«Թափանցիկի» թափը Անցած նախագահական ընտրություններից նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի հայտնի արտահայտությունը՝ «թափ տալու» մասին, վատ երազի նման հանգիստ չի տալիս մեր քաղաքական գործիչներին: Եվ երեկ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանն իր ասուլիսում ընտրությունների մասին խոսելիս գերադասում էր օգտագործել «օրինական» բառը՝ խույս տալով «թափանցիկ»-ից, որովհետեւ, ըստ նրա, «թափանցիկ» բառի արմատը «թափ տալ»-ն է: Գալուստ Սահակյանի՝ հայոց լեզվի հանդեպ ուրույն մոտեցումներն այսքանով չեն սահմանափակվում: Իր խոսքում, ակնարկելով որոշ քաղաքական ուժերի, նա նաեւ նշեց, թե՝ «հիմա անբարոյականը բարոյականությունից է խոսում, կաշառակերը կաշառքից» (լեզվի տրամաբանությունն այս պարագայում ենթադրում է՝ «անկաշառությունից» բառի գործածումը- Հ. Բ.): Իսկ այն հարցին, թե ովքեր են կոնկրետ վերը նշված անբարոյականները, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ես չասացի անբարոյականները, ես ասացի անբարոյականը, եթե ասեի անբարոյականները, այդ դեպքում անձնավորված կլիներ»: Եթե ընդունենք անգամ, որ գոյականի թվից է կախված անձնավորման իմաստը, միեւնույն է՝ չենք կարող ընդունել, որ Գ. Սահակյանն այսօր վերացական գաղափարների մասին է խոսում, եւ իր խոսքում ամենեւին էլ նկատի չունի կոնկրետ անձերի: Բայց գոնե փաստեր կան. հիշենք միայն ՀՅԴ-ին տված նրա «կուրտիզանուհի» որակումը: Այս մասին էլ ՀՀԿ շտաբի ղեկավարն ասում է, որ ինքը որեւէ կուսակցության կամ անհատ գործչի մասին խոսելիս վիրավորական ուղղվածություն չի տալիս իր խոսքին, պարզապես երբեմն-երբեմն արձանագրում է իրողությունը: Գ. Սահակյանը նաեւ մասնավորապես նշեց, որ խորհրդարանում մենք ընդդիմություն չենք ունենա, այլ միայն՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, իսկ Գեղամյանը միակ ընդդիմադիր գործիչն է, որովհետեւ նրա թիմում խառնիճաղանջություն չկա. «այսօր ընդդիմադիր ճակատում երեւում է ավելի շատ Գեղամյանը, քան որեւէ այլ քաղաքական ուժ»: Իսկ «Օրինաց երկիրը» ի՞նչ է, ընդդիմությո՞ւն, թե՞: Գ. Սահակյանը անդրադարձավ նաեւ ընդդիմության՝ դրսից տղա բերելու եւ նրանց ականջին փսփսալու հուսահատ ճիգերին, վստահեցրեց, որ ՀՀԿ-ն աշխատելու է, որ Սահմանադրությունը առավել դրական ձայներ հավաքի՝ ի հակադրություն ընդդիմախոսների: Իսկ այն լուրերի առնչությամբ, թե իբր Սահմանադրության հանրաքվեն արդեն անցկացված է եւ բոլոր թերթիկները քվեարկած-պատրաստ են, պրն Սահակյանն անորոշ ասաց. «Դե, եթե այդպես են ասում, դուք էլ հակառակն ասեք»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ