«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ Է» Ասում է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը «Ընտրության մասնակցելը քաղաքացիական պարտք է. եթե դու քո պարտականությանը մատների արանքով ես նայում, ուրեմն դու էլ պետք է պատրաստ լինես, որ պետությունն էլ իր պարտավորությունները չի կատարի քո հանդեպ»,- ասաց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը Մասիսում եւ Հովտաշատում երեքշաբթի կատարած քարոզարշավի ընթացքում։ Միավորված աշխատանքային կուսակցությունը, թերեւս, այն միակ կուսակցությունն է, որն այս ողջ քարոզարշավի ընթացքում ներկայացնելով իր շարքերում կանգնած մարդկանց՝ առաջին հերթին ժողովրդին կոչ է անում մասնակցել ընտրություններին եւ ազատ քվեարկել։ Մինչ Գ.Արսենյանը ներկայացնում էր Միավորված աշխատանքային կուսակցության ծրագրերը եւ անդրադառնում նույն ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուների՝ իր մասին տարածած «մուտիլովկաներին», Մասիսի մի խումբ բնակիչներ տեղերից հիշում էին իրենց պատգամավորի /Գ. Արսենյանի/ մի քանի տարի շարունակ Մասիսում եւ տասից ավելի գյուղերում կատարած գործերի մասին՝ դպրոցներին դասագրքերով ապահովելը, Հովտաշատ գյուղի դպրոցի վերանորոգումը, Արգավանդի սրբ. Սարգիս եկեղեցու վերանորոգման, մանկապարտեզներին եւ սոցիալապես անապահով բնակիչներին բուժման աջակցությունը, սպորտային եւ մշակութային միջոցառումների հովանավորչությունները, Ղուկասավան գյուղի ջրատարի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները… Մի բնակիչ ՄԱԿ նախագահին հարցրեց, թե ինչն է պատճառը, որ մյուս քաղաքական գործիչների պես ինքն էլ չի միացել որեւէ կուսակցության ցուցակի, այլ հիմնադրել են Միավորված աշխատանքային կուսակցությունը։ Գ. Արսենյանը պատասխանեց. «Կան ավանդական կուսակցություններ, որոնք ունեն իրենց անցած ճանապարհը, իրենց նվաճումները եւ իրենց թերությունները։ Ունեն նաեւ պատմական առաքելություն, որը կատարել են եւ ունեն պատմական մեղք, որ իրենց վրա կրում են։ Հարյուր տարվա մեր կուսակցությունները որոշ չափով իրենց պատմական միսիան կատարել են։ Այս կուսակցությունում հավաքվել են մարդիկ, որոնք կյանքում եւ գործում կայացած, բանիմաց, աշխարհում տեղի ունեցող պրոցեսներին համընթաց քայլող մարդիկ են։ Մարդիկ, որոնք հստակ գիտեն իրենց անելիքները, առաջարկում են իրենց ծառայությունները մեր երկրի օրենսդիր մարմնում, մարդիկ, որոնք առաջարկում են ոչ թե առաջնորդվել գեղեցիկ գրված ծրագրերով, խոսքերով, այլ անցած ուղիով, մասնագիտական փորձով»։ Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները, որոնցից յուրաքանչյուրն իր մասնագիտական ոլորտում եւ գործում կայացած գործարարներ, տնտեսագետներ, մշակույթի գործիչներ, բժիշկներ են, անընդունելի համարեցին այն, որ մեր հասարակության մեջ գործարարը ներկայանում է որպես մեծ բարերար, քանզի նա աշխատատեղեր է ստեղծում. «Ինքս եւ մեզանից շատերը, լինելով այս երկրի խոշոր գործարարներ, այդ կեցվածքն անազնիվ ենք համարում, որովհետեւ ցանկացած գործարար աշխատատեղեր է ստեղծում մեկ նպատակով՝ շահույթ ստանալու նպատակով։ Վերջիվերջո, այդ աշխատողի ու գործարարի համատեղ ջանքերի արդյունքով է ստեղծվում շահույթը։ Պետք չէ կեղծ բարերարի կեցվածք ընդունել ու խաբել, վիրավորել մարդկանց»,- ասաց Գուրգեն Արսենյանը։ Ի դեպ, Հովտաշատ գյուղում Համաշխարհային պատերազմի վետերան մի բնակիչ գյուղապետին առաջարկեց Գ. Արսենյանին Հովտաշատի պատվավոր բնակչի կոչում տալ։ Քարոզարշավի այս օրերին, երբ բոլորն արդեն հոգնել են ամեն օր մարզեմարզ եւ գյուղեգյուղ անցնող կուսակցական գործիչների ծեծված ելույթներից, Գուրգեն Արսենյանի անմիջականությունն ու անկեղծությունը ժողովրդի սրտով էր. «Ում ուզում եք ընտրեք-չընտրեք՝ դա ձեր գործն է, բայց ընտրությունների պատճառով իրար հետ մի թշնամացեք, որովհետեւ ընտրվողը գնում է Ազգային ժողով աշխատելու, իսկ դուք մնում եք այստեղ՝ ձեր հարեւանի, կոլեգայի հետ, որի հետ ընտրությունների պատճառով թշնամանում եք։ Էն, ում համար դուք այստեղ իրար հետ թշնամանում եք, հետո Ազգային ժողովում իրար հետ ընկեր են դառնում։ Մի թշնամացեք, դա իմ կողմից՝ ձեզ առողջապահական խորհուրդ»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ