ՀՈՒՅՍԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է Երրորդ աշխարհի երկրներին «ձգած» պահելու հերթական ձեւն է մշակել Ջորջ Բուշը։ Նա առաջարկել է ֆինանսական անհատույց աջակցության մի ծրագիր՝ «Հազարամյակի հիմնախնդիրների հաշվեկշիռ» (ՀՀՀ), որի մանրամասները դեռեւս մշակվում են։ Այս մասին երեկ տեղեկացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյն իր ամենամսյա հերթական ասուլիսում։ Համաձայն առաջարկի, նոր զարգացող երկրները պետք է մրցեն իրենց տնտեսական գործունեության եւ կառավարման ցուցանիշներով՝ ՀՀՀ ծրագրի ֆոնդերից օգտվելու առաջնության համար։ Մի շարք պահանջ-պայմաններ ուղղակի պարտադիր են։ Ասենք, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով ցածր միավորներ հավաքած երկիրը, նույնիսկ մյուս բոլոր բնագավառներում բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում, կարող է որակազրկվել եւ ֆինանսավորում չստանալ։ Մեկ այլ պայման էլ ազատ եւ արդար ընտրությունների, մյուսը՝ մամուլի ազատության ապահովումն է։ Պրն Օրդուեյը գտնում է, որ «Հայաստանը պետք է ակտիվորեն մասնակցի այդ մրցապայքարին երկու նկատառումներով, նախ՝ դրանք պատկառելի գումարներ են, երկրորդ՝ որակավորման ընթացքը կօգնի Հայաստանին ավելի արագ առաջադիմել բարեփոխումների բնագավառում»։ ՀՀՀ ծրագրի մանրամասները քննարկել-ավարտելուց հետո ԱՄՆ Կոնգրեսը կստեղծի հատուկ հանձնախումբ՝ պետքարտուղարի ղեկավարությամբ, որը պետք է ուսումնասիրի մրցույթին մասնակից երկրների ցուցանիշներն ու տա վերջնական գնահատական։ Ջոն Օրդուեյը գտնում է, որ ընտրություններն առայժմ մեր ամենախոցելի կողմն է, ու եթե զրկվենք գումարից՝ պատճառը դա կլինի։ Իսկ մնացած բնագավառներում, մեր ցուցանիշները, ըստ նրա, վատը չեն՝ կլորիկ մի գումար վաստակելու համար։ Ի դեպ, ամերիկացիները հաշվի են առնելու նաեւ, թե ինչ ուղղությամբ է մտադիր ծախսել գումարը տվյալ երկրի կառավարությունը։ Ժամանակի ընթացքում կաճեն ե՛ւ հիմնադրամի հնարավորությունները, ե՛ւ պահանջվող չափանիշները։ Անդրադառնալով առաջիկա ընտրություններին, դեսպանը նշեց, որ ինքը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի դրանց միջազգային դիտորդի կարգավիճակով։ Հենվելով նախորդի փորձի վրա, նա կարծում է, որ միջազգային դիտորդների կարիք կա հանրապետության բոլոր ընտրատեղամասերում եւ ողջ օրվա ընթացքում, որ «միայն այդպես հնարավոր կլինի անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ»։ Իսկ քանի որ վերջին տպավորությունն է որոշիչն ու մնայունը, ապա արդար ու թափանցիկ անցկացրած խորհրդարանական ընտրությունները, ըստ դեսպանի, «կրկին կբարձրացնեն հայ հասարակության վարկանիշը դրսում էլ, ներսում էլ»։ Այլապես, «կրկին կխախտվի Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ երկրի ներքին միաբանությունը»։ Դեսպան Օրդուեյը շատ, շա՜տ հույս ուներ, որ այս մասին կմտածեն բոլոր քաղաքական կուսակցությունները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ