Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեղամյանը բացահայտեց «ՀՀՇ-ի ականջները»

Մայիս 21,2003 00:00

Գեղամյանը բացահայտեց «ՀՀՇ-ի ականջները» Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման եկած Արտաշես Գեղամյանը երեկ անընդմեջ խոսեց 45 րոպե։ Իր խոսքն ամբողջությամբ «Արդարություն» դաշինքին էր նվիրված։ Պրն Գեղամյանը դեռեւս Գյումրիում էր օրերս խոսել ՀՀՇ-ի եւ «Արդարություն» դաշինքի կապի մասին։ «Հակաճգնաժամային ծրագրի» հեղինակը Դավիթաշենում խորացրեց իր թեզերը. «Ազգային միաբանությունը», որը 12 տարի անընդմեջ ամենահետեւողական քննադատությանն է ենթարկում նույն ՀՀՇ-ական հանցավոր իշխանություններին, հիմա կանգնի այն մարդկանց կողքը, ովքեր, բնականաբար, քողարկված ՀՀՇ-ականնե՞ր են։ Դարձյալ պնդումներս մերկապարանոց չհնչելու համար ասեմ հետեւյալի մասին. ինչպե՞ս կարող է «Ազգային միաբանությունը» եւ Արտաշես Գեղամյանը կանգնել այն ուժի կողքին, որի նախընտրական շտաբի պետը բոլորիս ոչ անհայտ Ստեփան Զաքարյանն է, մարդ, որը 91-95 մղձավանջային տարիների ընթացքում հանդիսանալով Վանո Սիրադեղյանի ամենամտերիմ ընկերը, զբաղեցրել է Հայաստանի Ռադիոկոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, այսինքն՝ ամենավստահելի եւ հավատարիմ մարդն է եղել տերպետրոսյանական իշխանությունների։ (Ճշտենք, որ Ս. Զաքարյանը հիշյալ պաշտոնն էր զբաղեցնում 1993-1996 թվականներին, որից հետո հեռացվել էր աշխատանքից Տեր-Պետրոսյանի պնդմամբ.- Մ. Ե.)։ Դա ճիշտ այն տարիներն էին, երբ մենք բոլորս մթին ու ցրտին սառչում էինք, երբ գիշերային, սավաններով թաղումներ էին անում մարդիկ, իսկ եթե դիտում էիր հեռուստացույցը կամ լսում էիր ռադիոն, ապա Հայաստանը հիշեցնում էր Շվեյցարիա։ Ահա այս մարդն է։ Եթե ես գնամ եւ իրենց կողքը կանգնեմ, ապա ի՞նչ կասեք դուք, մի՞թե չեք մեղադրի ինձ եւ իմ ընկերներին, որ մենք անհետեւողական ենք»։ Ա. Գեղամյանին լսող բազմությունը որեւէ կերպ չարձագանքեց այս հարցին։ Ա. Գեղամյանի հաջորդ «մեխը». «ոչ մի կուսակցություն, բացի «Ազգային միաբանությունից», չի պահանջում իշխանություններից, որ տպագրեն 17 բարձրաստիճան այն պաշտոնյաների ցուցակը, որոնք 99-ի ամռանը Ալբերտ Գորի կողմից հանձնվել էին Վազգեն Սարգսյանին»։ Խոսքն այն լուրերի մասին է, ըստ որոնց, ԱՄՆ փոխնախագահն իբր փոխանցել է ՀՀ վարչապետին մեր կոռումպացված պաշտոնյաների ցուցակը։ Ըստ Ա. Գեղամյանի՝ ցուցակը չի հրապարակվում, որովհետեւ այդ ցուցակի մեջ «երկու կողմերն էլ իրենց հարազատների ազգանունները կկարդան։ Երբ այս մասին հրապարակայնորեն ասում ես, ապա հայտնվում ես կրակահերթերի մեջ՝ ձախից կրակում, աջից կրակում»։ Շարունակությունը հետեւյալն է՝ Ա. Գեղամյանին երբ իշխանությունները մեղադրում էին Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ՝ «ոչ մի կուսակցություն չպաշտպանեց Գեղամյանին. չէ՞ որ իրենցից շատերը 100 տոկոսով գիտեին, որ Գեղամյանն անմասն է այդ հանցագործությունից»։ Պրն Գեղամյանը նաեւ հորդորեց «ընկերներին, որ հանգիստ մնան, խելոք մնան։ 143 բնակավայր ենք գնացել, բոլոր տեղերում գաղտագողի, անամոթաբար ասում են՝ Գեղամյանը Քոչարյանի հետ լեզու է գտել, Սերժն էլ Գեղամյանի քավորն է, ահա սա է իրենց ասածը։ Ես ասում եմ՝ դուք սպանությունների մեջ եք մեղադրվում, ինձ ասում են՝ քավորդ ա»։ Պրն Գեղամյանը չմանրամասնեց սակայն, թե որ սպանություններն են իրականացրել «Արդարություն» դաշինքի անդամները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել