Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն Քաշաթաղում

Մայիս 21,2003 00:00

Տոն Քաշաթաղում ԼՂՀ Քաշաթաղի վարչատարածքում, որ ընդգրկում է Ադրբեջանական ՍՍՀ Լաչինի, Կուբաթլիի եւ Զանգելանի շրջանները, ցանկացած հանդիսություն համաժողովրդական տոնակատարության է վերածվում: Բերձորի /Լաչին քաղաքի/ ազատագրման /18 մայիսի, 2002թ./ 11-րդ տարելիցին նվիրված ծրագիրն էլ բացառություն չէր: Գուցե դա նույնիսկ ունի բացատրություն: Բերձորում մասսայական մշակույթի օջախները՝ կինոդահլիճներ, թատրոններ, ընթերցասրահներ, զբոսայգիներ եւ այլն դեռ վերականգնված չեն կամ փոքրաթիվ են, եւ հանդիսությունների գեղարվեստական հատվածները ինչ-որ առումով դրանց բացակայությունն են հատուցում: Այլ պատկեր է նյութական հիմքերից համեմատաբար անկախ հոգեւոր մշակույթում: Անցյալ տարի Բերձորում միջազգային գիտաժողով է կայացել՝ նվիրված Ծիծեռնավանքին: Ի դեպ, 4-րդ դարի այս սրբավայրում ընդամենը մեկ տարում ավելացել են ոչ միայն վանքի էլեկտրական ջահերը, հատակի՝ 4-ից 11-րդ դարերի կավահունցից մինչեւ քարաշեն շերտերի ապակեպատ ցուցադրանքը, եկեղեցամերձ պարսպի դարպասը, այլեւ վերականգնվել է վանքի սեղանատան շինությունը: Վերջինս վերածվել է թանգարանի: Նման հետեւողականությունը գրավական է չկասկածելու Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի՝ Ալեքսան Հակոբյանի խոսքերին, որ Ծիծեռնավանքը ժամանակի մեջ վերածվելու է վաղ քրիստոնեության հայկական մշակույթի ուսումնասիրման միջազգային կենտրոնի: Քաշաթաղում պաշտոնական հանդիսությունները տոնակատարության են վերածվում գուցե նաեւ այն պատճառով, որ շրջանում ամեն մի սոցիալ-տնտեսական առաջխաղացում՝ լինի դա բնակավայրերի վերականգնում, ավտոճանապարհի կառուցում, էլեկտրիֆիկացում, ջրագծերի անցկացում, գյուղատնտեսության, թե սննդարդյունաբերության ընդլայնում, քաշաթաղցի ներին թվում է հայրենադարձությունն ամրապնդող կռվան: Այսպես առօրյա հաղթանակները գումարվում են, ժամանակային կտրվածքի մեջ դառնում նվաճում, որը արժե նշել: Եվ նշում են: Այս տարի էլ մայիսի 18-ին հարգանքի տուրք մատուցվեց եւ ծաղկեպսակներ դրվեցին Քաշաթաղում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, սուրբ Համբարձման եկեղեցում հայր Աթանասը մատուցեց հոգեհանգստյան պատարագ… բայց տոնը նախ զվարթություն է եւ խինդ: Եվ այն կայանում է շնորհիվ քաշաթաղցի փոքրիկների: Նրանք սպորտային մրցումներ են անցկացնում, համերգներ են տալիս, թռչկոտում, պարում: Վերջապես այնպիսի խրոխտ կեցվածքով են Քաշաթաղի հիմնը կատարում, որ ուղղակի զվարթությամբ են համակում ամենքին: Այդտեղ միայն մանկան կենսուրախ էությունը չէ, որ խոսում է, պարզապես Բերձորում ամեն առիթով անքան է կրկնվում, որ «երեխաների խինդը ամենամեծ հարգանքն է զոհվածների հիշատակին եւ բարոյական հատուցումը ապրողներին», որ փոքրիկները սեփական դերի առանձնակի կարեւորություն են զգում: Բերձորի ազատագրման 11-րդ տարեդարձի առիթով ժամանած հյուրերն էլ՝ երկրապահներ Արտաշատից, Սիսիանից, զոհվածների հարազատներ Վանաձորից, Երեւանից, Ստեփանակերտից, նույնը կրկնեցին ե՛ւ երեխաներին պարգեւներ հանձնելիս, ե՛ւ այլուր: Իսկ հանդիսություններին մասնակցող պաշտոնատար անձինք, ԼՂՀ կառավարության անդամները այնպես էին միաձուլված տոնական տրամադրությանը եւ ժողովրդին, որ չէիր էլ կռահի, թե հյուրեր են: Նույնիսկ ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության պետը՝ Ասլան Գրիգորեւիչը, որ ինչպես բժիշկ Արցախ Բունիաթյանը պատմեց, գլխավորել է վիրավորներին կրակի գծից դուրս բերող «փրկարարների ջոկատը» Արցախյան պատերազմում, ծիծաղելով նկատեց. «Նախարարի նման չե՞մ»: Անշուշտ, նման է, ուղղակի Քաշաթաղում աուրան է պայմանականություններ վերացնող: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել