կարելի է նրանց օգտին քվեարկել»: Մինչդեռ սա ուղղակիորեն «Ընտրական օրենսգրքի» 18 հոդվածի խախտում է, ըստ որի՝ օտարերկրացիներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել: Սակայն ՌԴ-ի քաղաքացի պրն Բաղդասարովը ոչ միայն այս դաշինքի միջոցով՝ համամասնական ընտրակարգով է փորձում իր տեղը հաստատել Հայաստանի քաղաքականության մեջ, այլ իր 3-4 թեկնածուներն ունի նաեւ, որոնք առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով: Նրանցից են, օրինակ, պրն Բաղդասարովի սեփականությունը հանդիսացող «Հայխնայբանկի» գործադիր տնօրենի տեղակալներ Կառլոս Ղազարյանը եւ Արզիկ Սուվարյանը: Այս բանկի մասնաճյուղերը վերածվել են յուրօրինակ նախընտրական շտաբների, եւ իրենց կոմունալ վճարները մուծող քաղաքացիներին բաժանվում են Միխայիլ Բաղդասարովի հովանավորյալների բուկլետները: Հայտնի են նաեւ դեպքեր, երբ քաղաքացիներից «Հայխնայբանկի» մասնաճյուղերում խնդրել են նրանց անձնագրի համարները եւ առաջարկել քվեարկել ԱԿՄ-ի օգտին: Բնականաբար, ինչպես եւ «Ընտրական օրենսգրքի» այլ ոտնահարումների պարագայում է՝ ԿԸՀ-ն անպատիժ կթողնի այս բացահայտ խախտումներն էլ: Ա. Ի. Հ. Գ. Ի դեպ, ցանկի թիվ 2-ը՝ Առաջադիմական Միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը դաշինքի անվան հապավումն օրերս նույնացրեց AKM ավտոմատի հետ: Հասկանալի է՝ դաշինքին աջակցողը ՌԴ քաղաքացի է, բայց հիշեցնում ենք, որ հայերենում չկան «կա» եւ «էմ» անվանվող տառեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել