Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԾՐԱԳՐԵՐ ՉԵՔ ԳՐԵԼ, ՊԱՐՈՆԱՅՔ

Մայիս 21,2003 00:00

ԼԱՎ ԾՐԱԳՐԵՐ ՉԵՔ ԳՐԵԼ, ՊԱՐՈՆԱՅՔ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հիմնական «անցողիկ» դաշինքի եւ կուսակցությունների («Արդարություն», ՀՀԿ, ՀՅԴ, «Ազգային միաբանություն», «ՕԵ») նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականացման մեխանիզմների առումով ամենաանհաջողը ՀՅԴ-ինն է։ Սակայն բոլոր թերություններով հանդերձ, ՀՅԴ-ն մյուսների համեմատ առավելագույն ուշադրությունն է դարձրել Սահմանադրության՝ «Հայաստանը սոցիալական պետություն է» դրույթը կյանքի կոչելուն։ ՀՅԴ ծրագրի «Սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթներ» գլուխը կրում է բացարձակ դեկլարատիվ (հռչակագրային) բնույթ, հայտնի չէ, թե ՀՅԴ-ի գնահատմամբ որն է այն հիմքը, որով պատրաստվում են ապահովել «արտադրության առավելագույն արդյունավետ, ազատ պայմանների ապահովում, արտադրության արդյունքների առավելագույն արդարացի վերաբաշխում»։ Այս գլխում ՀՅԴ-ի առաջ քաշած մոտեցումները հիմնականում ընդունելի են, սակայն քանի որ «ելակետը» հստակ չի նշվում, նույն հաջողությամբ նման ծրագիր կարելի էր ներկայացնել, ասենք, 5 դար առաջ կամ տասնյակ տարիներ անց։ Եթե հավանական ընտրողը ծրագրից չի հասկանում, թե ՀՅԴ-ն ինչպես է պատրաստվում երաշխավորել տնտեսության սոցիալական կողմնորոշման կամ «բոլոր աշխատելու կարողություն ունեցողների համար հարմար զբաղմունքի ապահովման» վերաբերյալ իր բարի ցանկությունները, ապա կարող է ձեռքը վերցնել մեկ այլ կուսակցության ծրագիր։ Օրինակ, «Ազգային միաբանությունը», որի «Հակաճգնաժամային ծրագրի» տնտեսությունը «փրկելու» վերաբերյալ գլուխները, կարծում ենք, պարունակում են մի շարք անհեթեթություններ, աղավաղված տնտեսագիտական հասկացություններ։ Թվարկվածներից հանդիպել կարելի է նաեւ մյուս կուսակցությունների ծրագրերում, բայց «ԱՄ»-ինն այս առումով անգերազանցելի է, չնայած շատ տեղերում կոնկրետ է, ընդունելի մոտեցումներ է առաջարկում։ Իսկ ծրագրի մի շարք արտահայտություններ ուղղակի պրն Գեղամյանի պարզաբանումներն ու մեկնաբանություններն են աղերսում։ Օրինակներ բերենք։ Հայաստանի տնտեսությունը, տարրական տնտեսագիտական հասկացությամբ, ամենեւին էլ ճգնաժամի մեջ չէ, որը «հաղթահարելու» իր եղանակն է առաջարկում «ԱՄ»-ն։ Այն էլ անհասկանալի մեթոդներով. «տնտեսական փոխակերպումները պետք է հարաբերակցել երկրի արտադրական, ասել է թե՝ ազգային անվտանգության շահերի հետ»։ Անսահման երեւակայությունն անգամ ոչ մի կերպ ուղղակիորեն չի նույնացնում արտադրական եւ ազգային անվտանգության շահը, ինչպես արել է Արտաշես Գեղամյանը։ Նույն բաժնի երկրորդ կետում ընդհանրապես մտքի ո՛չ կապակցվածություն կա, ո՛չ հետեւողականություն. «ազգային անվտանգության պահպանումը չպետք է պայմանավորել սեփականության այս կամ այն ձեւով, պետական հատվածում չպետք է ավերել այն, ինչը դեռեւս չկա եւ ամենամոտ ժամանակներում չի կարող լինել մասնավոր հատվածում», շարունակությունն ավելի անհասկանալի է դարձնում սկիզբը։ Իսկ մյուս գլխի 5-րդ կետը՝ «մաքսային դրույքաչափերի իջեցում եւ միօրինականացում», որոշակի հակասության մեջ է նախաբանի «ներմուծումը սահմանափակող մաքսային տուրքեր» դրույթի հետ, իսկ այս երկուսը միասին չեն բխում ԱՀԿ-ի առջեւ ստանձնած մեր պարտավորություններից։ «Օրինաց երկիրն» անուղղակի պոպուլիստ է մնացել անգամ ծրագրով՝ դրանում ներառելով մեր համերկրացիների ամենամեծ ցանկությունների իրականացման անհրաժեշտությունը. «արտահանման ծավալների ավելացում», «տնտեսական աճի անընդհատ ապահովումը եւ աշխատատեղերի ստեղծումը», եւ այլն։ «ՕԵ»-ն «գտնում է, որ այսօր գյուղացիներին անհրաժեշտ է ցածր տոկոսադրույքներով տրամադրել՝ ա) տրակտորներ, կոմբայններ եւ այլ գյուղմեքենաներ, բ) սերմացու, տնկանյութ, գ) պարարտանյութեր եւ թունաքիմիկատներ»։ Պետք է ենթադրել, կուսակցությունը «ցածր տոկոսադրույք» ասելով՝ նկատի ունի «ցածր վարձավճար եւ գներ», այլապես՝ տրակտորն ակնկալում է գյուղացուց հետ ստանալ, ասենք, «ճուտ հանած», իսկ պարարտանյութի պարկերը՝ 1-2%-ով ավելացած։ Ըստ «Արդարության»՝ պետական մակարդակով պետք է կարգավորել ավանդական տնտեսական կապերը Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների հետ, որը բնավ չի նշանակում՝ «Գույք պարտքի դիմաց սկզբունքի» կիրառում։ Իրական արդյունավետ համագործակցությունը «ենթադրում է համատեղ ձեռնարկությունների ստեղծում, համատեղ ծրագրերի իրականացում եւ ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորում»։ Կարծում ենք, դաշինքի ծրագրի այս դրույթը մի քիչ հավակնոտ է, որովհետեւ «Գույք՝ պարտքի դիմաց» մեխանիզմը երեւի ամենահավանական եղանակն է ռուսական ընկերությունների ու ՌԴ կառավարության հետ հ/ձ-ներ ստեղծելու։ Այլապես, պարզապես պետք է գրավիչ լինի կամ մեր շուկան, կամ մեր արտադրական պոտենցիալը, որի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն չեն ցուցաբերում։ Իսկ հանրապետականների բանավոր ելույթներն ավելի հաջողված են, քան բուն ծրագիրը, ինչն անսպասելի էր։ Իսկ այս դեպքում գրածը, ասածն ու գործը չի համապատասխանում. «կարեւորվում է աջակցությունը գյուղատնտեսական մթերքների արտադրությանը, վերամշակմանը եւ արտահանմանը»։ Վարչապետը թե՛ լրագրողների, թե՛ պատգամավորների բարձրացրած հարցերին պատասխանել է, որ պետությունն այդտեղ դեր չունի, ընդամենը կարող է վերամշակող ձեռնարկություններին խնդրել, որ ժամանակին վճարեն։ Մի խոսքով, որ մասնավոր տնտեսական հարաբերությունների մասին է խոսքը գնում։ Իսկ «գյուղատնտեսական մեքենաշինության զարգացման» մասին խոստումն առայժմ հեռավոր ապագայի մասին է, պետք է ենթադրել։ Իսկ ՀՀԿ արտաքին տնտեսական գործունեության մասին գլուխը շատ ընդհանրական է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել