Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եթերային շուկա

Մայիս 21,2003 00:00

Եթերային շուկա «Օրինաց երկրի» վարչության անդամ Ստեփան Բարսեղյանը հայտարարել էր, թե իրենք այդքան էլ մեծ գումարներ չեն ծախսում քարոզչության վրա. «Մեր քարոզարշավը հիմնականում իրականացվում է հեռուստատեսությամբ, որը կատարվում է մեր կուսակցականների շնորհիվ»: Մինչդեռ հավաստի տվյալներով՝ միայն «Պրոմեթեւս» հեռուստաընկերությանը «ՕԵ»-ն 19 հազար դոլար է վճարել քարոզչության ու հատկապես լրատվական ծրագրերում իրենց բոլոր այցերին ու հանդիպումներին անդրադառնալու համար: Ի դեպ, երբ մեկ այլ հեռուստաընկերության ներկայացուցչի հետ զրուցում էինք այդ մասին՝ գումարի չափը լսելով՝ ասաց. «Պրոմեթեւսը» շարունակում է դեմպինգային քաղաքականություն իրականացնել. 19 հազարն ի՜նչ է որ՝ անգամ մի մեծամասնական թեկնածուի քարոզարշավի գին չէ»: Եվ դժգոհեց նաեւ «Արմենիայից», որը 15, 10 եւ 8 հազար դոլար արժողությամբ «քարոզչության փաթեթներ» է վաճառում, իսկ իր «Ժամը» լրատվական ծրագրում սյուժե տեղադրելու համար սահմանել է րոպեավճար՝ րոպեն 100 դոլար, մինչդեռ այլք 120-300 դոլար են սահմանել մի սյուժեի կամ հոլովակի համար: Այս տեղեկությունների առնչությամբ մեկնաբանություններ չխնդրեցինք ոչ «ՕԵ»-ից, ոչ էլ «Պրոմեթեւսից» կամ «Արմենիայից», քանզի բոլորն էլ, բնականաբար, հերքելու էին: Հեռուստաընկերությունները ժխտելու էին, քանի որ հազիվ թե այդ գումարներից վճարվում է եկամտահարկ: Հավելենք նաեւ հարցազրույցների համար սահմանված գները, որ «Արմենիայի» «Հոթ լայնի» պարագայում 1000-1200 դոլար է, «Արմնյուզում»՝ 950-1100, «Շանթի» «Հեռանկարում» եւ «Կենտրոնի» «Այցեքարտում»՝ 700-900 դոլար: Ամենաէժանն «ԱրմենԱկոբի» «Խոսք» ծրագիրն է՝ ընդամենը 300 դոլար: «Օրինաց երկրի» հանդիպումները հանգամանալից լուսաբանվում են գրեթե բոլոր հեռուստաընկերություններով՝ ակնհայտորեն՝ դարձյալ ոչ առանց համապատասխան վճարի: Ուստի եւ՝ նրանք եւս կհերքեին մեր տեղեկությունը, քանի որ հակառակ պարագայում օրինական հարցեր պիտի ծագեին, թե արդյոք իրոք միայն կուսակցականների շնորհիվ հնարավո՞ր է իրականացնել նման թանկարժեք քարոզչություն կամ, արդյոք, այս գումարները տեղավորվո՞ւմ են «Ընտրական օրենսգրքով» կուսակցությունների քարոզչության համար սահմանված գումարների շրջանակում, որ կհերիքեր միայն հեռուստատեսային քարոզարշավի ծախսերը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 70-120 հազար դոլար ծածկելու համար: Ի դեպ, այս հարցադրումները վերաբերում են ոչ միայն «ՕԵ»-ին, այլ հեռուստատեսային եթերն իրենցով լցրած այլ կուսակցություններին եւս՝ ՀԺԱՄ-ին, ՀՌԱԿ-ին, ՀՀԿ-ին, «Հզոր Հայրենիքին», ՀՅԴ-ին, ՄԱԿ-ին, ՔԴՄ-ին, որոնց հանդիպումների մասին սյուժեներով՝ ի տարբերություն ընտրություններին մասնակցող այլ կուսակցությունների քարոզարշավների՝ հեղեղված են հեռուստաընկերությունները: Զավեշտն այն է, որ բոլոր փող ունեցողներին եթերը վաճառելու իրողությունն այժմ ներկայացվում է իբրեւ քարոզչության հավասարակշռվածություն: Թեեւ, իհարկե, ի տարբերություն նախագահի ընտրության, որտեղ իրենց ֆինանսական շահերը ոտնահարելով՝ հեռուստաընկերությունները սահմանափակեցին քաղաքական գովազդի համար եթերաժամանակ տրամադրելու հնարավորությունը, սա աննկարագրելի՜ հավասարակշռվածություն է: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել