Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՍԻԲՈՎ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

Մայիս 22,2003 00:00

«ԹԱՍԻԲՈՎ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» Հայտարարում են հանրապետականները Հանրապետականը Երեւանի տարածքային շտաբների ներկայացուցիչների աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց լրատվամիջոցների ներկայությամբ, ինչն առիթ տվեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին նկատել, որ ՀՀԿ-ն այլ կուսակցությունների պես փակ, գաղտնի ժողովներ չի անում եւ հրապարակային է աշխատում։ Խորհրդակցությունը կարելի էր կոչել՝ խորհուրդներ ընտրություններից առաջ։ ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանպատրաստից ելույթի իրավունք տվեց Դավիթաշեն եւ Էրեբունի համայնքների համայնքապետերին։ Վերջիններս էլ հավաստիացրին, թե «թասիբով» գնալու են եւ հաղթելու են։ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը որոշեց մեկնաբանել մամուլի, մասնավորապես՝ «Առավոտի» երեկվա հրապարակումները եւ հայտարարեց, թե «կեղծ պատկերով է ներկայացվում այն, ինչ կատարվում է մեր կուսակցության այցերի ժամանակ։ Բնականաբար, այցերի ժամանակ մարդիկ հանդիպում են վարչապետին, պաշտպանության նախարարին, եւ հայտնի պատճառներով այդ հանդիպումներն ամեն օր չէ, որ կարող են լինել, եւ բնական է, որ մարդիկ նաեւ իրենց են դիմում տարբեր խնդիրների հետ կապված։ Եվ շատ տարօրինակ կլիներ, եթե վարչապետը կամ պաշտպանության նախարարն այդ հարցադրումներին չարձագանքեին, լուծումներ չառաջարկեին։ Ցավոք սրտի, սա երբեմն փորձ է արվում ոչ դրական լույսի տակ ներկայացնել, նկատի ունեմ՝ վերջին մեկ-երկու օրերին հրապարակումներ եղան, մասնավորապես՝ «Առավոտ» օրաթերթում»։ Ուշագրավ մի շարք հրահանգներ էր պարունակում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքը։ Նախ, նա կոչ արեց ժողովրդի հետ ամաչելով չխոսել. «ով ամաչեց ժողովրդի հետ քյասար, բաց խոսելուց, նա պարտվելու է։ Որեւէ մեկդ թող չամաչի վարչապետին պաշտպանելուց, որեւէ մեկդ թող չամաչի մեր դրական արդյունքների մասին խոսելուց եւ որեւէ մեկը թող չամաչի ասել, որ, այո, այսօր մեր երկրում միլիոնավոր պրոբլեմներ կան, կան սոված մարդիկ, եւ եթե մեզ սատարեք, մենք դանդաղ աճը 100 տոկոսով երաշխավորում ենք։ Թե չէ անհասկանալի է՝ մարդ գնում է ժողովրդի հետ հանդիպելու եւ ամաչում է ասել, թե այս երեք տարվա ընթացքում ինչ ձեռքբերումներ ունի կառավարությունը, ինչ ձեռքբերումներ ունի Հանրապետական կուսակցությունը»։ Սերժ Սարգսյանի հաջորդ պատվիրանը՝ «որեւէ մեկը թող ուշադրություն չդարձնի տարբեր լրագրողների, տարբեր կուսակցությունների ելույթներին, որոնք ունեն հուզական հիմք, այսինքն՝ սա էլ քաղաքականություն է, սա էլ նախընտրական տեխնոլոգիաների ձեւ է»։ Պաշտպանության նախարարը՝ բոլոր կուսակցությունների մասին. «բոլորը մտահոգ դեմքով խոսում են այն մասին, թե ոնց անեն, որ իրենց ձայներին տեր կանգնեն։ Կարելի է տպավորություն ստանալ, թե 20 կուսակցությունից յուրաքանչյուրը 30-40 տոկոս ձայն ունի եւ հիմա մտահոգվել են, թե ոնց տեր կանգնեն»։ Պաշտպանության նախարարը կոչ արեց «այս հարցում լինել հարձակողական՝ դուք ասեք, ինչի՞ եք թողնում, որ իրենք ասեն»։ Խոսքն այն մասին է, որ հանրապետականներին արդեն մեղադրում են մայիսի 25-ին հնարավոր կեղծիքների մեջ։ Հաջորդ կոչը՝ «ընտրությունների օրը բոլորս լինենք շատ ակտիվ, մենք պարտավոր ենք մթնոլորտի տերը լինելու, մենք ամեն ինչ պետք է անենք օրենքի սահմաններում, առաջինը մենք ենք դեմ, որպեսզի ընտրախախտումներ լինեն, առաջինը մենք ենք դեմ, որպեսզի ընտրակեղծիքներ լինեն, բայց ես նաեւ դեմ եմ, որպեսզի մենք մեզ ոչ լիարժեք չզգանք, մենք պիտի տերը լինենք, ամբողջ քաղաքում մենք պիտի մթնոլորտի տերը լինենք, առանց օրենքը խախտելու, առանց կոպտությունների»։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախ հայտարարեց, որ իրենց խորհրդակցությունն ընդմիջման ժամին է տեղի ունենում (այսինքն՝ աշխատանքային պարտականություններից դուրս), եւ լրատվամիջոցներն իրավունք չունեն շահարկել այդ հարցը։ Հետո էլ ասաց, որ պետք է լավ աշխատել հատկապես Երեւանում. «Ժամանակ չունենք, երկրորդ փուլ չի լինելու»։ Վարչապետը «լրացուցիչ» չասաց, որ հարկավոր է համարձակ լինել. «որովհետեւ տեսել եմ ձեր աշխատանքը, դուք աշխատելու ձեւը գիտեք, ոճը գիտեք՝ ինչպես պաշտպանում էիք հանրապետության նախագահի թեկնածությունն առաջին, նամանավանդ երկրորդ փուլում։ Հարկավոր չի հոգնել, հաղթողի տեսանկյունից ձեր քայլերը կատարեք։ Մենք հաղթեցինք, մեր թեկնածուն հաղթեց նախագահական ընտրություններում։ Եթե այն ժամանակ նախագահի դեմ ինը թեկնածու էր աշխատում, այսօր Հանրապետական կուսակցության դեմ 20 կուսակցություն է աշխատում։ Անցել ենք այս էտապը, դուք վստահություն ունեցել եք, կամք ունեցել եք, եռանդ ունեցել եք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել