ԱՅՍՕՐ ՃԳՆԱԺԱՄ ՉԿԱ «Հայաստանի ապագա կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կոալիցիոն բնույթ կկրի, քանի որ ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվի երրորդ գումարման խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմավորել»,- «Արմինֆոյի» մատուցմամբ, երեկ իր ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Նույն աղբյուրի պնդմամբ, նա նաեւ ասել է, թե «վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրվի այն կուսակցության ներկայացուցիչը, որն ապագա խորհրդարանում կկազմավորի առավել բազմանդամ խմբակցություն»: Մենք դիմեցինք ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանին՝ ճշտելու մասնավորապես կոալիցիոն կառավարություն ձեւավորելու մասին ՀՀԿ վերաբերմունքը: «Բազմիցս ենք հայտարարել, որ ՀՀԿ-ն կպահպանի այն, ինչ ունի եւ կձգտի ավելին ունենալ: Ինչ վերաբերում է կոալիցիոն կառավարության ձեւավորմանը, ապա՝ դա կախված կլինի նրանից, թե մայիսի 25-ից հետո ինչ խճանկար կունենա ԱԺ-ն»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի պետը: Նա նաեւ տեսակետ հայտնեց, թե «կոալիցիոն կառավարություն» հասկացությունն իր համար հասկանալի եւ ընդունելի չէ, որովհետեւ, «երբ կառավարության կազմում ներկայացված են մի քանի կուսակցականներ՝ դա դեռեւս չի նշանակում, որ կառավարությունը կոալիցիոն է»: Ըստ պրն Սահակյանի, «կոալիցիոն կառավարություն ձեւավորվում է ծայրահեղ իրավիճակներում, երբ քաղաքական ուժերը խնդիր ունեն երկիրը ճգնաժամից դուրս բերել, մինչդեռ այսօր իրավիճակն այդպիսին չէ»: Իսկ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը հնարավոր համարո՞ւմ է կառավարությունում ընդդիմադիրների ներգրավումը, եթե վերջիններս իրենց թվաքանակով բազմանդամ խմբակցություններից մեկը լինեն: Այս հարցին պատասխանելով՝ Գ.Սահակյանը նկատեց. «Մենք դրա դառը փորձն ունենք եւ տեսանք, որ կառավարությունում ներկայացված ընդդիմադիրները չկարողացան իրացնել իրենց լծակները, եւ դա թշնամանքի առաջացման տեղիք տվեց: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք, իսկ դա այսօր ծայրահեղ ընդդիմության առկայությունն է»: Սեփ. լր.